Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (ՆԱԱՍՐ) բելմոնտյան (Մասաչուսեթս) կենտրոնում ապրիլի 13-ին «Թվայնացման հեղափոխությունը: Հայոց ցեղասպանությունը վերապրողների վկայությունները եւ Շոայի տեսողական պատմության արխիվը» վերնագրով թեմայով դասախոսությամբ հանդես է գալու ճանաչված ֆիլմարտադրող, դոկտ. Կառլա Կարապետյանը, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Կարապետյանը ներկաներին իրազեկելու է, թե ինչպես Շոա հիմնադրամ-ինստիտուտի տեսողական պատմության արխիվի աշխատակիցների շնորհակալ ջանքերի շնորհիվ թվայնացվում են եւ աշխարհի տարբեր երկրներում գտնվող համալսարաններին ուղարկվում Հայոց մեծ եղեռնից մազապուրծների վկայությունները:
Շոա հիմնադրամ-ինստիտուտի հիմնադիրն է ականավոր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: Ինստիտուտը Հոլոքոսթը վերապրածների 52 հազար վկայություններ ունի տեսագրված եւ այժմ ձեռնամուխ է եղել այլ, այլ թվում հայերի, ցեղասպանությունների վկայությունների տեսագրմանն ու թվայնացմանը:
Թվայնացման առաջին խմբաքանակի մեջ ներառվելու են դոկտ. Ջ. Մայքլ Հակոբյանի նկարահանած 400 հարցազրույցները:
Դոկտ. Կառլա Կարապետյանը «Ճչացողները» (Screamers) աղմուկ հանած ֆիլմի ռեժիսորն է եւ թվայնացման ջանքերի ծրագրի ղեկավարը: Դասախոսության ընթացքում նա անդրադառնալու է իր աշխատանքի ինչպես դժվարություններին, այնպես էլՙ ձեռքբերումներին:
Կարապետյանը միջազգային հարաբերությունների գծով դոկտորական է պաշտպանել Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության վարժարանում: Արժանացել է Արմին Վեգների անվան մարդասիրական, ՀԲԸՄ-ի «Հաջորդ սերնդի համայնքային հերոսի» եւ Երեւանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կլարա Բարտոնի անվան երախտագիտության մեդալների:
Հ. Ծ.