Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ Ստրասբուրգում մեկնարկել է իր աշխատանքները, որոնց հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցում են միայն Հերմինե Նաղդալյանն ու Զարուհի Փոստանջյանը: Պատվիրակության մյուս անդամներն ամենայն հավանականությամբ չեն կարողացել կտրվել ակտիվ քարոզչական գործունեությունից:
Ու չնայած վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանին առնչվող որեւէ հարց չի քննարկվելու, այդուհանդերձ հայաստանյան պատվիրակները միշտ էլ անելիք ունենում են, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը վեհաժողովի բոլոր նստաշրջաններում մշտական թեմա են ադրբեջանական ու թուրքական, նաեւ այս երկրների լոբբիինգով զբաղվող պատվիրակների համար:
Երեկ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, վեհաժողովի աշխատանքների բացման ասուլիսում, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի, անդրադարձել է այդպես էլ կենդանություն չստացող այսպես կոչված ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի «ապագային», նշելով, թե ԵԽԽՎ բյուրոն այդ հարցով որեւէ նոր որոշում չի կայացրել: «Ազերիպրես» գործակալության տեղեկացմամբ, Մինյոնը հայտնել է, որ ինքը եւս որեւէ որոշում ենթահանձնաժողովի առնչությամբ չի կայացրել, բայց մտադիր է հանդիպել ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ` սեփական նախաձեռնությամբ:
Ըստ ադրբեջանական լրահոսի, Մինյոնը նաեւ հայտարարել է, թե մտադիր է հանդիպել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշ դիվանագետների հետ, հիմնականում` ֆրանսիացի համանախագահի քննարկելու ԼՂ հարցի ներկա վիճակը:
Ինչպես ասում են` հասել ես, իջիր...
Ա. Հ.