«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2012-04-06 | #63, 2012-04-07 | #64, 2012-04-10


Ի՞ՆՉ Է «ԱԿՆԱՐԿՈՒՄ» ԱԴՐԲԵՋԱՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ապրիլի 6-ին Գյանջայում Ադրբեջանի ԱԱ նախարարության հատուկ ստորաբաժանումն առաջին անգամ հանդիպել է մահապարտ ահաբեկչի, որը նռնակի պայթյունով ոչնչացրել է իրեն եւ ԱԱՆ փոխգնդապետի: Նույն օրը տարածվել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի տարբեր քաղաքներում եւ այլուր ձերբակալվել են «ապօրինի զինված խմբավորման 17 անդամներ»:

Հարցը մեզ անհետաքրքիր կլիներ, եթե այդ ամենը տեղի չունենար մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրում: Ադրբեջանական մամուլի որոշ ակնարկների համաձայն, «ապօրինի զինված խմբավորման անդամները կապ են ունեցել չեչենական ընդհատակի հետ»: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում մեծապես օգտվել է չեչեն դաշտային հրամանատարների ծառայությունից, իսկ 1993-94 թթ. ձեռնարկած խոշորածավալ նախահարձակմանն աֆղան մոջահեդների մասնակցությունը հաստատված իրողություն է:

Այս իմաստով ուշագրավ է Pat.az տեղեկատվական կայքի մի հրապարակումը /տես`http://pat.az/ manset/manset-2/239-tzhrtzhr-dcra-baegsnn-vzhhabd-sevgdsd.html/: Այնտեղ ասված է, որ «Ադրբեջանում վահաբիտները բավական լայն կապեր ունեն»: Ընդհանրական բնույթի մի քանի ընդգծումներից հետո լրատվամիջոցը մասնավորեցնում է դիտարկումը. «Թարթառի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ջեյհուն Գաֆարովը վահաբիտների հետ համատեղ բիզնեսներ ունի»:

Ըստ այդմ, Ջեյհուն Գաֆարովի մերձավորները վահաբիտների հետ «շրջանում ստեղծել են ֆերմերական տնտեսություններ, որոնցում աշխատանքի են ներգրավվում փախստականներ»: Ադրբեջանական մամուլի նախկին հրապարակումներից հայտնի է, որ Թարթառում բնակություն են հաստատել նախկին Քելբաջարի շրջանի բնակիչներ: Ադրբեջանում ընդունված վարչական բաժանման համաձայն ԼՂՀ Մարտակերտի շրջանի` 1992 թվականից ի վեր օկուպացիայի տակ գտնվող տարածքը, որ ներառում է Մարաղա, Մարգուշավան, Վերին եւ Ներքին Չայլու, Հասանղայա, Լեւոնարխ, Կարմիրավան, մասամբ` Սեյսուլան գյուղերը, ներառված է Թարթառի շրջանում:

Կարելի է վստահաբար պնդել, որ հենց այդ տարածքում էլ ապրում են նախկին քելբաջարցիները եւ այդտեղ է, որ Ջեյհուն Գաֆարովը վահաբիտների միջոցով «ֆերմերային տնտեսություններ ստեղծել»: Սա ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծին անմիջապես հարող տարածք է: Եվ հատկապես այս ուղղությամբ է, որ ադրբեջանական կողմից վերջին տարիներին ձեռնարկվել են մի շարք դիվերսիոն-ահաբեկչական բնույթի գործողություններ:

Նկատի ունենալով մարտական գործողությունների փուլում ադրբեջանական իշխանությունների եւ իսլամական խմբավորումների համագործակցության փաստերը, կարելի է վստահաբար ենթադրել, որ պաշտոնական Բաքուն ԼՂՀ զորքերի հետ շփման գծի առնվազն Թարթառ-Մարտակերտ հատվածում «ֆերմերային տնտեսությունների» անվան տակ կազմավորել է ահաբեկչական զինված խմբավորումների ճամբարներ: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանցի «զինվորական փորձագետները» խոսել են Լեռնային Ղարաբաղի դեմ «պարտիզանական-դիվերսիոն գործողությունների անհրաժեշտության մասին»:

«Թարթառի շրջանում» նման խմբավորումների, այն էլ` գործադիր իշխանության ղեկավարի, այսինքն` Իլհամ Ալիեւի անմիջական ենթակայության պաշտոնյայի, հովանու ներքո ստեղծումը շատ պարզ բացատրություն ունի. Մարտակերտի շրջանում են գտնվում ԼՂՀ ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ: Վերջին տարիներին Արցախի կառավարությունը բավական հաջողված էներգետիկ ծրագրեր է կյանքի կոչել` կառուցելով հէկ-երի ցանց: Տրամաբանական է, որ դա ադրբեջանական կողմին խստորեն անհանգստացնում է:

Այս համատեքստում չպետք է բացառել, որ Ադրբեջանը մտադրություն ունի ԼՂՀ-ի դեմ դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնել եւ հենակետ է ընտրել Մարտակերտի շրջանի օկուպացված հատվածը: Սա շատ լուրջ խնդիր է: Թերեւս ժամանակն է, որ միջազգային հանրությունը տեղեկացվի այն վտանգի մասին, որ ադրբեջանական մամուլի կողմից ակնարկված իրողություն է:

Հնարավոր է` ասվածը միայն ենթադրություն է: Բայց հարաբերությունների կատարյալ բացակայության պայմաններում, մանավանդ` հարեւան երկրից ամեն ժամ հնչող սպառնալիքների նկատառմամբ, տեղեկատվական ամեն մի «արտահոսք», կարծում ենք, արժանի է ոչ միայն ուշադրության, այլեւ` բազմակողմանի վերլուծության:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4