«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2012-04-05 | #62, 2012-04-06 | #63, 2012-04-07


ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՕԳՆԵԼՈՒ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ», ԵՎ ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐԸ»

Կուսակցությունն այս գործում է արդեն 12 տարի, մասնակցել է մի քանի համապետական ընտրությունների, այդ թվում` նախորդ նախագահականին, ու ըստ կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի ` «իրականում հավաքել է 4,1 տոկոս ձայն»: Այսինքն` «Միավորված հայերը» քաղաքական փորձ ունեցող գործիչների, կարելի է անգամ ասել` թրծված կուսակցություն է, եւ ի՞նչ, որ հասարակական լայն շերտեր այս կուսակցության անունն առաջին անգամ են լսում կամ դեռ լսելու են:

Մի դիտարկում եւս կուսակցության անվանման վերաբերյալ` «Միավորված հայեր», այսինքն` ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում միավորված հայեր չե՞ն...

Դառնանք, սակայն «Երրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր» կարգախոսին, որով «Միավորված հայերը» գնում են խորհրդարան:

«Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ճշմարիտ, սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետություն: Երբ փողի իշխանությունը իր տեղը կզիջի օրենքի իշխանության առջեւ», իրենց կուսակցական նպատակը մանրամասնում է կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը: Այստեղ նկատենք, որ չկա Հայաստանում մի քաղաքական ուժ, որի նպատակը հենց սրան հասնելը չլինի: Ավելին, օրինակ, ՕԵԿ-ը եւս ցանկանում ու ձգտում է Հայաստանում տիրապետող դարձնել հատկապես «օրենքի իշխանությունը»: Բայց արի ու տես, որ ՕԵԿ-ը իշխանամետ ուժ է, իսկ «Միավորված հայերը»` պետականամետ. «Հայաստանի քաղաքական ուժերին մենք բաժանում ենք երեք խմբի` իշխանամետ, ընդդիմադիր ու պետականամետ», ասում է Ավագյանն ու ընդգծում. «Պետականամետ ուժը, ինչպիսին միայն մենք ենք մնացել, ազգի ապագան է»: Եթե պետականամետ ուժն է իրոք մեր ազգի ապագան ու եթե իրապես «Միավորված հայեր» կուսակցությունը մենակ է մնացել որպես այդպիսի ուժ, ապա ստացվում է, որ մեր ազգի ապագան կառուցվելու է 20 տոկոս գիտնականների, 70 տոկոս իրավաբանների, 10 տոկոս տնտեսագետների միջոցով, ընդամենը... Ինչո՞ւ, որովհետեւ «Միավորված հայեր» կուսակցության համամասնական ցուցակում ներկայացված են միայն այս մասնագիտություն-կոչումները եւ հենց այս համամասնությամբ: Այս նույն ցուցակի 40 տոկոսը կանայք են, 70 տոկոսը` երիտասարդներ: Ի դեպ, երեկվա ասուլիսին «Միավորված հայեր» կուսակցությունը ներկայացել էր իր 4 անդամներով, չորսն էլ միջինից բարձր տարիքի տղամարդիկ, սա` իմիջիայլոց... Այդուհանդերձ Ռուբեն Ավագյանը նշում է. «Մենք համոզված ենք, որ լինելու ենք ԱԺ-ում»: Շատ լավ, բայց ավելի ուշ նույն Ավագյանը պետք է ասի. «Մեր նպատակը տոկոսները չեն, մեր նպատակը ժողովրդի հավատը վերականգնելն է», սա էլ բավական չէ, պետք է հավելի. «Եթե ժողովուրդը հավատա իր ապագային, ապա մեր տոկոսներն էլ բարձր կլինեն», ժողովրդի ապագան, հիշում ենք, պետականամետ, երրորդ ուժ «Միավորված հայերն» են, որի համար, այդպես էլ չհասկացանք, հիմա տոկոսները կարեւո՞ր են, թե՞ ոչ:

Ինչեւէ, Ռուբեն Ավագյանն առաջարկում է հատկապես իրենց ընտրել, որպեսզի «վերանա վերեւում իշխանական խավարը, ներքեւում` խավարի իշխանությունը»: Իսկ նախընտրական այս հատվածում «Միավորված հայերը» անիմաստ են համարում միանալ 4 քաղաքական ուժերի (ԲՀԿ, ՀՅԴ,«Ժառանգություն», ՀԱԿ) համաձայնագրին` միասնական շտաբ ձեւավորելու առնչությամբ, ինչը պետք է վերահսկի ընտրությունների ընթացքը: «Այսօրվա օրենսդրությունը թույլ է տալիս, որ ընտրություններն անցկացվեն արդար, մենք էլ անիմաստ ենք համարում լրացուցիչ շտաբի ձեւավորումը, սակայն ապօրինության մասին մենք ահազանգելու ենք ու, լինելով պետականամետ ուժ, պատրաստ ենք համագործակցել ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ուժերի հետ»: Կբավարարե՞ն արդյոք «Միավորված հայերի» ունեցած ռեսուրսները` ինքնուրույն վերահսկելու ընտրությունների ընթացքը, պարզվում է, որ «այո». «Ես ունեմ 15 տարվա իրավաբան-տնտեսագետ շրջանավարտներ, որոնք մեծ սիրով ուզում են օգնել մեզ: Մենք ունենք 500 վստահված անձ», ասաց Ռուբեն Ավագյանը: Իսկ ինչո՞ւ են Ավագյանի նախկին ուսանողները ցանկանում «մեծ սիրով օգնել» Ավագյանի կուսակցությանը. որովհետեւ «Միավորված հայերի» անդա՞մ են, թե՞ որովհետեւ Հայաստանում քաղաքականությունը, քաղաքական հարաբերությունները եւ գործընթացները, անգամ «երրորդ ուժերի» մեջ մտերիմ-ծանոթ-բարեկամ-ընկեր մարդկային հարաբերությունների տիրույթում են:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4