«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


ՖՐԱՆՍՈՒԱ ՆՈՆ. «ՈՒՍԱՆՈՂՆ ԻՄ ՀԱՃԱԽՈՐԴԸ ՉԷ»

Հենց այս սկզբունքով է հոգեվերլուծաբան, պրոֆեսոր Ֆրանսուա Նոն ամեն անգամ մտնում ֆրանսիական Դիդրոյի համալսարան, որտեղ դասավանդում է:

Նոնը երկրաշարժից հետո 6 ամիս եղել է Գյումրիում: Հետերկրաշարժյան քաղաքը, ծանր հարված ստացած մարդիկ, պրոֆեսորի համար «մեծ դպրոց էին». «Այնուհետեւ էլի եղա Հայաստանում 90-ականներին ու պետք է ասեմ, որ կապված եմ Ձեր երկրին», ասաց Ֆրանսուա Նոն:

Գիտաժողովի շրջանակներում պրոֆեսոր Նոն հանդիպեց մանկավարժականի դասախոսների ու ուսանողների հետ ու հանդես եկավ առանձին դասախոսությամբ` «Հոգեբանության դասավանդման առանձնահատկությունները` Ֆրանսիայում» թեմայով:

Նոնը տեղեկացրեց, որ հոգեբանությունը` որպես առանձին գիտություն, Ֆրանսիայում առաջացել է միայն Երկրորդ աշխարհամարտից հետո: «Երկար տարիներ հոգեբանությունը մեր երկրում ներառված էր փիլիսոփայության մեջ, ու առանձին չէր դիտվում: Եվ միայն 1945-ին հայտնվեց առաջին դիպլոմավորված մասնագետը` «հոգեբան» որակավորմամբ. առաջացավ հոգեբանություն գիտությունը», պատմում է Նոն:

Այժմ, պրոֆեսորի խոսքերով, Ֆրանսիայում չկա հոգեբանության կրթության ուսումնական միասնական ծրագիր. «Ամեն համալսարան ինքն է որոշում կրթական ծրագիրը` 4 տարի կտրվածքով: Բայց սա չի նշանակում, որ համալսարանները ամեն բան կարող են անել: Ներսում ծրագիր կազմելուց հետո, այն ամեն համալսարանի համար դեռ պետք է հաստատի կրթության նախարարությունը` առաջիկա 4 տարիների համար», ասում է պրոֆեսոր Նոն: Միեւնույն ժամանակ բանախոսը ընդգծում է, որ «ոչ մի համալսարան հոգեբան չի պատրաստում», այլ այդ մասնագիտությունն ու կոչումը ստանում են առավելաբար գործնական աշխատանքով, տարբեր ասոցիացիաների ու դպրոցների անդամագրվելով. «Ֆրանսիայում կա այսպիսի պրակտիկա. ապագա հոգեբանը նախ ինքն է լինում հաճախորդի կարգավիճակում, հետո նոր հանդես գալիս որպես հոգեբան», պատմում է Նոնը` հավելելով, որ, անշուշտ, տեսությունները եւս անչափ կարեւոր են:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4