«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2012-04-11 | #66, 2012-04-12 | #67, 2012-04-13


Ի՞ՆՉ Է ՓՆՏՐՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ

Ըստ ռուսաստանյան մամուլի, նա մոտ ժամանակներս կայցելի Մոսկվա: Օրերս Էրդողանը Չինաստանում էր: 27 տարվա ընդմիջումից հետո դա թուրք-չինական այդ մակարդակի առաջին ուղղակի երկխոսությունն էր: Փորձագետները հատկապես կարեւորեցին, որ չինական կողմը հնարավորություն էր ստեղծել, որ Էրդողանն այցելի Ույղուրական ինքնավարություն: Դա գնահատվեց որպես «երկու երկրների միջեւ վստահության արտահայտություն»: Երբ մի քանի տարի առաջ չինական իշխանությունները զորքեր էին մտցրել ույղուրներով բնակեցված շրջան, Թուրքիան բուռն բողոքել էր «դաժանությունների դեմ»:

Regnum-ի մեկնաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքովՙ «Թուրքիան անհանգստացած է Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական տարածքի մասնատման արեւմտյան ծրագրից»: Խոսքն առաջին հերթին վերաբերում է իրաքյան Քուրդիստանին, որը «մտադիր է անկախություն հռչակել»: Քանի որ Թուրքիայի համար քրդական խնդիրը «դելիկատ է», ապա, ըստ Տարասովի, Անկարան Պեկինի եւ Մոսկվայի միջոցով փորձում է «մարել իր սահմաններին մոտեցող հրդեհը»: Բացառված չէ, որ Թուրքիային հետաքրքրում է Չինաստանի եւ Ռուսաստանի օժանդակությամբ «սիրիական կարգավորման գլխավոր միջնորդ դառնալու հեռանկարը»:

Նման կարեւորության հարցի շուրջը դատողությունները, մանավանդ կանխատեսումները մեր նպատակից դուրս են: Ավելի ուշագրավն այն է, որ Սեուլի միջուկային խորհրդաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Մեդվեւդեւն արդեն իսկ Էրդողանին Մոսկվա այցելելու հրավեր արել էր` Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու: Մոտակա օրերին Ռուսաստան այցելելու հրավեր, այնինչ, Էրդողանն ստացել է անձամբ Պուտինից: Նման շտապողականությունը հավանաբար ինչ-որ էական շարժառիթներով է պայմանավորված:

Ռուսաստանյան փորձագիտական հանրության մի ընդգծված հատված բավական խանդավառություն է ցուցաբերում Մոսկվա- Անկարա աշխարհաքաղաքական առանցքի ձեւավորման հանդեպ: Երկու երկրների հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգացում են ապրել: Բավական է ասել, որ վերացվել է անցագրային ռեժիմը, իսկ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է թուրք-ամերիկյանին: Փորձագետները, ճիշտ է, գտնում են, որ 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 90 -ամյակի առթիվ «Մոսկվա այցի ժամանակ Էրդողանին չհաջողվեց հասնել իր առջեւ դրված նպատակին»: Բայց նրանց մեծ մասը դա պայմանավորում է Մեդվեդեւի կեցվածքով: Ավելի ճիշտ` երկու առաջնորդների միջեւ «անձնական վստահության ոչ բավարար մակարդակով»:

Ի հակակշիռ դրա, նույն աղբյուրները փաստում են, որ Թուրքիայի վարչապետը, որ մտադիր է առաջիկայում լինել համաժողովրդական քվեարկությամբ ընտրված նախագահ, «հոյակապ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ»: Անշուշտ, դա նրանց անձնական հարցն է: Դիտարժան է, մինչդեռ, որ օրերս Թուրքիայի նախագահ Գյուլն ասել է, թե իրենք չեն կարող «անտարբեր գտնվել Լեռնային Ղարաբաղից արտաքսված ադրբեջանցի եղբայրների ճակատագրի հանդեպ»: Սեուլի միջուկային խորհրդաժողովի շրջանակներում հանդիպումների ժամանակ Էրդողանը քննարկել էր նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցը:

Այս համատեքստում ակնկալելի է, որ Պուտինի հրավերով գտնվելով Մոսկվայումՙ Թուրքիայի վարչապետը պարտադիր անդրադառնալու է ԼՂ խնդրին: Մեկ անգամ չէ, որ թուրքական կողմը հնչեցրել է այդ հարցում «Ռուսաստանից ունեցած սպասումները»: Վերջին օրերին ադրբեջանական կողմը դարձյալ կոշտացրել է Ռուսաստանի հանդեպ հռետորաբանությունը: Բաքվում նախապատրաստվում են «արգելել ռուսաստանյան արտադրության ավտոմեքենաների ներմուծումը»: Ադրբեջանի պետական նավթային ընկերության պաշտոնյաներից մեկն էլ հայտարարել է, թե հնարավորություն ունեն «եվրոպական շուկայում նեղելու «Գազպրոմ»-ին»:

Կարելի է ենթադրել, որ Մոսկվայում Էրդողանը կփորձի Պուտինին ներշնչել, որ Թուրքիան «ադրբեջանցիների հետ կարող է խոսել, եթե...»: Թուրքական նախապայմանը հայտնի է: Իրավիճակի «նրբությունն» այն է, որ Էրդողանը Մոսկվա է մեկնելու ոչ թե իր, այլ Ռուսաստանի ընտրյալ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ: Եվ, բնական է, ձգտելու է «թանկ վաճառվել»: Ո՞վ ում կարիքն ավելի է զգում. Ռուսաստանը` Թուրքիայի՞, թե՞...

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4