«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


ԻՍՐԱՅԵԼԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆՏԵՂՅԱ՞Կ Է ԲԱՔՎԻ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Լիբերմանը` Բաքվում

Իսրայելի արտգործնախարարն այցելությունների է մեկնում այն ժամանակ, երբ բավականին գլոբալ նշանակության եւ Իսրայելի զգալի դերակատարությամբ հարցեր ունի լուծելու կամ ճշգրտելու: Եվ որեւէ երկրի հետ հարաբերությունների հաստատման տարբեր ամյակները չեն կարող լինել այն հիմնական պատճառը, որ Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը այցելի որեւէ երկիր հարաբերությունների «հոբելյանական» տարում: Այս ամենով հանդերձ, գլոբալ հարցեր լուծելու հավակնություններ ունեցող իսրայելցի դիվանագետն ըստ հարմարության ու նպատապահարմարության է «տեղյակ» ներկայանում ինչպես գլոբալ, այնպես էլ լոկալ հարցերի իսկությունից:

Ասվածն ամբողջովին դրսեւորվում է Իսրայելի ԱԳ նախարար, փոխվարչապետ Ավիգդոր Լիբերմանի` Ադրբեջան այցելության ընթացքում: Լիբերմանը Բաքու է հասել ապրիլի 22-ին` իբր մասնակցելու իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Սակայն մինչեւ վերջին պահը գաղտնի պահվող օրակարգով Բաքու այցելած իսրայելցի դիվանագետի` Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներում գերական եղել է Իրանի թեման` հենց Լիբերմանի խոստովանությամբ:

Առանց իսրայելցի փոխվարչապետի վկայության էլ, մինչեւ Բաքու այցելությունը «The Jerusalem Post»-ն արդեն իր հրապարակմամբ հետաքրքրական շեշտադրում էր արել, նշելով, որ Լիբերմանը մեկնում է «Իրանի հյուսիսում գտնվող կարեւոր ռազմավարական երկիր»: Ընդ որում, թերթը հիշեցրել է «Foreign Policy» ամսագրի հոդվածը, որ Ադրբեջանը Իսրայելին թույլատրել է օգտագործել իր օդանավակայանները ընդդեմ Իրանի:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երեկ Բաքվում Ալիեւի, նաեւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, հենց Լիբերմանի խոսքերով, քննարկել են Իրանին առնչվող հարցեր այն դեպքում, երբ «Իսրայելն Ադրբեջանի հետ ունի արդյունավետ, փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ»: Ու թերեւս դա էլ հենց հիմքն է, որ Լիբերմանին թույլ է տվել հայտարարություններ անել, որոնք ոչ թե իրականության հետ կապ չունեն, այլ քանիցս տրամագծորեն հակառակ գնահատականներ են ամրագրվել միջազգային կառույցների կողմից, մասնավորապես, ասենք, կրոնական համայնքների իրավուքնների առնչությամբ:

«Հարկ է ողջունել մթնոլորտն Ադրբեջանում, որում ազատորեն գործում են բոլոր կրոնական համայնքները», Բաքվում հայտարարել է Իսրայելի փոխվարչապետը արդեն Ադրբեջանի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, դատողություններն ավելի հեռուն տանելով, թե «Կրասնի Սլոբոդայում հրեաների բնակությունը թույլ է տալիս Ադրբեջանը բնութագրել որպես մի երկիր, որտեղ հակահրեականություն չկա»:

Ավելին, Բաքվի օտար լեզուների համալսարանում Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի բացմանը իսրայելցի դիվանագետն, ըստ էության Ադրբեջանից ստացած լավ խոստումների ու համագործակցության պատրաստակամության դիմաց, առատորեն շաղ է տվել գնահատականներ, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ, ասելով, թե «Ադրբեջանը բացառիկ երկիր է, որտեղ բոլոր ազգերի ներկայացուցիչներն իրենց հարմարավետ են զգում»:

Ակնհայտորեն փաստվում է հայտնի ճշմարտությունը, որ քաղաքականության մեջ բարեկամներ ու ընկերներ չկան, այլ կան միայն շահեր, որոնք էլ իսրայելցի դիվանագետին կարծես իրավունք են տվել խոսելու բոլոր ազգերի անունից, մինչդեռ Իսրայելին քաջ հայտնի է նույն Ադրբեջանի վերաբերմունքը հայերի եւ ոչ միայն հայերի հանդեպ: Ընդ որում, Ադրբեջանում տիրող խտրականության ու այլատյացության մասին իսրայելցի դիվանագետի համար մատչելի լեզուներով բազմապիսի զեկույցներ կան, որոնք փաստում են ադրբեջանական հասարակությունում առկա ու սերմանվող այլատյացության վտանգավոր չափերի մասին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4