Բոլոր ժամանակներում կրթությունը համարվել է երաշխիք զարգացող հասարակության համար: Սա այն բնագավառն է, որն անմիջականորեն առնչվում է կյանքի մյուս բնագավառներին ու պայմանավորում նրանց զարգացումը:
Տարբեր ժամանականերում փիլիսոփաները կրթությունն արժեւորել են յուրաքանչյուրն իր ձեւակերպումներով, չնայած բոլոր ժամանակներում էլ ակներեւ է եղել` կրթությունը մնայուն արժեք է: Հույն փիլիսոփա Եվանգելոս Մութսոպուլոսն իր դասախոսությունը կազմել էր ելնելով հենց արժեքային սկզբունքերից:
Ապրիլի 15-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ակադեմիկոս Եվանգելոս Մութսոպուլոսը, որն Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտորն է եւ Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահը, հանդես եկավ «Կրթությունը որպես անանցողիկ արժեք» թեմայով դասախոսությամբ: Ապրիլի 16-17-ին Հայաստանում նա նաեւ մասնակցեց «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովին:
«Կրթությունն արժեք է, սակայն ինչպիսի՞ արժեք», հույն փիլիսոփան այսպիսի հարցադրում արեց իր դասախոսության ընթացքում: Ապա, դիտարկելով իր հարցադրումը տարբեր կողմերից, ընդգծեց` կրթությունը կարող է ցույց տալ արժեք հասկացության բնորոշ բոլոր գծերը:
Պաշտոնապես կրթությունը ներկայացվում է որպես կազմակերպված մի ինստիտուտ, որի դեպքում արժեք հասկացությունից մենք տեղափոխվում ենք սոցիալական ու պետական ինստիտուտներ: Եվ ուսուցումն անմասն չի մնացել նաեւ տեխնիկական հնարավորությունների ներգրավվածությունից:
Որոշակի գիտելիքներ ձեռք բերելուց հետո մարդը ձգտում է գիտելիքների հարստացման, ինչն իրականացվում է նոր արժեքների ձեռքբերումով: Եվ ժամանակակից կրթությանն ավելի շատ մտահոգում է արժեքների ձեռքբերումը, քան ճշմարտությունների բացահայտումը:
Եվանգելոս Մութսոպուլոսի փոխանցմամբ` կրթությունը միայն գիտելիքների ձեռքբերումը չէ, կրթությունը նաեւ սովորեցնում է դրանք ճիշտ ու օգտավետ կիրառելու ձեւերը: Հետեւաբար սույն հաջորդականությունը վերաբերում է արդեն շարունակաբար կերտվող արժեքներին: Փիլիսոփան ընդգծում է` առանց այդ արժեքների հետագա կյանքը պատկերացնելն անհնար է, իսկ կրթությունն ինքնին անընդհատ առաջադիմող արժեք է:
Եթե մեր օրերում խոսում ենք կրթությունից, ապա ինտերնետի ու համակարգիչների հնարավորություններն անտեսել չենք կարող: Համակարգչային աշխարհն ու ծրագրավորման ոլորտը նույնպես կախված են կրթությունից, եւ մարդու գիտակցությունն անմիջական շփման մեջ է ինտերնետային ցանցի հետ:
Իր դասախոսության ընթացքում հույն փիլիսոփան անդրադարձավ եւ մեթոդաբանությանը. մեթոդոլոգիան ու կրթությունը կազմում են մի տիրույթ, որն էլ ձեւավորում է կրթության կառուցվածքը:
Դասախոսությանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ, ասպիրանտներ, հայցորդներ ինչպես Մանկավարժական համալսարանից, այնպես էլ մյուս բուհերից: Դասախոսությանը հաջորդեց հարց ու պատասխանը, ներկաները Եվանգելոս Մութսոպուլոսին ուղղեցին իրենց հարցերը, որոնց նա հոժարակամ պատասխանեց:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ