«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2012-04-11 | #66, 2012-04-12 | #67, 2012-04-13


ԻՆՉԻ ՀԵՏԵՎԱՆՔ Է ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Տուլայի մարզում հայազգի գործարար Գագիկ Գրիգորյանի ընտանիքի դեմ կատարված ավազակային հարձակումը լայն արձագանք գտավ Ռուսաստանի լրատվամիջոցներում: Եվ հարցը միայն տեղի ունեցածի արտասովորության մեջ չէ, երբ ընտանիքի նկատմամբ դաժան ոտնձգությունից խենթացած մարդը աներեւակայելի ուժով շարքից հանում է 4 զինված բանդիտներից երեքին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ արձագանքների գերակշիռ մասը Գրիգորյանի օգտին էՙ իսկական տղամարդ, որն անձնվիրաբար գործել է ի պաշտպանություն ընտանիքի անդամների, ապահովել նրանց անվտանգությունը: Շատերը վրդովմունքով ու հեգնանքով են նայում ինքնապաշտպանության սահմանազանցման վարկածին, դա համարելով անհեթեթություն եւ օրենսդրական անկատարություն: Գրիգորյանին իր անվերապահ աջակցությունը հայտնեց Տուլայի մարզի ղեկավարը:

Սակայն այս աննախադեպ իրադարձությունը իր մի յուրահատկությամբ առաջ բերեց կրքեր, որոնք այն զուտ քրեականից վերածեցին նաեւ... քաղաքականի: Խոսքը վերաբերում է խոհանոցային դանակով ատրճանակի դեմ հանդգնած մարդու ազգությանը: Եկեք չմոռանանք, որ այս պատմությունը տեղի է ունեցել Ռուսաստանում, որտեղ, մեղմ ասած, այլ է վերաբերմունքը վերջին երկու տասնամյակում երկիր թափանցած միլիոնավոր այլազգի ներգաղթյալների նկատմամբ: Եվ ինչքան էլ մեզ համար տհաճ լինեն որոշ կոնկրետ կարծիքներ ու մոտեցումներ, արժե ուշադրության առնել դրանք եւ ոչ թե «նողկանքով» մերժել:

«Դա տեղի չէր ունենա, եթե շատ հայեր չբազմանային Ռուսաստանում: Ահա արդեն քսան տարի նրանք անկախացել են, եւ եթե մնային իրենց Հայաստանում, նման դժբախտություն տեղի չէր ունենա»: «Ժամանակը չէ՞ խստացնելու վիզային ռեժիմը Հայաստանի հետ եւ ոչ լեգալ հայերին արտաքսել իրենց հայրենիք»: «Հիշենք Հայաստանից եկած այն գողերին ու բանդիտներին, որոնք ոճրագործություններ են կատարել մեր դեմ (բերվում են օրինակներ)»: «Հայերն իրենց անկախության համար առաջիններից մեկն էին ելել Մոսկվայի դեմ, իսկ հիմա լցվել են Ռուսաստան առանց հրավերի եւ դեռ խղճահարություն են ուզում առաջացնել»:

Սրանք սոսկ մի քանի անողոք կարծիքներ ենՙ արտահայտված օտարների կողմից: Կարելի է պատկերացնել, թե ինչ նզովքներ կհնչեն Հայաստանից ռուսների հասցեին, եթե դատարանը որեւէ չափով մեղավոր ճանաչի Գրիգորյանին (թեեւ դա քիչ հավանական է): Բայց անաչառ լինենք. մեր ժողովրդի համար իսկապես դառը ու կործանարար իրողություն չէ՞ (եւ դրա զոհը չէ՞ Գրիգորյանը) այն աղետալի արտագաղթը, որ սկսվեց հենց անկախությունից հետո: Կայի՞ն օբյեկտիվ նախադրյալներ: Կային: Սակայն նույնչափ օբյեկտիվ է նաեւ Հայաստանի տարբեր մակարդակների ղեկավարների ապաշնորհությունը, որոնք այդպես էլ անընդունակ եղան ստեղծելու քիչ թե շատ արդար պետություն: Ի վերջո ո՞ւմ համար է գաղտնիք, որ մարդիկ լքել ու լքում են իրենց հայրենիքը ոչ այնքան հացի որոնումներով, որքան ելք են փնտրում այն անազնվություններից, որոնք համակել են Հայաստանը: Արդյո՞ք իրավացի չէ շարքային հայաստանցին իր հետեւության մեջՙ եթե ուզում ես, որ քո երկրում քեզ դատեն օրենքով, պիտի կաշառք տաս:

Ժամանակն է, եթե ուշ չէ, որ Հայաստանի գերագույն ղեկավարների գործունեության արդյունավետության առանցքային չափանիշներից մեկը դառնա արտագաղթի կանխումը: Ինչի մասին կարող ենք խոսել, եթե այսօր էլ տարեկան 50-60 հազար «գրիգորյաններ» գաղթում են օտար երկրներ, եւ այս պարագան ոչ ոքի չի մտահոգում: Հակառակ դեպքում գեղեցկախոս հայտարարությունների փոխարեն իրական քայլեր կարվեին իսկապես արդար պետություն ստեղծելու ուղղությամբ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4