«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


«ԵՐԿՐԻ ՕՐԸ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ապրիլի 22-ին Ուրծաձոր համայնքում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից կազմակերպվելու է ծառատունկ: Ծառեր կտնկվեն արգելոցին կից բուֆերային գոտու այն հատվածում, որի պահպանությունը ստանձնել են Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

«Երկրի օր» քարոզարշավն իրականացվում է 2008 թվականից, այս տարի սկսվեց ապրիլի 1-ից ու կտեւի մինչեւ ամսի 30-ը, բայց ինչպես միշտ գլխավոր միջոցառումը ծառատունկն է: Ուրծաձոր համայնքի ծառազուրկ հատվածում նախատեսվում է 2000 ծառ տնկել, ծառերի կեսը տնկվելու են գարնանը, կեսը` աշնանը:

«Երկրի օր» քարոզարշավի գլխավոր գործընկերը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է: Արդեն 3 տարի FPWC-ը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ իրականացնում է նաեւ «SMS ծառատունկ» ծրագիրը` «Նվիրիր քո ծառը քո երկրին» կարգախոսի ներքո: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են մասնակցել ծառատունկին ու նվիրաբերել իրենց ծառերը կարճ հաղորդագրություն ուղարկելով, որի արժեքը 1000 դրամ է:

Երեկ «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի ժամանակ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ին էլ լինելու է ծաղկահավաքը: Այս տարի եւս ապրիլի 24-ին ու հաջորդող մյուս օրերին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դրված ծաղիկները խնամքով հավաքվելու են եւ տեղափոխվելու հուշարձանի հետնամաս: Ծաղկաթերթերը կառանձնացվեն ցողուններից, եւ չորացված ծաղկաթերթերը կօգտագործվեն բացիկների ձեւավորման համար:

Ցողունները նույնպես չեն տեղափոխվելու աղբանոցներ, փոխարենը դրանցից պատրաստվում է պարարտախառնուրդ եւ օգտագործվում հուշահամալիրի այգիների մշակման համար:

Ասուլիսին ներկա էր նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որի փոխանցմամբ` բացի բնապահպանությունից կարեւոր է նաեւ բնությունը պահպանելու գիտակցությունը. «Անհրաժեշտ է, որ մեր սերունդներին ցույց տանք, թե որքան կարեւոր է բնությունը, որը մեր երկրի համար ամենաթանկ կապիտալն է»: Ռալֆ Յիրիկյանի կարծիքով «Երկրի օրը» շատ տեղին ծրագիր է իրականացնում, եւ ներառելով տարբեր ակցիաներ` «Երկրի օրը» նպատակ ունի ձեւավորելու նաեւ բնությունը գնահատելու ու պահպանելու գիտակցությունը:

«Մոսկվայի տանը» լրագրողներից զատ եկել էին նաեւ երեխաներ ու պատանիներ, որոնք գրել էին թռչնաբների պատրաստման ու թռչունների մասին պատմող իրենց հեքիաթները:

Ռուբեն Խաչատրյանը հիշեցրեց, որ «Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակում Կենդանաբանական այգին հայտարարել էր «Դիմավորենք թռչուններին» խորագրով մրցույթ, որի ընթացքում ընտրված լավագույն հեքիաթների հեղինակների անունները հայտարարվեցին երեկ: Աշխատանքները գնահատվել էին 3 անվանակարգում, ինչից զատ սահմանվել էին 2 հատուկ մրցանակ ու մի խրախուսական մրցանակ: Բոլոր 6 հաղթողներն էլ ստացան մրցանակներ (նեթբուք, ֆոտոխցիկ եւ այլն):

Մրցույթի ընթացքում ընտրված հեքիաթներից հետագայում տպագրվելու է ժողովածու, որը երեխաների համար հաճելի նվեր կդառնա:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4