Հայոց ցեղասպանության առաջարկը 150 հզ. ձայնով գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` համացանցում գերմանական կառավարությանն առաջարկներ ներկայացնելու նախաձեռնությամբ քվեարկության արդյունքներով: www.dialog-uever-deutschland.de կայքէջում քվեարկությունը կավարտվի այսօր, իսկ արդյունքներով առաջին տասնյակում հայտնված առաջարկները կընդգրկվեն Մերկելի աշխատանքային օրակարգում:
Թուրքական «Haberler.com» կայքէջի տեղեկացմամբ, Հայոց ցեղասպանության առաջարկից հետո երկրորդ տեղում է Գերմանիայում իսլամական թեմայով քննարկում անցկացնելու նախաձեռնությունը, իսկ երրորդ տեղում առաջարկվում է օրինականացնել թմրանյութերի օգտագործումը: Թուրքական աղբյուրը առանձնակի նշում է նաեւ Գերմանիայի քաղաքներից մեկում թարգմանիչ աշխատող ազգությամբ թուրք Սոյլեմեզօղլուի առաջարկի մասին, որը մոտ 50 հզ. ձայնով զբաղեցնում է 11-րդ տեղը: Սոյլեմեզօղլուն առաջարկում է Գերմանիայում թույլատրել երկքաղաքացիությունը:
Բացի այն, որ համացանցային քվեարկությամբ որոշված տասը առաջարկները կներառվեն կանցլերի աշխատանքային օրակարգում, դրանում կներգրավվեն նաեւ համացանցային նախաձեռնության ընթացքում, անկախ քվեարկության արդյունքներից, ներկայացված բոլոր առաջարկներից առանձնացված եւս տասը` այս անգամ մասնագետների կողմից:
Ա. Հ.