«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2012-04-07 | #64, 2012-04-10 | #65, 2012-04-11


«ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՑ. ՀԱՅԵՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԸ»

Արցախյան իրողությունների ու իրադարձությունների ժամանակագրությունը ներկայացնող «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանը երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց նոր` «Հայացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գիրքը, որտեղ ներկայացրել է արդեն հայ-թուրքական հարաբերություններն ու շփումները` ժամանակագրական տարբեր հատվածների իրողություններով:

Շնորհակալություն հայտնելով գրքի հրատակարման գործում բոլոր աջակիցներին` Հակոբյանը նշեց, որ աշխատանքներն, ընդ որում, առաջին գրքի հետ միասին, սկսել է դեռեւս 8 տարի առաջ, երբ աշխատում էր «Ազգ» օրաթերթում:

Հայ-թուրքական հարաբերությունները ներկայացնող այս գրքում Հակոբյանը նախ ներկայացնում է 1918-1923 թթ. ժամանակահատվածը` որպես հարաբերություններ Հայաստանի առաջին հանրապետության եւ Օսմանյան կայսրության միջեւ: Եվս մեկ խոշոր բաժնով առանձնացվել են այսպես կոչված սառը պատերազմի տարիները, երբ Հայաստանը խորհրդային էր: Այս ժամանակաշրջանի համար Հակոբյանը հետաքրքրական հանգամանքներ է ներկայացրել գրքում, օրինակ, որ, ասենք, 1923-ին Երեւանում դեռեւս գործում էր Թուրքիայի դեսպանատուն:

Գրքի վերջին հատվածը նվիրված է 1988-ից այս կողմ ընկած արդեն անկախ Հայաստանի հարաբերություններին Թուրքիայի հետ:

«Ազգը» տեղեկացրել է, որ գիրքն արդեն ներկայացվել էր Բեյրութում` արեւմտահայերենով, իսկ Երեւանում ներկայացվեց արեւելահայերեն տարբերակը: Գիրքը գրական հայերենի երկու ճյուղերով միասին հրատարակվել է 3000 տպաքանակով եւ հասանելի է Երեւանի գրախանութներում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4