Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) երեկ տեղի ունեցավ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը, որին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ այլ պաշտոնական անձինք:
Սկզբում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը փոխանցեց Վեհափառ հայրապետի օրհնության խոսքը: Ապա ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց ակադեմիայի 2011 թվականի գիտական գործունեության ձեռքբերումներն ու խնդիրները: Նրա տվյալներով` ակադեմիայի կազմում ընդգրկված են 28 ինստիտուտ եւ 3 գիտական կենտրոն: Նախորդ տարի կարեւոր քայլ էր, որ Ազգային ժողովն ընդունեց «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը, որով հստակեցվեց ԳԱԱ կարգավիճակը` որպես պետական լիազորված մարմնի:
Ակադեմիայի համակարգի աշխատողների ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 3974, որոնցից 2409 գիտական աշխատողներ են, 332-ը` գիտության դոկտոր, 1130-ը` գիտության թեկնածու: Իսկ ակադեմիայի ամբողջ համակարգի համար պետական ֆինանսավորումը 2011 թվին կազմել է 4 միլիարդ 595 միլիոն 426.7 հազար դրամ:
Երբ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց` իրենց համակարգի աշխատողների միջին աշխատավարձը 72 հազար դրամ է, դահլիճում սկսվեցին խոսակցություններ, քանի որ ներկաները թերահավատորեն ընդունեցին միջին աշխատավարձի թիվը` կարծելով, որ ավելի ցածր է:
Ցածր աշխատավարձերը, սերնդափոխության եւ հատկապես միջին սերնդի կադրերի սակավությունը, ինչպես նախորդող մյուս տարիներին, 2011-ին նույնպես եղել են ակադեմիայի կարեւոր խնդիրները: Այնուամենայնիվ, սոցիալական խնդիրների առումով ձեռքբերում կա. Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հանրապետության նախագահի աջակցությամբ երիտասարդ գիտաշխատողների համար կառուցվում է 200 բնակարան ունեցող բնակելի շենք:
Ելույթ ունեցան նաեւ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը եւ ուրիշներ: Դահլիճից էլ հարցեր հնչեցին, դրանցից մի քանիսի առնչությամբ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. «Այդ հարցերի պատասխանը ոչ թե պետք է տա Ռադիկ Մարտիրոսյանը, այլ ես: Իսկ իմ պատասխանը կարող է ընկալվել որպես նախընտրական քարոզչություն: Հետեւաբար ձեր հարցերին մենք հետո կպատասխանենք»:
Ի. Պ.