Բաց դասախոսությունների առանձին օրակարգային նախաբանով եւ եզրափակմամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ապրիլի 16-17-ին կանցկացվի միջազգային գիտաժողով` «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական ու գործնական հիմնախնդիրները» թեմայով:
Գիտաժողովի շրջանակներում բաց դասախոսություններ նախատեսվում են ապրիլի 15-ին եւ 18-ին` համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների մասնակցությամբ: Մանկավարժական համալսարանի հրավերով անվճար առաջին դասախոսությունը կներկայացնի փիլիսոփայության դոկտոր, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Էվանգելոս Մոութսոպոուլոսը` խոսելով «Կրթությունը որպես անանցողիկ արժեք» թեմայով:
Նույն ձեւաչափով «Հոգեբանական կրթությունը եւ մասնագիտացումը Ֆրանսիայում» կներկայացնի Դիդրոյի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոն, իսկ «Նոր հասարակական մեդիան ու հաղորդակցման փոփոխական բնույթը» ցանկացողներին կներկայացնի Ինսբրուկի համալսարանի պրոֆեսոր Հանս Կոխլերը:
Ապրիլի 18-ին բաց դասախոսությունների շարքը կշարունակի դատական կլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Գլազգոյի Կալեդոնյան համասարանի, Հոգեբանության եւ իրավունքի կենտրոնի եվրոպական ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Կուկը` ունկնդիրներին ներկայացնելով «Անձի մեջ բռնության ռիսկի գնահատումը» թեման: Եզրափակիչ դասախոսությամբ հանդես կգա Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի նախագահ Պիտեր Կեմպը, որը կներկայացնի «Դեպի գլոբալ օրինակարգ» թեման:
Դասախոսությունները ներկայացվելու են անգլերեն, բացառությամբ Ֆրանսուա Նոյի, որն իր դատողությունները հայ ուսանողներին կմատուցի ֆրանսերեն:
Ա. Հ.