«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2012-04-14 | #69, 2012-04-17 | #70, 2012-04-18


ՍՊԱՆԴ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Երեկ ադրբեջանական բանակի` Գյոյգյոլում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայողն իրեն ամրագրած զենքից կրակ է բացել եւ սպանել երկու ծառայակից զինվորի, վիրավորել ուրիշ երկուսի: Ինչպես APA գործակալությանը հայտնի է դարձել վստահելի իրազեկ աղբյուրներից, կրակել է շարքային Վուգար Մամեդովը: Զոհվել են Փյունխանա Նաղիզադեն, զորակոչված Իմիշլիի շրջանից եւ Մուսեիբ Հուսեյնովը` զորակոչված Սումգայիթից: Վիրավորվել են Էլչին Ռահիմովը եւ Մելիք Մելիքովը: Առաջինը զորակոչված է Բաքվի Սուրախանի շրջանից, երկրորդը` Սաբիրաբադից:

Տեղեկություններ, թե որտեղի՞ց է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել Վուգար Մամեդովը, գործակալությանը չի հաջողվել պարզել: Հետաքրքրական է նաեւ, որ ոչինչ չի ասվում Վուգար Մամեդովի հետագա ճակատագրի մասին: Հայտնի չէ` նա ձերբակալվե՞լ է, սպանվե՞լ, թե՞ դիմել փախուստի: Չի ճշտորոշված նաեւ` դեպքը զորամասի տարածքո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ այլուր: Դատելով զորամասի տեղաբաշխման վայրից, որը նախկին Խանլարի շրջանն է, հնարավոր է, որ միջադեպն արձանագրված լինի մարտական դիրքերում. Գյոյգյոլի զորամասերն են հերթապահություն իրականացնում Մռավի լեռնազանգվածի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող հատվածում:

Կարելի է ենթադրել, որ ծառայակիցներին սպանդի ենթարկած զինվորը մարտական հերթապահության դիրքից դիմել է փախուստի: Նախկինում այդ տեղանքում արձանագրվել են զինվորների ցրտահարության, ձնահյուսերի տակ մնալու եւ ծանր թոքաբորբով հիվանդանալու բազմաթիվ դեպքեր: Հիշեցնենք, որ հիշյալ տարածաշրջանը ներառում է բռնատեղահանված Գետաշենի գյուղախումբը, որտեղ, ըստ տեղեկությունների, ադրբեջանական կողմը բնակեցրել է Թուրքիայից ներգաղթած քրդերի, ինչպես նաեւ ստեղծել ռազմականացված ճամբարներ: Ըստ այդմ, կարելի է նաեւ ենթադրել, որ տեղի ունեցած արյունոտ սպանդը կապված է վերջին ժամանակներս Ադրբեջանում ընթացող զանգվածային ձերբակալությունների եւ հետապնդումների հետ:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4