Այսօր Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում է, դրա առաջնահերթություններից մեկը: «Երեկ» սա այսպես չէր... Բայց ամեն ինչի մասին` հերթով:
Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում շատ խոսեց ու առավելաբար խոսեց արտաքին քաղաքականությունից, մասնավորապես Ցեղասպանության ճանաչման գործընթացից: Առաջին նախագահի բոլոր հայտարարություններին չենք անդրադառնա, միայն ամենաուշագրավներին: Տեր-Պետրոսյանը «տղայություն», «էժանագին դիվիդենտներ շահելու միջոց» որակեց Ռոբերտ Քոչարյանի` 1998-ին ՄԱԿ-ի ամբիոնից արած հայտարարությունը, որով, հիշեցնենք, Հայաստանն առաջին անգամ, ամենաբարձր մակարդակով կոչ արեց աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք նաեւ, որ այն ժամանակ, երբ Քոչարյանը նման կոչով հանդես եկավ, այսինքն, երբ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դարձավ մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր առաջնահերթություն, Ցեղասպանությունը ճանաչել էին միայն... 7 երկրներ` Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Ռուսաստանը, Կանադան, Հունաստանը եւ Լիբանանը: Այսինքն, Տեր-Պետրոսյանի օրոք, որը «երեկ» էլ «այսօր» էլ Ցեղասպանության միջազգային ճանաչումը չի դիտարկում պետական գործառույթների շարքում, ավելին` դա անվանում է «արկածախնդրություն», Հայոց ցեղասպանությունը ճանաչել են միայն 5 երկրներ (Ուրուգվայն ու Կիպրոսը դա արել են 1865-ին ու 1985-ին): Ու երբ նկատում ենք, որ մնացած հինգ երկրները հայկական հոծ համայնք ունեցող երկրներ են, ու երբ հիշում ենք, որ առաջին նախագահը Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը ամենեւին էլ չէր եւ չի կարեւորում, ուրեմնՙ Արգենտինան, Ռուսաստանը, Կանադան, Հունաստանը եւ Լիբանանը Ցեղասպանությունն ընդունել են առավելաբար, եթե ոչ բացառապես` հայկական ակտիվ համայնքների գործունեության արդյունքում, ինչպես նաեւ տվյալ երկրների պատրաստակամությամբ: Մինչդեռ միայն սփյուռքի վրա հույսը դնելով, պետության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հանելով, Հայաստանի հանրապետությունը չի կարող կոչվել իրավահաջորդ ու չի կարող դառնալ պահանջատեր: Հարկ է նկատել, որ ոչ միայն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն, այլեւ ՀԱԿ-ի կազմում ընդգրկված այլ կուսակցությունները եւս Ցեղասպանության միջազգայիին ճանաչման գործընթացը չեն դիտարկում որպես արտաքին քաղաքականության երեք առաջնահերթություններից մեկը: Այսինքնՙ ՀԱԿ-ը, ընդհանուր առմամբ Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուզում է հասնել, սակայն դա ուզում է կատարել բացառապես սփյուռքի ռեսուրսներով, որի ներկայացուցիչներին մի առիթով Տեր-Պետրոսյանն անվանեց «ապելսին ուտողներ»:
Ուշագրավ է, որ երբ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ ու փաստորեն Ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակվեց հայաստանյան արտաքին քաղաքական առաջնահերթություն, Հայոց ցեղասպանությունը ճանաչեց 13 երկիր: Հետեւաբար Քոչարյանի «տղայությունը» արդյունավետ եղավ, ավելին Հայաստանում սկսեցին խոսել արդեն պահանջատիրությունից, քանի որ առաջ եկավ իրավահաջորդ լինելու պետական գիտակցություն:
Սփյուռքը Ցեղասպանության հետեւանք է, սակայն Ցեղասպանությունը միայն սփյուռքինը չէ. սա համահայկական հարց է, համահայկական առաջնահերթություն:
Երրորդ նախագահի օրոք Ցեղասպանությունը նոր երկրներ չեն ընդունել: Հայ-թուրքական արձանագրությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ Ցեղասպանությունն արդեն իսկ ընդունած երկրներ, կոնկրետՙ Շվեյցարիան ու Սլովակիան, քրեականացրին իրենց տարածքում Ցեղասպանության հերքումը, նման նախաձեռնություն եղավ նաեւ Ֆրանսիայում...
... Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում ասաց նաեւ, որ Քոչարյանը «տղայություն» դրսեւորելով, «չպահանջեց աշխարհից, ՄԱԿ-ից` քննել հարցը, այլ ուղղակի կոչ արեց ճանաչել»: Հետաքրքրական է, առաջին նախագահի համար, փաստորեն, Ցեղասպանությունը «քննելի՞ հարց է», թերեւս այո, քանի որ ՀՀՇ-ն, օրինակ, կարծում է, որ «հարցը պետք է քննվի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ»: Անշուշտ, եթե...
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ