Ընթացող ընտրարշավը ցայսօր ունեցած դրսեւորումներով դրական ու բացասական երեւույթների ականատես է դարձնում: Դրական կարելի է համարել, որ նախկին ընտրությունների համեմատությամբ կուսակցություններին հաջողվում է առանց գլոբալ խոչընդոտների անցկացնել իր քարոզարշավային հանդիպումները, իսկ լրատվամիջոցներն էլ, առաջին հերթին հեռուստաեթերը, բոլորին հնարավորություն են տալիս հանդես գալու:
Այսպիսին է իրավիճակի գնահատականն ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, որ ներկայացվեց երեկ «Երկու երես» ակումբում:
Այլ դրական երեւույթների կողքին բացասական ամենամեծ դիտարկումը վերաբերում է վարչական ռեսուրսի օգտագործմանը: «Չեմ բացառում, որ դա հայ ժողովրդի մշակույթի մաս դառնա», կեսկատակ-կեսլուրջ նշեց քաղաքագետը, ավելացնելով, որ այս ընտրություններում, ինչպես ինքը կանխատեսել էր դեռեւս մեկուկես տարի առաջ, հիմնական պայքարը կոալիցիոն գործընկերների միջեւ է, որոնք էլ հավակնում են ստանալու առավելագույն թվով ձայներ, առանձնահատկությամբ, որ այս ընտրություններում խզումը ՀՀԿ-ԲՀԿ ձայների հավանական քանակի եւ այն քվեների միջեւ, որ կարող են ստանալ մասնակից մյուս կուսակցությունները, բավականին մեծ է:
ՀԱԿ կուսակցությունների դաշինքը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», ըստ Գրիգորյանի, հնարավորություն ունեն ստանալու ձայների 5 տոկոսը, թեեւ զարմանալի է համարում ՀԱԿ-ի` «outsider»-ների մեջ հայտնվելը: Այս իրավիճակը քաղաքագետը բացատրում է այնպես, թե մարդկանց չեն հետաքրքրում նրբությունները, հատկապես որ այս ընտրություններում ընդդիմությունը կորցրեց հետեւողականությունը: Իսկ դրա վառ օրինակ Ստեփանյանը ներկայացնում է համամասնական ընտրակարգով ներկայացված ցուցակները, երբ, օրինակ, ընդդիմադիր ներկայացող կուսակցության ցուցակում ցցուն իշխանամետներ են ներառվել, կամ երբ ավազակներին պատժելուց խոսում է ոչ վաղ անցյալում նույն պիտակով ներկայացվողը:
Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ հատկապես Հայ ազգային կոնգրեսի պարագայում նույն այդ համամասնական ցուցակը հայտարարելուց հետո շատերը հեռացան կոնգրեսից, ինչն էլ արտահայտվում է ոչ բազմամարդ միտինգներով: Այս ամենի ֆոնին քաղաքագետը զարմանքով է նշում, որ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը պահպանեցին իրենց գիծը, ընդ որում` ՀՅԴ-ի դեպքում նրանց ցուցակում պատահական մարդիկ չկան: ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի դեպքում Գրիգորյանը հավանական է համարում 5-տոկոսանոց շեմի հաղթահարումը այն դեպքում, երբ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հնարավոր է, որ խնդիրներ ունենան:
Այդուհանդերձ, առկա իրավիճակը վերջնական չէ, քանի որ քարոզարշավին մնացած 10 օրում էլ կարող են փոփոխություններ լինել, ըստ քաղաքագետի, անսպասելի քայլերի դեպքում, ինչպիսին էր, օրինակ, Զոլյան-Աշոտյան պատմությունը, ինչը, Գրիգորյանի հաշվարկներով, մոտ 30-40 հզ. ձայն խլեց ՀՀԿ-ի ընտրազանգվածից:
Ա.Հ.