Շատ հեռուն չենք գնա, ավելի խորքային պատճառներ չենք բերի, այլ միայն` այսօրով, նրանով, ինչ հիմա է կատարվում, կփորձենք հասկանալ` ինչպե՞ս է ծնվում «ընտրողը» եւ ինչո՞ւ է ծնվում:
Մարդը կոմունիստ չէ, բայց դաշնակցական էլ չէ, մարդը չի հավատում ՀՀԿ-ին, որովհետեւ, իր կարծիքով, դպրոցի տնօրենը, որտեղ սովորում է իր երեխան, չպետք է շրջի ՀՀԿ կրծքանշանով, օրինակ...մարդը նաեւ չի հավատում ՕԵԿ-ին, որովհետեւ իր ծանոթներից ոչ ոք ՕԵԿ անդամ չէ, իսկ ինքը «մի 170 հազար ծանոթ ունի», բացի դրանից` մուրաբա առանձնապես չի սիրում: Նույն այս մարդը չի հավատում նաեւ ԲՀԿ-ին, քանի որ չի հավատում ԲՀԿ-ի «փոխակերպմանը», նա չի ճանաչում «Միավորված հայեր»-ին, ու ...սոցիալիստ չէ, որպեսզի հավատա Դեմկուսին, եւ վերջապես չի ուզում, որ իր հայրենի սարերը շրջվեն, դրա համար էլ չի հավատում «Ժառանգությանը», այն էլ` այս կազմով: Օրինակՙ նա չի հավատում, որ իր այդքան չսիրած ՀՀՇ-ի նախկիններով Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի «սարեր շրջի»:
Հիմա այս մարդն ո՞ւմ ընտրի ու ինչո՞ւ ընտրի: Ուշագրավն այն է, որ «չընտրողը» չի առաջանում «գաղափարական սովից», երբ չի տեսնում իր գաղափարներն ընդունող որեւէ ուժ ու հրաժարվում է գնալ ընտրության, «չընտրողն» առաջանում է հավատի կորստից, ու... եկեք նայենք իշխանական երեք կուսակցությունների կարգախոսները` ամենուր հավատ, հավատա...
Իսկ այս մարդը չի հավատում, ու վերջ: Ունի՞ իրավունք, իհարկե ունի, քանի որ նա չի կարող հավատալ մեկին, ով չի սարքում իր փչացած հեռուստացույցը, բայց հետո, երբ քաղաքում ուրիշ հեռուստացույց սարքող է հայտվում, կանչում է իրեն ու ասում` «բեր, հիմա կարող եմ սարքել»: Չի հավատում, որովհետեւ այն մարդիկ, որոնք փնովում էին այդ հեռուստացույց սարքողին, հիմա իրենք իրենց հերթին չեն բերում այնպիսի սարքեր, որ մարդը հավատա, տեսնի, զգա, հասկանա, որ իր հեռուսատացույցն անպայման սարքվելու է, եւ սարքելու է կոնկրետ այս մեկը: Ուրեմն հենց այս մեկը չկա, ու հենց այդ պատճառով էլ մարդը դառնում է «չընտրող»` քաղաքացի մնալով հանդերձ:
Ի դեպ, երեկ էլ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, տալով որոշ տվյալներ, ներկայացրեց, որ մեր ընտրողների 3,4 տոկոսի համար ընտրության գնալու եւ իրենց ձայնը տալու համար հիմնական շարժառիթը «լավ եղանակն է»... Մնում է միայն լավ եղանակ մաղթենք մեզ, ոչ միայն մայիսի 6-ին:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ