«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2012-04-21 | #74, 2012-04-24 | #75, 2012-04-26


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ` ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԻՄՔՈՒՄ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչեր բազմիցս հնչել են` հասցեագրված հարեւան Վրաստանի թե՛ խորհրդարանին, թե՛ այլ կառույցների, սակայն հարեւանների համար առաջնայինն իրողություններն ու արդարությունը չէ, հատկապես երբ հարցը վերաբերում է հայերին: Տվյալ դեպքում, առանձնակի կարեւորությամբ վերջին շրջանում, երբ Վրաստանն ամեն գնով փորձում է գրավել թուրքական կապիտալն ու, անկեղծ ասած, արդեն իսկ զգալի գրավված է այդ նույն կապիտալի կողմից, ակնհայտ է, որ վրացական իշխանությունները որեւէ պարագայում չեն «փչացնի» հարաբերությունները Թուրքիայի հետ` այն մոտեցմամբ, թե «Վրաստանից կախված» Հայաստանից զգուշանալու որեւէ պատճառ ու հիմք չունեն:

Վրացական խորհրդարանը, վրացական կառավարության ու նախագահի նման, երբեք էլ հայանպաստ կեցվածք չի ունեցել, ընդհուպ այն աստիճանի, որ հարեւանները միմյանց անգամ օրենսդիրի հարթակում «վիրավորում են» «հայ» կոչելով կամ մեղադրելով հայկական ծագում ունենալու մեջ: Այստեղ հետաքրքրականն էլ այն է, որ մի լավ փորփրելու դեպքում առնվազն թիֆլիսաբնակների մի զգալի հատվածի պարագայում հայկական արյան առկայությունն անհերքելի է:

Ամեն դեպքում, Թուրքիայի հետ հարազատանալու ձգտում ունեցող Վրաստանի նախագահի կառավարությունն ակնհայտորեն որդեգրել է ոչ միայն «չտեսնելու», այլեւ որոշ դեպքերում արգելելու Հայոց ցեղասպանությանն առնչվող հանգամանքները, ինչպիսին, տարբեր տեղեկությունների համաձայն, այս անգամ վրացական իշխանությունները դրսեւորել են Ջավախքում` ապրիլի 24-ին խոչընդոտելով մարդկանց մասնակցությունը հիշատակի արարողություններին:

Նույն ապրիլի 24-ին արդեն վրացական խորհրդարանում անդրադարձել են հայկականին, սակայն տգեղ ու կողմնակալ ձեւակերպմամբ: Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, ընդ որում` ելնելով զուտ միջադեպի անսովորությունից, որ վրացի խորհրդարանական, ընդդիմադիր Ջոնդի Բագատուրիան ընդհարվել է ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովի հետ, երբ Բագատուրիան հանդես է եկել հիշեցմամբ, որ Վրաստանի հայերը քանիցս դիմել են վրաց խորհրդարանին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Բագատուրիայի ելույթի ժամանակ Սուլեյմանովը մոտեցել է ամբիոնին ու փորձել այնտեղ դրված ջրով լիքը բաժակը շպրտել Բագատուրիայի վրա: Սուլեյմանովի անհաջող փորձին հետեւել է Բագատուրիայի շպրտած գրիչը:

Այս ամենին ականատես, Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Արմեն Բայանդուրյանն, ըստ «Panorama.am» կայքէջի, ադրբեջանցու ելույթից հետո փորձել է ելույթ ունենալ. «Իմ ելույթը Վրաստանի հեռուստաալիքներով չի հեռարձակվել ու միկրոֆոնն անջատած է եղել: Ադրբեջանցու ելույթից հետո ես մոտեցա խորհրդարանի խոսնակին եւ խնդրեցի ելույթի հնարավորություն տալ: Սակայն Բաքրաձեն ասաց, որ չի կարող դա անել, որովհետեւ ազգամիջյան վեճ է սկսվում»:

Բայանդուրյանը տեղեկացրել է, որ դրանից հետո առանց միկրոֆոնի, բարձրաձայն հայտարարել է. «Հիմա պատրաստ չեն, բայց կգա մի ժամանակ, որ Վրաստանը կընդունի ցեղասպանության փաստը»: Սրան ադրբեջանցի պատգամավորները որեւէ կերպ չեն արձագանքել: Բայանդուրյանն էլ շնորհակալություն է հայտնել նաեւ Բագատուրիային` ցեղասպանության խնդրի առնչությամբ ելույթի համար:

Հայ պատգամավորի պարզաբանմամբ, նկարահանվում ու տարածվում են ադրբեջանցի պատգամավորների գործողությունները, իսկ հայերինը` ոչ, տպավորություն ստեղծելով, թե հայերն ընդհանրապես չեն մասնակցում քննարկումներին:

Թե վրացական իշխանությունների նման կեցվածքն ինչ «արմատներ» ունի, պատմությունը քանիցս ի ցույց է դրել: Ու թեեւ շատ կարեւոր է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրաձայնում է վրացի պատգամավորը, այդուհանդերձ, վաղուց ժամանակն է, որ Վրաստանի «հայ ազգային փոքրամասնությունն» իր իրավունքների պահանջատերը լինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4