ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հարեւան երկիրն իր կազմակերպած բոլոր միջոցառումներին «միջազգայինի կարգավիճակ» է տալիս: Իլհամ Ալիեւն օրերս Բուդապեշտ էր գործուղել իր աշխատակազմում տեղեկատվության եւ քարոզչության հարցերով պատասխանատու Էլնուր Ասլանովին, որպեսզի անցկացնի «Ես երիտասարդ դեսպան եմ» խորհրդաժողովը: Ու թեեւ մասնակցել են միայն եվրոպական երկրներում ուսումնառություն անցնող ադրբեջանցի մի խումբ երիտասարդներ, միեւնույն է, դա «միջազգային» էր: Ինչ կարող ես անել, մարդիկ տառապում են «ճանաչելիության» ախտով եւ ամենաչնչին դեպքն իսկ դարձնում են «վճռորոշ իրադարձություն»:
Վերադառնալով Բաքու, Ասլանովը հարկ է համարել բացատրել, թե ինչ նպատակով էր գումարվել «միջազգային խորհրդաժողովը»: Պարզվում է, երիտասարդներ ուղարկելով արտասահման, Ադրբեջանի իշխող վարչախումբը նրանցից ոչ թե գիտելիքներ եւ ապագա մասնագիտական գործունեություն, այլ ընդամենը «քարոզչական աշխատանք» է ակնկալում: Էլնուր Ասլանովն ասում է, որ Բուդապեշտի միջոցառումը նվիրված է եղել «բացառապես ղարաբաղյան խնդրին»: Իսկ գլխավոր պահանջը, որ նա Իլհամ Ալիեւի անունից փոխանցել է ադրբեջանցի ուսանողներին, այն է, որ նրանցից յուրաքանչյուրը «պետք է մտածի, թե ինչ կարող է անել ինքը Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» (չակերտները մերն են - Վ. Ա.) համար»:
Տեսնո՞ւմ եք, եվրոպական երկրում կրթություն ստանալու անվան տակ գործուղված երիտասարդներից իշխանությունը պահանջում է զօրուգիշեր մտածել Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» մասին: Եվ քանի որ «կարիք կա միջազգային հանրությանը ներկայացնելու ճշմարտությունը», Ասլանովն ադրբեջանցի ուսանողներին հորդորել է «հաշվի առնել ամեն մի երկրի առանձնահատկությունները եւ ըստ այդմ լոբբիստական աշխատանք ծավալել»:
Երեւի միջազգային պրակտիկայում սա նախադեպը չունի: Ամեն մի երկիր միջազգային հանրության հետ համագործակցում եւ իր շահերը պաշտպանում է պաշտոնական կառույցների` դիվանագիտական, առեւտրական, մշակութային ներկայացուցչությունների միջոցով: Իսկ Ադրբեջանում, ահա, ծրագրել են պատրաստել քարոզչական ճակատի «կամիկաձեներ», երիտասարդներ, որոնք Բաքվից ստացված հրահանգի համաձայն կարող են եվրոպական երկրների մայրաքաղաքներում ցույցեր, պիկետներ անել, գոռալ, բղավել, կուրծք ծեծել...
Հանուն ինչի՞: Ի՞նչ «ճշմարտություն» պիտի նրանք ներկայացնեն: Մի՞թե Եվրոպան դրա կարիքն ունի:
Այդ ո՞ր եվրոպական երկիրն է, որ տեղյակ չէ, թե ինչպիսի իրավիճակ է Ադրբեջանում, եվրոպական ո՞ր առաջնորդն է, որ Իլհամ Ալիեւին կոռումպացված բռնապետ չի համարում: Ո՞ւմ հայտնի չէ, թե ինչպես է սկսվել պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Բայց եթե նույնիսկ ինչ-որ բան ասելու կարիք կա, ապա ինչո՞ւ երիտասարդներին տված «մի կտոր հացի» դիմաց նրանց խեղկատակ դարձնել: Մի՞թե «նորին բռնապետական մեծությունը» չի կարողանում եվրոպացի իր կոլեգաների հետ լեզու գտնել: Թե՞ նրան չեն լսում, երբ խնդիրը գազից անցնում է քաղաքական թեմաների:
Երեւի այդպես էլ կա: Բայց ի՞նչ երաշխիք, որ ադրբեջանցի ուսանողներին կլսեն: Փաստը, որ նրանց լոբբիստական աշխատանքների է նպատակաուղղում նախագահի աշխատակազմը, ինքնին ստվերում է նրանց ներկա եւ գալիք գործունեությունը: Քանի որ ակնհայտ է վարձահրավիրվածության հանգամանքը: Դա արդեն ողբերգություն է` սեփական երիտասարդությանը վճարել, որպեսզի նա «հայրենասեր լինի՞»:
Ըստ երեւույթին, նավթադոլարներն այնքան են փչացրել իշխանություններին, որ նրանք ամեն ինչ եւ բոլորին սկսել են չափել իրենց արշինով: Ահա եւ ստացվում է, որ նրանք «Ղարաբաղ» են գոռում, որպեսզի հարստանան, ունեցածից մի բան երիտասարդությանն են տալիս, որպեսզի նա վերցնի հերթափոխը: Իրենք հոգնել են, եկել է «Ղարաբաղ» գոռալու երիտասարդության հերթը:
Է՜, թող ինչքան ուզում են` կոկորդ պատռեն: Մեզ համար ավելի լավ: Չէ՞ որ այդ կերպ նրանք ոչինչ չեն սովորում, իրենց ժամանակն իզուր վատնում են: Մեկ-երկու` եվրոպացիները կձանձրանան «քսան տոկոս օկուպացված տարածքների եւ մեկ միլիոն փախստականների» թեմայից: Աշխարհում «եղունգ ունես` գլուխդ քորիր» սկզբունքով են ապրում, եւ եվրոպացիներին հուզում են միայն սեփական խնդիրները: