«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2012-04-07 | #64, 2012-04-10 | #65, 2012-04-11


«ՄՈՍՍԱԴԸ» ԲԱՔՎՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամերիկյան մամուլը բավականին հետաքրքրական ժամանակահատվածում եւ առավել յուրօրինակ համատեքստում ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն Իրանի հարցն ու դրան առնչվող զարգացումները, այլեւ Ադրբեջանի հնարավոր դերակատարությունն ու այդ երկրից դրսի ուժերի ակնկալիքները:

«The Washington Times» պարբերականում Անվտանգության քաղաքականության ամերիկյան կենտրոնի նախագահ Ֆրանկ Գաֆնեյն անդրադարձել է «Foreign Policy» պարբերականում Մարկ Փերրիի հրատարակած հոդվածներից մեկին: «Ազգը» գրել է հոդվածի մասին, որում ամերիկյան որոշ դիվանագետների եւ ռազմական հետախուզության աշխատակիցների տվյալների հիման վրա Փերրին տեղեկացնում է Ադրբեջանում Իսրայելի կողմից թռիչքուղու ձեռքբերման մասին:

Փերրիի տեղեկություններին Գաֆնեյը «դժվարանում է» հավատալ, թեեւ նշում է, որ ամեն ինչ էլ կարող է պատահել: Այդ դեպքում հետաքրքրականն այն է, որ այդ տեղեկությունների ճիշտ լինելու դեպքում նման գաղտնազերծումը հաստատապես արվել է դիտավորությամբ, ընդ որում, այս «արտահոսքն», ըստ Գաֆնեյի, պետք է «օգներ Օբամային նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին», ինչն, ըստ էության, հաջողվել է: Ադրբեջանն էլ այս ամենից հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ ստիպված աջուձախ հերքում է Իսրայելի հետ Իրանի դեմ համագործակցությունը:

Մինչդեռ ամերիկյան մեկ այլ լրատվամիջոց, այս անգամ «MSNBC» հեռուստաալիքը, ի դեմս փորձագետ-վերլուծաբան Ալաստար Ջեյմիսոնի, աշխարհի առաջատար փորձագետների կարծիքների ու գնահատականների ներկայացմամբ, անդրադարձել է Ադրբեջանում Իսրայելի հատուկ ծառայությունների` «Մոսսադի» ազատ գործունեությանն ընդդեմ Իրանի` հետաքրքրական ու դիպուկ մակդիրներով ընդհանրապես ներկայացնելով Ադրբեջանը. աշխարհիկ միապետություն, նավթաերկիր եւ այլն, ինչի նկատմամբ Արեւմուտքն առայժմ աչք է փակում` հաշվի առնելով Իրանի նկատմամբ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Հենվելով վերլուծաբանների եւ սեփական աղբյուրների վրա` լրատվամիջոցը նախ բավականին հավաստի է ներկայացնում այն հանգամանքը, որ իսրայելական հատուկ ծառայությունները ոչ միայն գործում են Ադրբեջանում ամենայն ազատությամբ, այլեւ Բաքվում դրա համար լայն հնարավորություններ են ստեղծել:

Այսինքն` հակաիրանական գործունեության մեջ ու նման նպատակ հետապնդող նախաձեռնություններում Ադրբեջանի բոլոր հերքումները առնվազն սուտ են, հատկապես որ, մի կողմից, իսրայելական հատուկ ուժերի համար Ադրբեջանում ստեղծված են նպաստավոր պայմաններ, մյուս կողմից` Ադրբեջանն ինքն է ներքաշված Իրանի հետ խնդրահարույց հարցերի ու տարբեր միջադեպերի քննարկումներում, որոնք մեկ ի հայտ են գալիս որպես լրտեսական սկանդալներ, մեկՙ կրոնական բռնություններ, մեկՙ Իրանի դեմ ահռելի քանակությամբ զենքի ձեռքբերում:

Ինչպիսի արձագանք էլ այս տեղեկություններին հնչի ինչպես Իրանից, այնպես էլ Ադրբեջանից, ակնհայտ է, որ Ադրբեջանն իսկապես հայտնվել է մի իրավիճակում, երբ այդ երկրի տարածքն Իրանի դեմ օգտագործելու հավանականությունն ամենամեծն ու ըստ էության օգտագործումն էլ ամենաշահավետը կարող է լինել հակաիրանական նպատակներ ունեցողների համար, չնայած այս ամենը արդիական ու թեժ կմնա մինչեւ ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններ: Դրանցից հետո, վերընտրվելու ցանկություն եւ նպատակ ունեցող Բարաք Օբամայի ձեռքերը, ինչպես ինքն էր «գաղտնի» խոստովանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, ազատ կլինեն` նաեւ Իրանի առումով փոփոխություններ ներմուծելու համատեքստում:

Իսկ Ադրբեջանը բավականին շատ խորհելու տեղ ունի, թե որքանով է նպատակահարմար դառնալ Իրանի դեմ բոլոր քայլերի թատերաբեմ, հատկապես այնպիսի մի յուրօրինակ «դաշնակցի» հետ, ինչպիսին Իսրայելն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4