«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2012-04-21 | #74, 2012-04-24 | #75, 2012-04-26


ՊԱՀՊԱՆԵԼ ԿԱՊԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

«Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագիրը սփյուռքահայ շատ գործիչների միավորել է Հայաստանում: Նրանց հետ Երեւան են եկել նաեւ օտարերկրացիներ:

Ծրագրին մասնակիցը դառնալու եւ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքը մատուցելու նպատակով պատվիրակություն է ժամանել Արգենտինայից, որտեղ շուրջ 100 հազար հայեր են ապրում: Հայկական համայնքն ակտիվ մասնակցում է տեղի հասարակական կյանքին:

Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության նախարար Կլաուդիո Ավրուջի փոխանցմամբ` արգենտինահայ համայնքը Բուենոս Այրեսի կարեւոր համայնքներից է, ուստի իր համար Հայաստան այցելելը պարտքի նման մի բան էր: Համայնքի դերի մասին նման մտածողություն ունի նաեւ Բուենոս Այրեսի կառավարությունը:

Կլաուդիա Ավրուջն ընդգծում է` իրենց այցը կարեւոր էր եւ նրանով, որ ապրիլի 24-ին, երբ հիշատակվում է Հայոց ցեղասպանության տարելիցը, պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում:

Բուենոս Այրեսի կառավարությունը ձգտում է Արգենտինայում հնարավորինս տեղեկացնել հայոց պատմության էջերի մասին, օրինակ` Բուենոս Այրեսի կառավարության ջանքերով հրատարակվել է «Հայոց ցեղասպանություն» գիրքը, իսկ երբ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում ցանկացել են կանգնեցնել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը, տեղի բնակչությունն ու կառավարությունը թույլ չեն տվել:

Հայաստանի ու Արգենտինայի միջեւ բարեկամական հարաբերություններ են հաստատվել: Հիշեցնենք, որ անցյալ տարի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվել էր Բուենոս Այրեսը, որտեղ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են նաեւ հայկական միջոցառումներ, օրինակ` անցյալ տարի տեղի բնակչությունը հնարավորություն ունեցավ վայելելու Արա Գեւորգյանի համերգը, որը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միրությունը (ՀԲԸՄ) Բուենոս Այրեսի կառավարության հետ համատեղ, ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ:

Երեկ «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ ՀԲԸՄ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Սարաֆյանը , որի խոսքով` մշակութային միջոցառումները Սփյուռքում շատ կարեւոր են, քանի որ դրանց օգնությամբ մարդիկ հաղորդակցում են հայկական մշակույթին:

Իսկ մյուս կարեւոր գործոնը Բուենոս Այրեսի հայկական համայնքում հայերեն լեզվի դասավանդումն է, որպեսզի հաջորդող սերունդները տիրապետեն հայերենին, առանց այն էլ երիտասարդների մեծամասնությունը հիմա հայերեն խոսել չի կարողանում:Հետեւաբար հայերենը պահպանելու համար մեծ ջանքեր են հարկավոր, թեեւ Արգենտինայում կան հայկական դպրոցներ, սակայն մեծ է ձուլման վտանգը:

Հայապահպանությանն ուղղված քայլերից մեկն էլ «Սարդարապատ» շաբաթաթերթի հրատարակումն է, որը Բուենոս Այրեսում տպագրվում է արդեն 36 տարի: «Սարդարապատի» խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը տեղեկացնում է, որ թերթն անդրադառնում է համայնքի ու հայության խնդիրներին եւ բաժանվում է անվճար: Թերթի օգնությամբ նրանք ձգտում են պահել կապը հայկական աշխարհի հետ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4