«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2012-04-10 | #65, 2012-04-11 | #66, 2012-04-12


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ` ՀԱՄԵՄՎԱԾ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՎ

Ինչպես Էրեբունիում եւ Նուբարաշենում, այնպես էլ երեկ Արմավիրի մարզում նախագահ Սարգսյանին ՀՀԿ-ի նախընտրական արշավում հայտնի հանրապետականներից ոչ ոք չէր ուղեկցում: Օրինակՙ Հովիկ Աբրահամյանը, որը ՀՀԿ նախընտրական շտաբի պետն է, Սերժ Սարգսյանի կողքին չէր անցած երկու օրերին Հանրապետականի նախընտրական հանդիպումների ընթացքում:

Իսկ թե ինչո՞ւ էր ՀՀԿ-ն ընտրել Արմավիրի մարզը որպես իր առաջին մարզային «կանգառ», Արմավիր քաղաքում պարզաբանեց նախագահ Սարգսյանը . «Որովհետեւ Արմավիրի մարզը մեր առաջատար մարզն է, որովհետեւ Արմավիրի մարզը մեր` տարածքով ամենափոքր, իսկ բնակչությամբ ամենամեծ մարզն է»: Ի դեպ, Էրեբունին էլ Երեւանի բնակչությամբ ամենամեծ համայնքն է, հետեւաբար, ՀՀԿ-ն, թերեւս մայրաքաղաքում էլ, մարզերում էլ «խոսել սկսեց» հենց ամենամեծ բնակչություններ ունեցող բնակավայրերի հետ:

Քարոզարշավ

Նախագահի երեկվա այցը Արմավիրի մարզ բաժանենք երկու մասի, չնայած մեկն առանց մյուսի չի կարող լինել: Հաշվի առնելով, որ պետական պաշտոնյաները, օրինակՙ նախագահը, չեն կարող նախընտրական քարոզարշավով զբաղվել աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀԿ նախագահի այցը Արմավիրի մարզ ձեւակերպել էր որպես աշխատանքային: Մենք էլ, ուրեմն, տարբերակենք. քարոզարշավը աշխատանքային այցից:

Մարզի գյուղական համայնքներում, կոնկրետ Փարաքարում, որտեղ հավաքվել էին նաեւ Մերձավանի, Մուսալեռի գյուղացիները եւս, նախագահ Սարգսյանը հատկապես անդրադարձավ գյուղի խնդիրներին, ընդգծելով. «Մենք շարունակելու ենք ամրապնդել հայկական գյուղը»: Գյուղացիների հետ հանդիպմանը. Սերժ Սարգսյանը նշեց. «Շատերը կգան ու ձեզ խոստումներ կտան, սակայն դրանք կմնան զուտ խոստումներ: Ուզում եմ ասել, որ ձեր քվեն գործիք է, այնպիսի գործիք, ինչպիսին են ձեր գյուղատնտեսական գործիքները: Ուրեմն պետք է զգույշ լինենք, դուք ձեր գործիքները ամեն մեկին չեք տա, չէ՞: Հետեւաբար մեզանից յուրաքանչյուրը կարող է խոստումներ տալ, բայց դուք պետք է նայեք, թե ով ինչ ճանապարհ է անցել»: Նախագահն ընդգծեց նաեւ, որ հասկանալի ու տեսանելի է, որ կան բազմաթիվ դժվարություններ. «Ես համոզված եմ, որ այստեղ հավաքվածներդ դժվարություններ ունեք, բայց, սիրելի ժողովուրդ, կյանքն է այսպիսին, ձախորդություններն անցողիկ են...»: Գյուղաբնակներին առաջարկելով մեծամասնական ընտրակարգով էլ իրենց ձայնը տալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանին, որին ինքը «մշտապես գեներալ Սարոյան է ասում», նախագահ Սարգսյանը մեկնեց Էջմիածին:

«Որեւէ մեկը չի կարող մեզ քննադատել անգործության մեջ: Հնարավոր է, որ մենք 4 տարի հետո էլ մեծ հաջողություններ չգրանցենք, սակայն անհնար է, որ 4 տարի հետո մեզ մեղադրեն կոպիտ սխալների համար: Ուզում եմ, որ ձեր հրաշալի քաղաքապետից ավելին պահանջեք, մենք էլ պարտավոր ենք Էջմիածնի համար ավելին անել, մանավանդ հիմա, երբ շունչներս տեղն է եկել», ասաց Սերժ Սարգսյանը Էջմիածնի հրապարակում հավաքված մի քանի հազար բազմության առջեւ: Իսկ Արմավիր քաղաքում նախագահ Սարգսյանը նշեց, որ ինքը քարոզելու նպատակ չունի. «Ես այսօր ուրախ եմ, որ դպրոցի տնօրենի կամ գյուղապետի հետ խոսում եմ, ասում են` երեխաները շատացել են, բռավո, Արմավիր: Ուզում եմ նաեւ ասել, որ ես, որպես ՀՀԿ նախագահ ցանկանում եմ, որ ՀՀԿ-ն ամենամեծ քվեն հավաքի, սակայն ես` որպես ՀՀ նախագահ եւ քաղաքացի, ուզում եմ, որ մենք լավ ընտրություններ ունենանք, որ ամեն մեկս մեր տեղում աշխատենք: Եթե ես վատ եմ աշխատում, ուրեմն պետք է չաշխատեմ», ասաց նախագահը Արմավի քաղաքի մշակույթի կենտրոնի դիմաց, որն, ի դեպ, դարձել է ՀՀԿ նախընտրական շտաբ:

Աշխատանքային այց

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում նախագահ Սարգսյանը երեկ այցելեց «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ՍՊԸ-ի նորաբաց ջերմատուն, ծանոթացավ ընկերության աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին: Մարզ այցելության ընթացքում նախագահին ներկայացվեց նաեւ իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը: Սերժ Սարգսյանն այցելեց նաեւ Մյասնիկյան համայնքի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, ինչպես նաեւ Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնանորոգվող դպրոց: Սերժ Սարգսյանը եղավ նաեւ Արմավիր քաղաքի մարզային գրադարանում, որտեղ մասնակցեց գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառմանը: Ի դեպ, Արմավիրի մարզային գրադարանի հավաքածուն կազմում է 110737 միավոր, սպասարկում է 6728 ընթերցողի, անվճար տրամադրում է տեղեկատվություն ինտերնետի միջոցով 1050 օգտվողի:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Արմավիրի մարզ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4