Վաղը Հայաստանի կառավարությունը որոշում կընդունի սկսել ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մշակման աշխատանքները, որոնք պետք է տեւեն մինչեւ 2013-ի մայիսի 5-ը, իսկ կառավարության հաստատման ծրագիրը կներկայացվի մինչեւ 2013-ի սեպտեմբերի 1-ը:
Այս որոշումը կառավարությունը հիմնավորում է Հայաuտանի Հանրապետության էներգետիկ անվտանգության եւ անկախության ապահովման անհրաժեշտությամբ եւ հաշվի առնելով Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները:
Նշվում է, որ համաձայն ՀՀ գործող օրենսդրության, ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը 2011-ին շահագործման լիցենզիա է ստացել 10 տարով, սակայն, ըստ շահագործման լիցենզիայի պայմանների, թիվ 2 էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016-ի սեպտեմբերի 1-ին (շահագործման նախագծային ժամկետի ավարտին` 30 տարի): Ուստի, նպատակ է դրվել բարձրացնել թիվ 2 էներգաբլոկի անվտանգության մակարդակը եւ մինչեւ 2016-ի թիվ 2 էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ընթացքում իրականացնել նաեւ շահագործման ժամկետի երկարացման համար պահանջվող միջոցառումները: Միաժամանակ, նախատեսվում է ակտիվացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հիշեցնենք, որ վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նոր ատոմակայանը կառուցված կլինի 2020-ին:
Ա. Մ.