Կատրին Վերները` Հայոց ցեղասպանության առնչությամբ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի ստորին պալատի` Բունդեսթագի Ձախերի կուսակցության (DIE LINKE) խմբակցության, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության անդամ Կատրին Վերները տարածել է հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին` պահանջելով ԳԴՀ կառավարությունից իրագործել 2005թ. Բունդեսթագի որոշումը:
Հայտարարությամբ Վերներն իր ցավակցությունն է հայտնում Ցեղասպանությունը վերապրածների ու զոհերի հետնորդներին եւ նշում, որ նրանք իրավունք ունեն պահանջելու պատմական փաստերի անվերապահ ճանաչումը: Ըստ պատգամավորի` հաշտեցումը հնարավոր է միայն այն պարագայում, եթե ոճրագործությունը չի ուրացվում կամ մեղմացվում: «Ոչ ոք չի մեղադրում ներկայիս Թուրքիայի բնակչությանը այն ժամանակվա վարչակարգի գործողությունների համար: Մեծագույն հարգանքի են արժանի թուրք քաղաքացիական հասարակության վերջին ժամանակների ջանքերը` ուղղված պատմության արդարացի վերագնահատմանը: Այնուամենայնիվ, այդ քայլերը չեն կարող փոխարինել ոճրագործության հեղինակի իրավահաջորդ պետության` ներկայիս Թուրքիայի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը», ասվում է հայտարարությամբ:
«Գերմանիայի կառավարությունը, կրելով պատմական պատասխանատվություն, պետք է լավ օրինակ ծառայի եւ իրագործի 2005 թ. ընդունված Բունդեսթագի որոշումը... Ճանաչումը պահանջում է պատմական փաստերի լուսաբանում», նշում է Կատրին Վերները:
Հիշեցնենք, որ 2005 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Բունդեսթագը հերթական նիստում առաջին անգամ քննության առավ ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության առաջադրած որոշման նախագիծը: Դրանով ԳԴՀ խորհրդարանը, առանց «Ցեղասպանություն» բառն օգտագործելու, կոչ էր անում Թուրքիային ընդունել Օսմանյան կայսրության կողմից քրիստոնյա հայերի դեմ իրագործած ջարդերը, ափսոսանք հայտնելով Գերմանիայի անփառունակ դերի առնչությամբ, քանի որ վերջինս ջանք անգամ չէր գործադրել կանգնեցնելու այդ ոճրագործությունը` չնայած հայերի կազմակերպված տեղահանումների եւ բնաջնջման մասին տեղեկություններին:
2005-ի հուլիսի 15-ին ներկայացված որոշման նախագիծն ընդունվեց միաձայն` Բունդեսթագի բոլոր խմբակցությունների կողմից: Որոշմամբ կարեւորվում է դաշնային երկրամասերի ուսումնական ծրագրերում ցեղասպանության թեմայի ներառումը: Ներկայումս այդ թեման Գերմանիայի 16 երկրամասերից ընդգրկված է միայն Բրանդենբուրգ երկրամասի դպրոցների պատմության դասագրքերում, թեեւ պետք է հաշվի առնել, որ Գերմանիայում յուրաքանչյուր երկրամաս, օրենսդրության շրջանակներում, ինքնուրույնաբար է մշակում իր ուսումնական ծրագրերը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ