Մակյան Անատոլին մեր հարեւանն է, ու ղարաբաղյան պատերազմի առաջին տարիներին զոհվեց ավիավթարից: Հոր մահից հետո Մակյանների ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան եւ այժմ էլ, արդեն շուրջ քսան տարի, ապրում է Ռուսաստանում: Հավանաբար նաեւ ՌԴ քաղաքացի են: Սակայն երբ ոստիկանությունը հրապարակայնացրեց Հայաստանում ընտրողների ցուցակը` ըստ բնակավայրերի, որի համաձայն, ինչպես գիտեք, Հայաստանում այսօր կա 2 մլն 482 հազար 593 ընտրող, այդ ցուցակում հայտնաբերեցի նաեւ Մակյանների ամբողջ ընտանիքի անդամների անունները: Հիմա, հետաքրքրական է, ո՞ւմ պետք է անցնեն այս հինգ ձայները:
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Ոստիկանության գնդապետը նախ ընդունեց, որ իրենց հրապարակած ցուցակներում անճշտություններ կան, այնուհետեւ ընդգծեց, որ դրանց բացահայտման եւ վերացման գործում իրենց օգնում են կուսակցությունների շտաբներից ստացված տվյալները, մամուլի ամենօրյա մոնիտորինգը, որի արդյունքները` «մեկօրյա կամ առանձին դեպքերում երկօրյա ժամկետում հրապարակվում են, անհրաժեշտության պարագայում տեղամասային տեսուչների այցեր են կազմակերպվում», ապա նշեց. «Հայաստանի ընտրողները կարող են ընտրական ցուցակների անճշտությունների դեպքում համապատասխան գերատեսչություն դիմել մինչեւ մայիսի մեկը»: Քոչարյանը ավելացրեց նաեւ, որ «կազմակերպված աշխատանքներ են տարվում» անճշտությունների բացահայտնման ու վերացման ուղղությամբ. «Տուն առ տուն այցելում ենք ընտրողներին, հստակեցնում ուղղման ենթակա անճշտությունները», ընդգծեց ոստիկանության գնդապետը:
Ընդ որում, Քոչարյանի խոսքերով, հատկապես մահացածների տվյալների հայտնաբերման գործում մեր ոստիկանությունը «մեծ արդյունքների է հասել». «Անճշտությունների վերացմամբ 3000-ով պակասել է ընտրողների թիվը, նրանց մեծամասնությունը` 2000-ը, մահացածներն են, 1000-ը` պետռեգիստրում հաշվառումից դուրս եկածները», վստահեցրեց Քոչարյանը: Իսկ անճշտությունների, մասնավորապես ցուցակներում մահացած անձանց տեղ գտնելու պատճառը, ըստ գնդապետի, ՔԿԱԳ-ի (Քաղաքացիական կեցության արձանագրման գրասենյակ` զագս), տրամադրած «ոչ պատշաճ» տվյալներն են, ինչպես նաեւ այն, որ «քաղաքացիները իրենց հարազատների մահվան դեպքում ՔԿԱԳ-ին հաճախ չեն ծանուցում»: Քոչարյանը նշում է. «Կան դեպքեր, երբ անձը մահացել է ՀՀ տարածքից դուրս, ուստի այդ մասին այստեղ հայտնի չի լինում»: Բացի սրանից, ոստիկանության գնդապետը նկատում է, որ «մի շարք դեպքերում հաշվարարները քաղաքացիներին չեն տեսել իրենց բնակավայրերում, իսկ սա նշանակում է, որ նրանք կարող են լինել թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում»:
Այսքանով հանդերձ գնդապետ Քոչարյանը վստահեցնում է, որ «այս ընտրությունները աննախադեպ են լինելու: Ընտրական ցուցակները լինելու են ավելի լավը, քան երբեւէ: Առաջին անգամ է, որ ցուցակները դարձել են հանրամատչելի», եզրափակեց Քոչարյանը:
Ու հենց այդ պատճառով, որ ցուցակներն այս անգամ հանրամատչելի են, եւս մեկ անգամ նայեցինք ոստիկանության տրամադրած ցուցակները` ոստիկանության պաշտոնական կայքէջում մեր հարեւան Մակյանների «հինգհոգանոց» ընտանիքը շարունակում է մնալ: Մենք էլ մեծ հույս ունենք, որ ընտրությունները գալիք աննախադեպ են լինելու` արդարության տեսանկյունից:
Որպես վերջաբան նկատենք, որ ցուցակներում անճշտություններ լինելուն մենք եւս «նպաստում ենք»: Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ Ռուսաստան են մեկնում, այնտեղ ապրում, սեփականություն ձեռք բերում, նաեւ` քաղաքացիություն, սակայն չեն հրաժարվում ՀՀ անձնագրից ու հետեւաբար դուրս չեն գալիս Հայաստանում իրենց բնակության վայրում գրանցումից: Սա նշանակում է, որ ոչ մի գերատեսչություն չի կարող հանել այս բազմաթիվ քաղաքացիներին ընտրական ցուցակներից, սակայն նրանք չեն էլ պատրաստվում գալ` ընտրություն կատարելու, քանի որ արդեն մի քանի տարի ապրում են արտասահմանում: Անշուշտ, ամեն մեկն էլ անսահմանափակ իրավունք ունի ապրելու այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում, սակայն սա նշանակում է, որ չպետք է հաճախ անհիմն բողոքել, թե ինչո՞ւ ընտրացուցակներում այսքան անճշտություններ կան:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ