Աշոտ Մանուչարյանը վերջերս սրտնեղեց, թե ինչո՞ւ քաղաքական կուսակցությունները իրենց համամասնական ցուցակներում չեն ընդգրկել վերջին ժամանակներում մեծ ակտիվություն ցուցաբերող բնապահպան երիտասարդ ակտիվիստներին: «Երկրում նկատվում է երիտասարդական ապստամբություն», ասել էր «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը: Սակայն նույն այս բնապահպան ակտիվիստներին օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անվանեց` «ճպուռ», ու մենք այդպես էլ չհասկացանքՙ ո՞վ է մեր երիտասարդությունը, պատգամավոր, ազգի ընտրյալ դառնալ պատրաստվող ըմբոստ-ապստա՞մբ, թե՞ մեծերի գործերի մեջ «քիթը խոթող» ճպուռների խումբ: Միեւնույն ժամանակ, մենք չհասկացանք նաեւ, թե արդյոք միայն բնապահպան երիտասարդնե՞րն են, որ արժանի են ազգընտիր լինելու, ու մի՞թե հենց նրանք ենք մարմնավորում այսօրվա հայ երիտասարդությանը` որպես քաղաքացիական ակտիվ շերտ:
Իհարկե ոչ: Ոչ, որովհետեւ, մենք բազմաթիվ երիտասարդներ ունենք, որոնք չեն էլ ուզում, որ իրենց մասին խոսելիս մենք ասենք` «մեր երիտասարդները», իսկ չեն ուզում, ու հենց այդ չուզենալու պատճառով էլ արտասահմանում են` անհամբեր սպասելով, թե ե՞րբ պետք է լրանա իրենց 27 տարին, որ վերադառնանՙ նորից Ռուսաստան-արտերկիր գնալու նախապայմանով: Բազմաթիվ երիտասարդներ էլ ունենք, որոնք երբ գալիս են Հայաստան, ասենք, համահայկական հերթական խաղերին մասնակցելու, օրինակ` կանադական Մոնրեալից, հետո «վերադառնում են» Մոնրեալ, այլ ոչ թե իրենց համարում են Մոնրեալից վերադարձած: Մեղադրե՞լ, անշուշտ ոչ, քանի որ ոչ ոք չի կարող մեղադրել մեկին, որն իր հայրենիքն ու տունն է համարում այն երկիրը, քաղաքը, բակն ու ծառերը, որոնք նրա կողքին են հենց ծննդյան պահից:
Էլի ունենք երիտասարդներ, որոնք երջանիկ են հենց միայն այն մտքից, որ մեքենա են քշում, որ լավ են հագնվում, որ «պրոբլեմ չունեն` միլիցեքի հետ», որ ամեն ինչ իրենց ասելով է լինում: Ունենք նաեւ այնպիսի երիտասարդներ, որոնք տեսնում են վերոհիշյալներին ու հիասթափվում... իրենց երկրից, քաղաքից, բակից... ու ծառից:
Ուսանողներ էլ ունենք, այդ տարիքում կարիքից դրդված չնչին աշխատավարձով աշխատողներ էլ ունենք, արտասահմանյան բուհերում ոչ միայն սովորող այլեւ առաջադեմ սովորող ուսանողներ էլ ունենք, նախաձեռնող, տաղանդավոր, աշխույժներ էլ ունենք, եւ ունենք զինվորներ, բանակ էլ ունենք: Հետեւաբար, երիտասարդությունը, եթե ճպուռ է, ապա ինչպե՞ս է արդեն քսան տարի անվտանգ պահում մեր երկիրը: Միեւնույն ժամանակ, ինչպե՞ս է երիտասարդությունն ըմբոստ-ապստամբ, եթե ազգային-պահպանողական ՀՀԿ-ն ամենամեծ երիտասադրական թեւն ունի` վերջերս համալրված եւս շուրջ 500 երիտասարդներով:
Իսկ կուսակցական ցուցակներում երիտասարդներ կան, այլ հարց է` ովքե՞ր են, որպես ի՞նչ են, ինչո՞ւ են... բայց կան: Քանի որ եթե մենք ուզում ենք պետությունը փոխել, ոչ երկիրը, առավել եւս` ոչ հայրենիքը, այլ` պետությունը փոխել, ու այն շարունակ չի փոխվում, ուրեմն փոփոխողներին է նախ անհրաժեշտ փոխել: Թեկուզ ոչ թե փոփոխողներին` որպես անձերի, այլ` որպես գաղափարախոսություն, մտածելակերպ... Իսկ երիտասարդներ ունենք, որոնց ընդամենը մի մասն է ցանկանում ապամոնտաժել Մաշտոցի այգում տեղադրված կրպակները, ու պայքարում էր հանուն Թեղուտի:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ