«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2012-04-13 | #68, 2012-04-14 | #69, 2012-04-17


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞

«Նավթի հոտով երիտասարդ բռնակալը», ինչպես Պրահայում Իլհամ Ալիեւին դիմավորել էր չեխական պարբերականներից մեկը, պարզվում է... քրիստոնյա է կամ շուտով կընդունի մեր կրոնը: Զարմանալ ամենեւին էլ պետք չէ, մենք այս եզրակացությանն ենք եկել ադրբեջանական` պետականից ոչնչով չտարբերվող 1news.az կայքի` ապրիլի 4-ի որոշ հոդվածներին ծանոթանալուց հետո:

Այսպես, Իլհամ Ալիեւին ոմն Վիկտոր Մերեժկին պարգեւատրել է «Ատաման Գոլովատովի» շքանշանով` «կազակության զարգացման եւ ամրապնդման անձնական մեծ ավանդի եւ նվաճումների, պատմական, մշակութային, հայրենասիրական ավանդույթների վերածննդի, ինչպես նաեւ ծայրահեղության եւ ահաբեկչության դեմ պայքարի համար»:

Բայց, ամենասկզբից սկսենք: Նախ` Վիկտոր Մերեժկինը «Ադրբեջանի կազակների հայրենակցության» ատամանն է: Ընդգծենք նաեւ, որ Մերեժսկինը, երբ Իլհամ Ալիեւին հանձնել է «Ատաման Գոլովատովի» շքանշանը, ասուլիս է տվել, որտեղ ասել է. «Ադրբեջանի կազակները պատրաստակամությամբ լի են` վերականգնելու երկրի տարածքային ամբողջականությունը: Բացի սրանից, Ռուսաստանի եւ Ուկրաինայի կազակները եւս այս գործին աջակցելու մտադրություն ունեն»:

Այս իրադարձության կապակցությամբ որոշ մեկնաբանություններով է հանդես եկել Միացյալ հայկական կազակական ուժերի միասնության գերագույն ատաման Նվեր Թորոսյանը . «Մուսուլման կազակները, որն ավելի շուտ հերթական ադրբեջանական մի նորամուծություն է, իսկական կազակների հետ ոչ մի կապ չունեն: Ինչ վերաբերում է իսկական կազակների (Ռուսաստանի, Ուկրաինայի), որոնց հետ մենք արդեն կապվել ենք, դիրքորոշմանը ղարաբաղյան պատերազմի վերսկսման պարագայում, ապա համոզված ենք, որ Թուրքիայի «կրտսեր եղբայրը» կստանա մի նամակ, որը շատ նման կլինի կազակների կողմից թուրք սուլթանին ուղարկված նամակին»: Ստացվեց ուրեմն, որ «մուսուլման կազակներ» գոյություն չունեն, իսկ սա նշանակում է, որ Իլհամ Ալիեւը «Ատաման Գոլովատովի» շքանշան ստացել է... գոյություն չունեցող հայրենակցությունից: Այս փաստը հաստատվում է կազակական պատմությամբ: Այսպես, Դոնի զորքերի ատաման, գեներալ-լեյտենանտ Սամսոնովի հրամանով 1909-ին հրապարակված` «Կազակության պատմություն» գրքում կա այսպիսի տեղեկություն. «Կազակություն կարող էին ընդունել բոլորը` միայն մի պայմանով` հավատ առ Քրիստոս. «Աստծուն հավատո՞ւմ ես», հարցնում են կազակություն ընդունել ցանկացողին, ու երբ նա պատասխանում էր` հավատում եմ, ասում էին` դե, խաչակնքիր»: Դժվար է ասել, թե «Ատաման Գոլովատովի» «շքանշանակիր» դառնալուց հետո ե՞րբ Իլհամ Ալիեւը կազակություն կընդունի, կամ Վիկտոր Մերեժկինն արդյոք «հավատո՞ւմ է Քրիստոսին», որպեսզի կազակ կոչվի, բայց ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւը չի կարող ունենալ` «անձնական մեծ ավանդ»` Ադրբեջանում կազակության զարգացման ու ամրապնդման գործում, քանի որ Ադրբեջանում կազակություն պատկերացնելն արդեն իսկ զավեշտի է նման: Օրինակ, ինչպե՞ս կարող է կազակություն զարգացնել ու ամրապնդել մի երկիր ու դրա մի նախագահ, որտեղ ոչնչացվում են քրիստոնեկան եւ կազակական փառքին նվիրված հուշարձաններ: Բացի սրանից, Ալիեւին «պատմական-մշակութային, հայրենասիրական ավանդույթների վերածննդի» համար շքանշան հանձնողը պետք է որ ինքն անձամբ խճճված լինի Ալիեւի «սարքած» պատմության, մշակույթի, ու հայրենասիրության մեջ: Եվ վերջապես` Ադրբեջանի նախագահին «ծայրահեղության եւ ահաբեկչության դեմ պայքարի» համար խրախուսելը նշանակում է ապրել աչքերը փակ: Միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներ, պաշտոնական, կիսապաշտոնական փաստաթղթեր վկայում են հենց Ադրբեջանի կապերի մասին` ահաբեկչության եւ ծայրահեղության հետ: Օրինակՙ վերջերս Պակիստանի Փեշավար նահանգում «Ալ Ղաիդայի» անդամների դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողությունների ժամանակ զոհվեց վեց ահաբեկիչ, որոնցից մեկը` Սումգայիթի բնակիչ ադրբեջանցի Զաուր Ասլանովը... Սա ընդամենը փոքրիկ օրինակ:

Մի խոսքով, Հայաստանի կազակների անունից հայտարարությամբ հանդես եկած Նվեր Թորոսյանը ընդգծում է, որ իրենք թույլ չեն տա, որ շքանշաններ հանձնեն կեղծ նվաճումների համար եւ «արատավորեն կազակների քրիստոնեական բարի համբավը»:

Հավելենք միայն, որ երբ մի երկրում պատմությունն ու իրականությունն արդեն իսկ կեղծված են, զարմանալ պետք չէ, որ կազակությունն ու նրա շքանշաններն են կեղծվում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4