Գրողների համահայկական համաժողովըՙ Հայաստանի եւ Սփյուռքի գրողների մասնակցությամբ, կազմակերպվում է երկամյա պարբերությամբ: 2002 թ. Երեւանում բացված առաջին համաժողովին հետեւեց եւս հինգը: 2008-ին Բեյրութում կայացած 4-րդ համաժողովից բացի, մնացածները անցել են Հայաստանում: Հերթականը տեղի կունենա այս ամիսՙ Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու տոնակատարության բացման օրերին, ապրիլի 19-25-ը: Այսբնույթ համաժողովները կոչված են Հայաստանի եւ արտերկրի հայ գրողների միջեւ ավելի գործուն հարաբերությունների սերտացմանը, նոր ծրագրերի, նոր գաղափարներիՙ ավելի լայն հնարավորությունների, երբ ստեղծվում է համահայկական գրական ընդհանուր դաշտ, որը հետագայում արդյունավորվում է համատեղ ծրագրերի իրագործմամբ, հիմնականումՙ հրատարակչական:
Այս տարի Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Գերմանիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Կանադայից, Լիբանանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Իսրայելից, Սիրիայից, Ռումինիայից շուրջ 50 գրող կժամանի Երեւանՙ մասնակցելու 6-րդ համաժողովին. բացումը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ապրիլի 20-ին, որից հետո նախատեսված է այցելություն Մայր աթոռ Սբ Էջմիածին եւ Օշական: Հաջորդ օրը Նկարչի տանը` «Էդիտ-Պրինտի» եւ Հրատարակիչների հայկական ասոցիացիայի կազմակերպությամբՙ Հայ գրքի ցուցահանդես-տոնավաճառի բացում, որից հետո «Հայ գրքի ճանապարհը. հիմնախնդիրներ եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներ» գիտաժողովը Երեւանում, որը նույն օրը կշարունակվի Ծաղկաձորում, լիագումար նիստով: Ապրիլի 22-ին` մասնակցություն Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման տոնակատարության բացմանը, ապաՙ Մատենադարանում կայանալիք «Արդի հայ գիրքը աշխարհի մայրաքաղաքներում» գիտաժողովին:
Երեկոյան Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդ բանաստեղծների ասմունք Վահան Տերյանի արձանի մոտ: Ապրիլի 23-ին սփյուռքահայ գրողները հանդիպում կունենան բուհական ուսանողնության եւ դպրոցների աշակերտության հետ, իսկ Ծաղկաձորում կկայանա «Արդի հայ երիտասարդ բանաստեղծները» անթոլոգիայի եւ «Հայոց լեզու» գրքի շնորհանդեսը: Աշխատանքային վերջին օրըՙ ապրիլի 24-ին այցելությունՙ Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի նահատակների հուշահամալիր:
Մ. Բ.