ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Ապրիլի 25-ին, այն ժամանակ, երբ աշխարհի բոլոր ծայրերում հիշատակվում էր Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նախ ընդունել է Հորդանանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Աբդուռաուֆ ալ Ռավաբիդանի գլխավորած պատվիրակությանը, այնուհետեւՙ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը, երեկոյան էլ ծանոթացել է գեներալ Ալի Ասլանովի արձանի «կապիտալ վերականգնման» աշխատանքներին եւ, հավանաբար, «խիստ հոգնած» վերադարձել է տուն, չմոռանալով մեքենայի մեջ մի քանի անգամ կրկնել` «Ղարաբաղ բիզիմդիր, էրմանի` դուշմանի»:
Ինչո՞ւ ենք համոզված, որ Ալիեւն այդ օրը հաստատապես Ղարաբաղ անունը տվել է, քանի որ հենց ապրիլի 25-ին, այն ժամանակ, երբ Բաքվի նախագահական նստավայրում դրա «տիրակալը» ժպտում էր հորդանանցի ալ Ռավաբիդանին, ժամը 11:15-ին, հայ-ադրբեջանական սահմանագծում, Տավուշի մարզի Դովեղ գյուղում, ադրբեջանական կողմը սկսել եւ իրագործել է կրակահերթ, ինչը տեւել է 45 րոպե: «Ազգ»-ն արդեն տեղեկացրել է այս մասին` ընդգծելով, որ հակառակորդի կրակահերթն ուղղված է եղել գյուղի բնակելի հատվածներին ու, ինչն առավել է բնութագրում հակառակորդին` գյուղի մանկապարտեզին. երեխաներն ու սահմանակից տների բնակիչները տարհանվել են: Տեղեկություններ կան, որ գյուղացիները, որոնք նախկինում էլի ադրբեջանական կողմից հրաձգության ականատեսն են եղել, այս անգամ փոքր-ինչ վախեցած են կրակահերթի տեւողությունից ու մինչեւ այսօր խուսափում են դաշտեր գնալ:
Նոր էինք հասցրել «մարսել» այս տեղեկատվությունը, երբ երեկ պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը ապրիլի 24-ին, այս անգամ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին, համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած տեղեկատվության, կրակել է սանիտարական մեքենայի վրա, ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գեւորգի Մադոյանն ու Էռնեստ Միքայելի Սարգսյանը վիրավորվել են:
Ուրեմն ինչո՞վ է այս ակտիվությունը պայմանավորված, ինչո՞ւ հենց հիմա, ու ինչի՞ց կամ ինչերի՞ց հետո...:
Նախ, «Ազգ»-ն արդեն տեղեկացրել է, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը Ցեղասպանության օրը թուրքական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր այն, ինչը շատ է ուզում հայտարարել Իլհամ Ալիեւն ինքը, ուղղակի չի կարող, թույլ չեն տա:
Հիշեցնենք, որ Հասանովը հայտարարել էր. «Կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծի ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով, կամ Ադրբեջանը կազատի իր հողերը ռազմական տարբերակով»: Ահա եւ հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին այս երկու միջադեպերը հենց Հասանովի «աքլորության» օրերին գալիս են ցույց տալու, որ Հասանովի խոսքերն արժեք ունեն, այսինքնՙ Հասանովի խոսքերը Հասանովինը չեն իրականում, այլ Ալիեւի կողմից, թերեւս անձամբ գրված, խայծ: Արդեն ընդգծել ենք, որ Հասանովի այս «ոսկե միտքը» չի դիմանա եւ ոչ մի դիվանագիտական, իրավական քննության, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղղակի մանդատ չունի, եւ նպատակ` «լուծելու հակամարտությունը», նա ընդամենը միջնորդ է, ու այդ ցանկությունը պետք է ունենան կողմերն իրենք: Սակայն մի ուշագրավ տարր էլ ունի Հասանովի խոսքը: Մասնավորապես այն, որ Ալիեւի աշխատակազմի բաժնի վարիչը ամենեւին էլ հիմար չի կարող լինել, հետեւաբար, նա գիտի, թե ինչ է ասում: Այսպես, երբ Հասանովն ասում է. «Կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծի ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով, կամ...», սա նշանակում է, որ Բաքվի համար հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարող է լուծել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն էլ` «ճնշելով Հայաստանին», այլ կերպ ասած, Հասանովի շուրթերով Բաքուն եւս մեկ անգամ պահանջում է Մինսկի խմբից` ճնշել Երեւանին, իսկ արդեն Դովեղի դեմքով ապացուցում է, որ ինքը կարող է եւ կատակ չանել...:
Այս համապատկերում խիստ ուշագրավ էր վերջին օրերին Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի այցը Բաքու, որտեղ, հիշեցնենք, հրեա դիվանագետն իրեն զգում է «ինչպես բարեկամի տանը»: Եթե գումարենք նաեւ, որ վերջին օրերին հրապարակայնացվեցին ադրբեջանա-իսրայելական «ռազմական առեւտրի» որոշ մանրամասներ, ապա Լիբերմանի այցի օրերին սահմանում սրումը կարող է եւ որոշակի «միջազգային դավադրության» նշանակություն ունենալ: Հայաստանը նախընտրական շրջանում է, ու միջազգային ուժի կենտրոնները կարող են եւ որոշ սրումներ նախաձեռնել` նախընտրական գործընթացները իրենց ցանկացած ճանապարհով տանելու համար, իսկ Ղարաբաղը միշտ էլ եղել է եւ հիմա էլ կա աշխարհի համար այն հզորագույն լծակը` ազդելու ե՛ւ Երեւանի, ե՛ւ, անհրաժեշտության պարագայում, Բաքվի վրա: Եթե սա իրոք այսպես է, ապա մենք հասկանում ենք նաեւ, թե ինչու Դովեղի դեպքից հետո Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահը որեւէ խոսք չասաց, պաշտպանության եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները լռեցին...:
Եվ վերջում` քաղաքականության մեջ ամեն բան հնարավոր է, կամ, երբ Աստված չկա` ամեն բան թույլատրելի է...: