«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


ՀԱՅՈՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ինչո՞ւ է տեղին այսօր, 97 տարի անց, խոսել Հայոց ցեղասպանության մասին: Այս հարցը հաճախ են տալիս օտարները եւ նույնիսկ հայերից ոմանք: Այդ պատճառով էլ մենք կարիք ունենք ավելի լայն սահմանում տալու մեր ժողովրդին պատուհասած էթնիկական զտման այդ գործողությանը, որպեսզի հասկանանք, թե ինչու ենք պարտավոր շարունակել արծարծել այդ թեման:

Բայց նախ ասենք, որ ցեղասպանությունը չսահմանափակվեց 1915-ով: Այն ոչ սկսվեց, ոչ էլ ավարտվեց այդ թվականով: Ցեղասպանությունը, որի նպատակն էր աշխարհի երեսից իսպառ ջնջել ամբողջ հայ ժողովրդին, դրանից առաջ երկար պատմություն ուներ եւ մինչեւ օրս էլ շարունակվում է:

Նացիստական Գերմանիան հորինեց «կենսական տարածք» հասկացությունը Բ համաշխարհային պատերազմից անմիջապես առաջՙ նպատակ ունենալով Գերմանիայի տարածքը ընդլայնել, մեծացնել ի հաշիվ այլ ժողովուրդների, այլ երկրների: Բայց թուրքերն արդեն իսկ կիրառում էին այդ գաղափարախոսությունը: Նրանք դրան ձեռնամուխ էին եղել այն օրից, երբ ոտք դրեցին Անատոլիական բարձրավանդակիՙ դուրս քշելով այնտեղից տեղի բնիկ ժողովուրդին: Դրանից հետո սկսեցին կառուցել իրենց կայսրությունը: Նրանց ճանապարհի գլխավոր խոչընդոտը իր մայրամուտն ապրող բյուզանդական կայսրությունն էր, որը վերջնականապես փլուզվեց Ֆաթիհ սուլթան Մոհամմեդի ձեռամբ 1453 թվին:

Կոռուպցիան, քաղաքական կարճատեսությունը եւ ինքնասիրության պակասը հավանաբար ավելի նպաստեցին փլուզմանը, քան թատերաբեմ եկող օսմանցիների հզորությունը: Երկուսի բախման հետեւանքով անուղղակիորեն տուժեցին Հայաստանն ու հայերը: Այդ ժամանակվանից սկսած թուրքերի համար բնական գործընթաց դարձավ «կենսական տարածքներ» որոնելու եւ ձեռք բերելու պահանջը եւ հենց Պատմական Հայաստանի տարածքի վրա օսմանյան իշխանության հաստատումով էլ սկսվեց հայերի նկատմամբ ցեղասպանության գործընթացը:

1948-ի դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Ցեղասպանության ոճրագործությունը կանխարգելելու եւ պատժելու կոնվենցիան» հետադարձ ուժով կարելի է կիրառել թուրքական կառավարության դեմ, որը շարունակաբար խախտել է այդ կոնվենցիայի սկզբունքները: Կոնվենցիայի 2-րդ հոդվածում հստակ նշված է, որ ցեղասպանություն է համարվում որեւէ խմբավորման անդամներիՙ ա) սպանությունը, բ) մարմնական կամ մտավոր լուրջ վնաս հասցնելը, գ) դիտավորյալ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կհանգեցնեն նրանց ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը, դ) դիտավորյալ այնպիսի միջոցների պարտադրումը, որոնք կարգելեն ծնունդները այդ խմբավորման ներսում, ե) խմբավորման երեխաների բռնի տեղափոխումը մեկ այլ խմբավորում:

Այս բոլորը կիրառվել են հայերի նկատմամբ օսմանյան կառավարիչների կողմից այն ժամանակ, երբ, ըստ Թուրքիայի ներկա արտգործնախարարի իդեալական, խաղաղ հարաբերություններ են եղել իշխանավորների, եւ նրանց ստրուկ հասարակությունների միջեւ:

Նշված կետերից ամենացինիկը վերջինն է, որը երեխաների այլ խմբավորում տեղափոխելուն է վերաբերում: Սա ենիչերիների համակարգի չարամիտ բաղադրյալն էր, որի միջոցով օսմանյան կառավարությունը որոնում, առեւանգում էր (կամ «հավաքում», ինչպես ընդունված էր ասել) քրիստոնյա պատանդների, որպեսզի զինվորական խստագույն պայմանների ներքո նրանցից վայրագ զորամիավորումներ կազմի ճնշելու համար հայերին եւ այլ քրիստոնյաներին, բոլոր նրանց, ում ծոցից փաստորեն նրանք ծնունդ էին առել:

1915-ի ցեղասպանությունը դարեր շարունակ հայերի դեմ իրագործված բռնությունների արդիական տարբերակն էր սոսկ: Բայց դա միանվագ գործողություն չէր, որը տեղի ունեցավ եւ ավարտվեց որոշակի ժամկետներում: Ոչ: Դա մի ամբողջ գործընթաց էր, որը 1915-ից ի վեր շարունակվում է մինչեւ օրս: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ընդլայնել դրա սահմանումը եւ դրա առարկայական ազդեցությունը հայոց պատմության վրա:

Ա համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի պարտությունից հետո իթթիհադական առաջնորդները հեռացան երկրիցՙ խուսափելու զինվորական տրիբունալների սահմանած պատժողական դատավճիռներից: Բայց շարքային կազմը, կառավարական ապարատչիկները, որոնք ի կատար էին ածել իրենց ղեկավարների ահավոր հրամանները դեռեւս երկրի ներսում էին գտնվում եւ պատրաստ էին դիմափոխվելով ծառայել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, որի որդեգրած թուրքացման քաղաքականությունը ոչնչով չէր տարբերվում իր նախորդների քաղաքականությունից: Ահա թե ինչու քեմալական ուժերը նույնքան դաժանորեն հույներին Զմուռնիայում ծովը թափեցին եւ հայերին էլ Կիլիկիայից տարագրեցին:

Հայոց ցեղասպանությունը չընդունելու Թուրքիայի պատճառներից մեկը, ըստ պատմաբան Թաներ Աքչամի, փոխհատուցման վախն է, քանի որ Թուրքիայի տնտեսությունը կառավարող ընտանիքներից շատերն այսօր վայելում են այն հարստությունները, որ հայերից են առգրավել ժամանակին: Աթաթուրքի թուրքացման քաղաքականությունը շատ ավելի արդիական էր, արդյունավետ եւ լիակատար, բայց նաեւ հագեցած ռասիզմի հատկանիշներով, որոնց արեւմուտքը նախընտրեց ուշադրություն չդարձնել:

Աթաթուրքն ու նրա հաջորդները ավելի բարեգութ չէին, քան իրենց նախորդները: Նրանք այդ վերաբերմունքը բազում անգամներ են ցուցաբերել փոքրամասնությունների, հատկապես հայերի հանդեպ վարած իրենց քաղաքականությամբՙ քանդելով եկեղեցիներն ու դպրոցները եւ կիրառելով ամեն տեսակի իրավական վարժանքներ 1923 թվի Լոզանի պայմանագրի դրույթների նկատմամբ:

Այնուհետեւ Բ համաշխարհային պատերազմի օրերին մոգոնեցին «ունեւորության տուրք» կոչված հարկային բեռը (վարլըք վերգիսի), որը խորտակեց հայկական, հունական եւ հրեական համայնքները եւ պատճառ դարձավ, որ այդ համայնքների ներկայացուցիչներից շատերը տեղահանվեն կամ էլ սպանվեն Աշկալայի (Էրզրումի վիլայեթում) աշխատանքային ճամբարներում:

Սա արդեն շարունակվող ցեղասպանության մեկ այլ փուլն էր, որը ձգվեց եւ էլ ավելի սուր բնույթ ստացավ 1955 թվի սեպտեմբերի 6-ի բարբարոսական հարձակումներից հետո, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, կազմակերպված էին կառավարության կողմից:

Ի դեպ, նման ցույցեր Ստամբուլում վերջերս դարձյալ կազմակերպվեցին կառավարության կողմիցՙ նշելու համար Խոջալուի «ցեղասպանության» հիշատակը: Դրանց մասնակցում էին Ստամբուլի քաղաքապետ Քադըր Թոփբաշը եւ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Սահիմը: Վերջինս ելույթ ունեցավ հավաքված արյունռուշտ ամբոխի առաջ, որ երդվում էր վրեժ լուծել «զոհերի» արյան դիմաց:

Մինչ այդ կատաղի դեպքերը հայերի դեմ կատարվում էին Ստամբուլում, ցեղասպանության անողոք գործողությունները տասնամյակներ շարունակ կիրառվում են երկրի տարածքում: Միլիոնավոր վերապրողներ ստիպված են եղել դավանափոխ լինել եւ մահմեդականությունը ընդունել լռելյայն կամ թաքցրել են իրենց ինքնությունը ինչպես կարողացել են, որպեսզի խուսափեն հետապնդումներից, քմահաճ սպանություններից, ունեցվածքի առգրավումից եւ «գյավուր» կոչվելու անարգ պիտակից: Արտաքին աշխարհը հազվադեպ է լսում այս մարդկանց վիճակի մասին: Վերջերս մի հետաքրքրական գիրք լույս տեսավ Պալուում (Սիրիայի սահմանի մոտ) ապրող մի երիտասարդ գրողի գիրքը, ում ընտանիքի անդամներից վերապրողները ապաստան էին գտել այդ քաղաքում: Գրքի խորագիրն է «Գորշ գայլերը եւ սպիտակ աղավնիները»: Չնայած գիրքը որպես գեղարվեստական է ներկայացված, այնտեղ նկարագրված ամեն մի անարգանք, սպանություն եւ վիրավորանք, որ պատուհասել է այդ տարածաշրջանում ապրող հայերին, կարող է փաստացի հաստատվել վերապրողների վկայություններով: Գիրքը խորամուխ չի լինում ցեղասպանության տարիների կամ Աշկալայի ժամանակաշրջանի իրադարձությունների մեջ, փոխարենը պատմում է 1960-70-ական թվականների դեպքերի մասին:

Ընդամենը մեկ միջադեպ կարող է ամբողջական պատկերացում տալ այդ 400-էջանոց վավերա-ողբերգական հատորի բովանդակության մասին: Գլխավոր հերոսըՙ Ջոնան եւ իր երկու եղբայրները հայտնվում են Ստամբուլի անձնագրային բաժնում, որպեսզի ելքի վիզա ստանան մեկնելու Երուսաղեմի հայկական ճեմարան: «(Անձնագրային բաժնի) աշխատակցի հետաքրքրությունը գրգռվում է: Հայեր Մերդինի շրջանի՞ց: Զարմացած տոնին ավելանում է արհամարհանքի մեծ չափաբաժին. «Կարծում էիՙ լուծել ենք հայկական հարցը, եւ գյավուրներ չեն մնացել Անատոլիայում»: Տղաներին որպես հրեաների ընդունած աշխատակցի դժկամությունը անմիջապես փոխվում է որոշակի գումար կաշառք ստանալուց հետո, եւ նա համապատասխան վիզաները տալիս է նրանց հետեւյալ մեկնաբանությամբ. «Ինձ համար միեւնույնն էՙ այս հրեա ապօրինածինները կգնա՞ն Երուսաղեմ, թե՞ ոչ: Թուրքիայի համար գուցե ավելի լավ կլինի, եթե գնան: Մենք պետք է ազատվենք նրանցից, հայերից, հրեաներից, հույներից, քրդերից, բոլորից: Նրանք բոլորն էլ արհամարհելի մակաբույծներ են»:

Այսօր Թուրքիայի կառավարության պաշտոնական մտածելակերպը չի տարբերվում վերոնշյալ աշխատակցի մտածելակերպից: Այսօր էլ այդ կառավարությունը շարունակում է մշակութային ցեղասպանություն իրականացնել երկու հազար հայկական եկեղեցիների եւ վանքերի նկատմամբ, միաժամանակ Աղթամարի եւ Դիարբեքիրի եկեղեցիների վերաբացման ցուցադրական հանդիսություններ կազմակերպելով արտաքին աշխարհիՙ Եվրոպայի աչքին թոզ փչելու նպատակով:

Ցեղասպանության հետեւանքով ոչ միայն 1,5 միլիոն հայեր կոտորվեցին, այլեւ միլիոնավոր չծնված երեխաներ: Թուրքիայում քրդերի թիվն այսօր հասնում է 20-22 միլիոնի: Եթե հայերն էլ մնացած լինեին իրենց բնօրաններում, այսօր նույնքան հայեր կլինեին:

Այնպես որ, ցեղասպանության մեղքը նաեւ այդ չծնված մանուկների վրա է տարածվում, որոնց շնորհիվ Հայաստանը տարածաշրջանում առաջատար տերությունների շարքում կդասվեր:

Դժբախտաբար այսօր ազերի նախագահը արհամարհանքով է խոսում Հայաստանի նոսրացող բնակչության մասին, որը անմիջական արդյունքն է Հայաստանը ոչնչացնելու իրենց շարունակական քաղաքականությանը մաս կազմող թուրք-ադրբեջանական շրջափակման:

Ցեղասպանությունը նաեւ մեկ այլ երես ունի, որը մեր դժբախտությունն է, բայց հազվադեպ ենք մենք դա առնչում հայերին ձուլելու թուրքական ծրագրերին: Լոզանի պայմանագրի ստորագրումից առաջ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, երբ Մեծ Բրիտանիայի լորդ Քերզոնը հարցնում է Թուրքիայի ներկայացուցիչ Իսմեթ Օնյունուն, թե արդյոք Թուրքիան պատրաստակա՞մ է իր տարածքում ընդունելու վերապրած հայ գաղթականներին, վերջինս պատասխանում է ցինիկաբար. «Կանադայում եւ Բրազիլիայում շատ ամայի հողատարածքներ կան: Ինչո՞ւ նրանց այնտեղ չեք տեղավորում»:

Հայերը ճիշտ այդպես էլ վարվեցին եւ ստեղծվեց Սփյուռքը: Այո, հայերն այսօր ապրում են հարուստ համայնքներում, բայց նյութական հարստությունը երբեք չի կարող փոխարինել ինքնության կորստին: Եվ ո՞վ ասաց, որ եթե հայերը շարունակեին ապրել իրենց պապենական հողերի վրա, նրանք պակաս հարուստ կլինեին, քան ինչ որ են այսօր Արեւմուտքում:

Երեխան, որ չի կարողանում արտաբերել իր մայրենի լեզուն, շարունակվող ցեղասպանության զոհն է համարվում, ինչքան էլ նրան շրջապատեն հարստությունն ու հոգատարությունը:

Դժբախտաբար, աշխարհի գերտերությունները շարունակում են սիրատածել իրենց «վստահելի դաշնակցին» եւ պար բռնել «ցեղասպանություն» եզրի շուրջը, մինչ Թուրքիայից գործած մեղքը շարունակում է թունավորել եւ թարախոտել արդի պատմությունն ու քաղաքականությունը:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4