Քաղաքային մշակույթը անկասկած հարստացնում են այնտեղ տեղադրված արվեստի գործերը, դրանք գեղագիտական արժեքից զատ նաեւ տվյալ ժողովրդի պատմության եւ մշակույթի կրողներն են շատ դեպքերում: Աշխարհի հայտնի բազմաթիվ քաղաքներ ուղղակի հագեցած են քանդակային արվեստի սքանչելիքներով, որոնք ժամանակի ոճ ու ճաշակ են ներկայացնում, եթե կուզեքՙ թելադրում. զուտ դեկորատիվ նշանակությամբ արվեստի գործերը նույնպես զարդարում են քաղաքային միջավայրը: Դրանց մեջ հուշակոթող-հուշասյուներըՙ որպես կարեւոր խորհրդանշաններ կամ ձոներ, իրենց կառուցվածքի պարզ, ուղղաձիգ նկարագրով միշտ հիշարժան են գործած տպավորությամբ: Կարծում եմՙ այդպիսին է լինելու նաեւ Երեւանում տեղադրվելիք նոր հուշասյունըՙ «Տիգրան Մեծ-Հալլեյ»ՙ առայժմ պայմանական անվանումով: Արձանը ոչ սովորական է իր գաղափարով:
Այսպեսՙ Բրիտանական թագավորական աստղագիտական միության ամսագիրը 2004 թ. օգոստոսի համարում հրատարակում է աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի եւ պատմաբան Ռուբեն Վարդանյանի հոդվածըՙ նվիրված Անտիոքի գրավման առիթով հատված Տիգրան Մեծի որոշ դրամների վրա հանրահայտ Հալլեյի գիսաստղի պատկերմանը: Երբ պատմաբանը հրավիրում է աստղաֆիզիկոսի ուշադրությունը այդ դրամների վրա, վերջինիս հաջողվում է դրամի վրայի արքայի տիարային պատկերված ութաթեւՙ մեկ թեւը երկար եւ կորագիծ աստղը նույնացնել Հալլեյի գիսավորի հետ: Գիսաստղը երկնքում երեւացել էր մի քանի շաբաթվա տեւողությամբՙ Տիգրան Մեծի արշավանքի նախօրյակինՙ մ. թ. ա. 87 թ., եւ արքան Սասանյան պետության մայրաքաղաքի գրավումից հետո հատված դրամի վրա պատկերում է երկնայինՙ իր համար հաջողակ նշանը:
Հալլեյի գիսաստղը երկնքում երեւում է 75-76 տարի պարբերությամբՙ պատմական աղբյուրներում առնչվելով կարեւորագույն իրադարձություններինՙ Պոմպեյի կործանում, Կուլիկովյան ճակատամարտ, Կոստանդնուպոլսի անկում եւ այլն: Ամենատարբեր մշակույթներ (եվրոպական, արաբական, չինական, ճապոնական եւ այլն) մրցակցում են Հալլեյի գիսաստղի հիշատակությունների հարցում (այս մասին կան հսկայական գրականություն, մեծաթիվ տեղեկություններ համացանցում): Հալլեյի գիսաստղը նաեւ Նյուտոնի ձգողականության օրենքի, տիեզերքի ճանաչման գիտությանՙ լայն ճանաչում գտած խորհրդանիշ է: Գիսաստղը անվանակոչվել է առաջինը այն հայտնաբերողիՙ XVII դ. անգլիացի աստղագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Էդմունդ Հալլեյի անունով: Հալլեյը 1676-78 թվականներին կազմել է հարավային երկնքի 341 աստղերի հեռադիտական առաջին կատալոգը, իր միջոցներով հրատարակել է Նյուտոնի «Բնափիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը: 1682-ին նա եղավ հայտնաբերողը առաջին պարբերական գիսաստղի, որը Հալլեյի անունով կոչեց ֆրանսիացի աստղագետ Լակայլը, 1759 թ.: Վերջին անգամ գիսաստղը երեւացել է 1986-ին, հերթականը սպասվում է 2061 թվականին:
Երկնային այս լուսատունՙ իր խորհրդանշական բնույթով հետաքրքրել է նաեւ արվեստի մարդկանց: Հալլեյի գիսավորի ամենահին պատկերը մինչեւ վերջերս համարվում էր XI դարի (1066 թ.) գոբելենի վրայի նշանապատկերը` ներկայումս Ֆրանսիայում պահվող: Գիսաստղը պատկերված է նաեւ Ջոտտոյի Պադուայի նշանավոր որմնանկարում (1303 թ.): Այս առումով հատկանշական է, որ Հալլեյի գիսաստղի վերջինՙ 1986-ի այցելության ընթացքում տիեզերք արձակված գիսաստղը ուսումնասիրող եվրոպական արբանյակը կրում էր հենց «Ջոտտո» անունը:
Տիգրան Մեծի հատած դրամներին դաջված գիսաստղի ամենահին պատկերի հայտնությունը փոխում է այս մասին եղած պատկերացումները: Փաստորեն այն ավելի քան 1000 տարով առաջ է մինչ այդ հայտնիներից: Գիտական այս նորությանը անմիջապես անդրադարձան մի շարք երկրների հեռուստակայաններ, լրատվամիջոցներ: Ներկայումս այն ընդգրկված է բազմալեզու հանրագիտարաններում, տեղեկատուներում: Այն ընդգրկվել է անգամ ամերիկյան միջին դպրոցի ծրագրերում (middle school curriculum)ՙ դառնալով Հայաստանին վերաբերող միակ տեղեկությունն այդ ծրագրում:
«Տիգրան Մեծ-Հալլեյ» գիտամշակութային հետաքրքրական առնչությունները` մեր օրերի այս նոր հայտնաբերումով, արձագանք գտան նկարիչ Հակոբ Հակոբյանի գեղարվեստական մտածումներում: «Տիգրան-Հալլեյը» որպես մեր մշակույթի վաղ շրջանի յուրահատուկ խորհրդանիշՙ ժամանակակից տիեզերական դարաշրջանին կամրջող արդիականացված երեւույթ, գեղանկարիչը ընկալել, վերապրել է յուրովի եւ փորձել արտահայտել հուշասյուն-հուշարձանի տեսքով: Հայոց պատմությամբ, նրա անցյալով ու ներկայով մշտապես ապրող, դրանով շարունակ մտահոգ արվեստագետը իրապես չէր կարող անտարբեր թողնել այս երեւույթը: Մեր պատմության փառավոր էջը կերտած արքան կրկին վերադառնում է, ինչպես գեղանկարիչն է ասում, «մեր ժամանակի պատմության մեջ մտնում է այս անգամՙ ոչ բանակներով կամ նվաճումներով, միջազգային արենա նա գալիս է ոչ իբրեւ զորավար, այլ որպես մշակույթի մարդՙ իր կերտած փոքրիկ դրամի պատկերի շնորհիվ: Տիգրան Մեծի դրամի պատմությունը դառնում է արդիական»:
Ծնվում է գաղափարըՙ Երեւան քաղաքում տեղադրել այնպիսի հուշարձան, որ կխորհրդանշի պետականություն-գիտություն-մշակույթ հարաբերությունները: Հուշակոթողը անկասկած կբեւեռի հասարակական ուշադրությունը երկնային այս երեւույթին. 75 տարին մեկ գիսաստղիՙ երկնքում երեւալու պարբերությամբ, հավանաբար ուղեկցվող բազմաթիվ միջոցառումներով, այդպիսով մասնակցելով աշխարհում տեղի ունենալիքներին:
Ըստ նախագծի, հուշակոթողը լինելու է 10 կամ 8 մետր բարձրությամբ մոխրակարմրավուն բազալտե սյուն (տրամագիծը 180 սմ), վերեւում ոսկեգույն փայլաթիթեղներով երիզվող պղնձե սկավառակ (տրամագիծըՙ 1 մետր, հաստությունըՙ մոտ 30 սմ): Սկավառակի զույգ մակերեսներինՙ Տիգրան Մեծի եւ Հալլեյիՙ որպես գիսաստղի առաջին հայտնաբերողի, դիմանկարներով:
Չնայած պարզ ձեւին, հուշակոթողը տպավորիչ կլինիՙ իբրեւ խորհրդանիշ-գաղափար, որն իր մեջ կկրի մարդկության եւ մեր ժողովրդի պատմության տեւական ընթացքի մի քանի կարեւոր դրվագներ: Սյան դեկորատիվ նախշազարդերը իմաստային շեշտադրումներ կունենան, ինչպես կենաց ծառի խորհրդապատկերը, հայերի նախահորՙ Հայկ Նահապետի դիմապատկերը, Մեծ Հայաստանի ծովից ծով գծապատկերը եւ իհարկե գիսաստղի պատկերով Տիգրան Մեծի հատած դրամի եւ դրա վերջին հայտնաբերման մասին պատմությունը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ. Գ. Անցնող տարիներին Վարպետը երկար աշխատել է նախագծի վրա, քանիցս ներկայացրել իշխանություններին, դրական արձագանքներ ունեցել, սակայն գործնական վերաբերմունք ստացավ միայն վերջերս ՀՀ նախագահիցՙ դրական կարծիք եւ հովանավորություն: Երեւանի քաղաքապետը փետրվարին հանդիպում-քննարկում ունեցավ Վահագն Գուրզադյանի, Հակոբ Հակոբյանի եւ քանդակագործ Համլետ Մատինյանի հետ, նախագիծը դրվեց գեղարվեստական խորհրդի քննարկման, օրերս այն հաստատվեց. կորոշվի հուշարձանի տեղադրման վայրը: