Պատմաբան, ակադեմիկոս Ծատուր Աղայանի 100-ամյակի առիթով
Գիտությունների ազգային ակադեմիայում, մեծ եւ հանրահայտ մարդկանց հիշելու ավանդույթի ուժով, ապրիլի 25-ին ներկայացվում էր Ծատուր Աղայանի անցած ուղին ու թողած ավանդը` պատմաբանի 100-ամյա հոբելյանի շրջանակներում, նրա ժառանգների, մտերիմների, ուսանողների մասնակցությամբ: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Աղայանին ներկայացրեց որպես հայտնի հասարակական գործչի, պետական եւ ակադեմիական բարձր պաշտոններ զբաղեցրած ազգասերի, շնորհակալություն հայտնելով միջոցառմանը ներկա Հենրիխ Ծատուրի Աղայանին` հանրահայտ պատմաբանի, «մեծ գիտնականի, քաղաքացու, մարդու» հիշատակը մասնագետների հետ միասին պահելու համար:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի մատուցմամբ, 1950-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ ընտրված Ծատուր Աղայանին շատերը չէ, որ ճանաչում էին: Սակայն այդ կարգավիճակում նա հայտնվել էր նախ Գանձակում, հետագայում նաեւ Երեւանում մանկավարժական, ապա նաեւ մոսկովյան պատմագիտական ինստիտուտի երկու` պատմական ու փիլիսոփայական, Լոմոնոսովի անվան համալսարանի ասպիրանտական կրթությամբ եւ պաշտպանած դոկտորականով: Ու մինչ 1948-ը Երեւան կտեղափոխվեն ժամանակի ղեկավարության առաջարկով` Ծատուր Աղայանը 7 տարի գլխավորել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը, եղել պրոռեկտոր:
Մանկավարժական ակտիվ ու մշտական գործունեությանը զուգահեռ, ըստ Հովհաննիսյանի, ակադեմիկոս Աղայանը գիտական բեղմնավոր աշխատանք էր տանում: «Ծատուր Աղայանը մեր նշանավոր պատմաբաններից է, բազմաթիվ աշխատություններով, աշակերտներով, թեկնածուական 40 թեզ պաշտպանած ուսանողներով, 40 մենագրություններով, ավելի քան 400 գիտական հոդվածներով»:
Հովհաննիսյանի խոսքով, Ծատուր Աղայանը, գործելով խորհրդային տարիներին, ազգային մտածողությամբ գիտնական էր, առաջիններից մեկը լինելովՙ 1965-ին ձեւակերպեց Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնումը: Պատմաբանը, տուրք տալով ժամանակին, այդուհանդերձ, կարողանում էր ներկայացնել նաեւ ազգայինը` հայ ազատագրական շարժումները, Անդրանիկին, այս ամենի հետ մշտապես կարեւորելով հայ-ռուսական հարաբերությունները: Ավելին, ազգայինի կարեւորումը Ծատուր Աղայանի գործունեության մեջ նաեւ համարձակ քայլերով էր դրսեւորվում, ինչի մի օրինակ էլ մտավորականների մի խմբի հետ Թուրքիա այցելությունից հետո ժամանակին մեծ աղմուկ հանած «10 օր Թուրքիայում» գրքույկն էր, որ ընթերցող լայն շրջանակներին չթույլատրվեց հասցնել, այլ միայն 50 օրինակով տպագրվեց «ծառայողական օգտագործման համար»:
Պատմաբան, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի ներկայացմամբՙ Ծատուր Աղայանը «խաղաղասեր մարդ էր», ինչը մեծապես օգնել է կազմակերպելու ուզածդ կոլեկտիվի աշխատանքը: Այդպիսի մի աշխատանքի արդյունք էլ, ըստ Բարխուդարյանի, եղել են հայոց պատմության 8 հատորները, վերջին հատորները խմբագրել է հենց Ծատուր Աղայանը` իրեն հատուկ ազգասիրությամբ այդ հատորներում ներկայացնելով ազգային շատ դրվագներ:
Հանրահայտ պատմաբանի մասին խոսեց նաեւ Պատմական հեռանկարի հիմնադրամի նախագահ Նատալյա Նառոչնիցկայան ` Ծատուր Աղայանին ժամանակին լավ ճանաչած ակադեմիկոս Ալեքսեյ Նառոչնիցկու դուստրն ու գործը շարունակողը: «Ծատուր Աղայանն առավել ծառայում էր հայրենիքին, քան պետությանը», ներկայացնելով հայ ակադեմիկոսին` նշեց Նառոչնիցկայան, ավելացնելով, որ Աղայանն իրական ազգային գիտակցություն ուներ` հայ ժողովրդի պատմության հետ սերտ կապվածությամբ, ինչն էլ Աղայանի աշխատությունների արդիականության գրավականն է:
«Լայնախոհ մարդ» Աղայանը, ըստ հիմնադրամի նախագահի, նաեւ պատմական զարմանալի հոտառություն ուներ, ավելին, «սեփականի հանդեպ սերը չէր նշանակում ատելություն ուրիշի նկատմամբ»: «Ղարաբաղի մասին էլ Աղայանը ասում էր, որ բնիկ հայկական է: Այդ մասին գրել չէր կարելի, սակայն չնայած գաղափարաբանական սահմանափակումներին` Աղայանին հաջողվում էր հայերի պատմությունը համայնապատկերային ներկայացնել», եզրափակեց Ժողովրդավարության եւ համագործակցության Փարիզում գործող եվրոպական ինստիտուտի տնօրեն Նատալյա Նառոչնիցկայան:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ