«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2012-04-24 | #75, 2012-04-26 | #76, 2012-04-27


Ի ՀԻՇԱՏԱԿ ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ

TAKHTAJANIA հանդեսի առաջին պրակը

Հայկական բուսաբանական ընկերության հրատարակած TAKHTAJANIA հանդեսը նախորդՙ «Հայաստանի ֆլորան, բուսականությունը եւ բուսական ռեսուրսները» պարբերականի շարունակությունն էՙ անվանափոխված, տպագրվում է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության եւ Armenia Tree Project հիմնադրամի աջակցությամբ: Բովանդակում է մասնագիտական տարբեր ոլորտներին վերաբերող հրապարակումներ (բույսերի կարգաբանություն, ֆլորիստիկա, էվոլյուցիա, մորֆոլոգիա, անատոմիա, պալինոլոգիա, հնէաբուսաբանություն եւ այլն):

Հանդեսը անվանափոխված է ի պատիվ XX դարի եւ XXI դարի սկզբի հայ ականավոր բուսաբան, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի ՙ մտահղացված իր նախկին ուսանողների, գաղափարակիցների, գիտական ժառանգության հետեւորդների կողմից, որպես երախտիքի տուրք մեծ գիտնականի, ուսուցչի անգնահատելի ծառայության: Հիրավի Արմեն Թախտաջյանի վաստակը գիտության այս ասպարեզում դժվար է գերագնահատել, հատկապես ինչպես խմբագրական խոսքում է ներկայացված, կենսաբանական գիտությունների վերածննդի հետ կապված, երբ Գյուղատնտեսական գիտությունների համամիութենական ակադեմիայի (ВАСХНИЛ) 1948 թ. տխրահռչակ նստաշրջանում գենետիկան դասվեց կեղծ գիտությունների շարքին: Արմեն Թախտաջյանն այն սակավներից էր, որ կարողացավ ոչ միայն վերականգնել կենսաբանության հեղինակությունըՙ դրա գլխավոր բնագավառում, այլեւ բարձրացնել բոլորովին նոր մակարդակի: Թախտաջյանը հիմնադրեց բուսաբանության իր դպրոցը, հայկական բուսաբանական դպրոցըՙ բոլոր հիմնական ուղղություններով:

Գիտնականի մեծ կենսագրություն է ձեւավորել Ա. Թախտաջյանի անցած ճանապարհը. այն ժառանգությունը, որ նրան փոխանցվել էր նախնիներից, հիմքն էր այդ կենսագրության: Պապըՙ արմատներով Տրապիզոնից, Վենետիկի Մխիթարյան հայրերի մոտ էր ուսանել, տիրապետել եվրոպական եւ արեւելյան մի շարք լեզուների, աշխատել լրագրության ասպարեզում: Հայրըՙ Լայպցիգի համալսարանում կրթություն ստացած գյուղատնտես, մասնագիտությունը կատարելագործել էր Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում: Մասնագիտական որոնումները նրան բերում են Անդրկովկաս, Շուշի, որտեղ նա հանդիպում է ապագա կնոջը, որն արմատներով սերում էր Լազարյանների նշանավոր տոհմից: Արմեն Թախտաջյանը ծնվել է Շուշիում, նախնական կրթությունը ստացել Թիֆլիսում, մեկ տարի որպես ազատ ունկնդիր մասնակցել է Լենինգրադի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասընթացներին, ապա սովորել Երեւանի համալսարանի նույն ֆակուլտետում, ուսումը շարունակել Թիֆլիսում: Երեւանում պաշտպանել է դոկտորական թեզ եւ 34 տարեկանում արդեն Երեւանի համալսարանի ամենաերիտասարդ պրոֆեսորներից էր: Գիտական գործունեության 15 տարին այստեղ է անցել, ապա սկսվել է լենինգրադյան շրջանի գիտական բեղուն գործունեությունը: Եղել է տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան, ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ Բուսաբանության ինստիտուտը եւ հնէաբուսաբանության լաբորատորիան, գրեթե 10 տարի Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենն է եղել: ՍՍՀՄ եւ ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ է, ակադեմիկոս: 75 տարիների գիտական գործունեության ընթացքում հեղինակել է 300-ից ավելի ուսումնասիրություն, այդ թվումՙ 20 գիրք, իր խմբագրությամբ լույս է տեսել «Հայաստանի ֆլորան» բազմահատորյակը, որի առաջին հատորի հեղինակն է: Գիտական հետազոտությունները վերաբերում են բարձրագույն բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիայի, ծաղկավոր բույսերի աշխարհագրությանը: Ստեղծել է բույսերի մորֆոլոգների եւ կարգաբանների դպրոց եւ մշակել նորագույն տարբերակ բուսական աշխարհի ծագման եւ դասակարգման մասին: Արժանացել է հեղինակավոր բազմաթիվ պարգեւների, պետական բարձրագույն մրցանակների: Համաշխարհային հեղինակության գիտնական է Արմեն Թախտաջյանը, 1955-ից սկսած նա պարբերաբար մեկնել է արտասահմանյան երկրներՙ դասախոսությունների, մասնագիտական խորհրդատվությունների: Հայտնի անուն էր արտերկրի գիտական շրջանակներում, բազմաթիվ երկրների, այդ թվումՙ Մ. Նահանգների գիտությունների ակադեմիաների արտասահմանյան անդամ, Կենսաբանական գիտությունների միջազգային միության բուսաբանության բաժանմունքի եւ բույսերի տաքսոնոմիայի գծով միջազգային ասոցիացիայի նախագահ:

1997 թ. Նյու Յորքի բուսաբանական այգում կայացավ Ա. Թախտաջյանի Diversity and Classification of Flowering Plants գրքի շնորհանդեսը, որտեղ արժանացավ տարվա լավագույն հրապարակում The Henry Allan Gleason Awards-ին: Մինչեւ կյանքի վերջը, մինչեւ խոր ծերություն Ա. Թախտաջյանը մնաց գիտության պատնեշներին, վերջինՙ Flowering Plants գիրքը, որի վրա դժվարորեն աշխատեց նա, լույս տեսավ կյանքի ավարտինՙ 2009 թվականին:

Ահա այսպիսի գիտական կենսագրության, հրաշալի, բարեհոգի մարդու, իմաստուն ղեկավարի հիշատակին է նվիրված հանդեսը, որի առաջին բաժինը իր նախկին ուսանողների, կոլեգաների հիշողություններն են սիրելի ուսուցչի, գիտնականի աշխատանքային եւ մարդկային գործունեության մասին ծավալվող: Եվ ներկայացվում է ոչ միայն գիտության մարդու, ուսուցչի կատարյալ կերպար, այլեւՙ անչափ հետաքրքրական եւ առինքնող մարդկային մի նկարագիր: Նրան հիշում են որպես լայն աշխարհայացքի, ֆենոմենալ հիշողության, բացառիկ գիտելիքների տեր գիտնականի, ուշադիր եւ նրբանկատ ուսուցչի, բազմակողմանի հետաքրքրությունների տեր անձնավորության: Բնության այս մեծ սիրահարը նույնքան տարված էր արվեստով, գրականությամբ, երաժշտությամբ, հատկապես նկարչությամբ, մտերիմ էր Մարտիրոս Սարյանին (որի մի քանի նկար նվիրված է գիտնականին), Մինաս Ավետիսյանին եւ Հարություն Կալենցին, ինքն էլ սիրել է նկարել: Հանդեսի էջերի բազմաթիվ լուսանկարների կողքին ներկայացված է Թախտաջյանի նկարչական աշխատանքներից մեկը. «Հին Երեւան»: Դժվար չէ նկատել գունաստեղծման եւ կտավի մթնոլորտի ներդաշնակման ներքին զգացողական արվեստը:

Իր հուշերում Մ. Սարյանի հետ կապված մի քանի հետաքրքրական դրվագներ է պատմում Վանդիկա Ավետիսյանըՙ Գառնի կատարած մի արշավից, որին մասնակից են արել նաեւ 72-ամյա նկարչին. այստեղ է նա նկարել «Ազատ գետի կիրճը» հրաշալի գունային կտավը: Լենինգրադյան տարիներից նա հիշում է, թե ինչպես էր Արմեն Թախտաջյանը արվեստի նկատմամբ սերը փոխանցում իր ուսանողներին, դարձնելով նրանց քաղաքի համերգասրահների, թանգարանների ու գրադարանների մշտական այցելու: Այդ տարիներին Պոլ Գոգենի «Նոա-նոա» գրքի միակ օրինակը ձեռքից-ձեռք էր անցնում: Պատահական չէ, որ 60-ականների խորհրդային իրականությունը նա բնութագրել է այսպես. «Առաջ ապրում էինք բանտում, հիմա մեզ թույլ են տվել շրջել բանտի բակերում»: ՈՒսուցչի մասին հիշողություններում Էլեոնորա Գաբրիելյանը անդրադառնում է գիտության մեջ Թախտաջյանի նորարարություններին, փայլուն դասախոսություններին, գիտական ուսումնասիրությունների համար ԱՄՆ կատարած իրենց համատեղ ուղեւորությանը եւ հայաստանյան արշավանքներին. այս առիթով նա հիշում է դրանցից մեկըՙ Մ. Սարյանի, Մ. Ավետիսյանի, Հ. Կալենցի մասնակցությամբ, վկայում նկարչության հանդեպ Թախտաջյանի կրքոտ սերը եւ Հրազդանի կիրճում Մինասի եւ Թախտաջյանի համատեղ ստեղծած նկարըՙ իրեն նվիրած:

Նատաշա Ագապովան ՙ Թախտաջյանի վերջին տարիների մտերիմը, որը արդեն կուրացած գիտնականին աջակցում էր ոչ միայն աշխատանքներում, նաեւ նրա համար հայթայթում եւ ընթերցում համաշխարհային արվեստի մասին գրականություն, նրան բնութագրում է այսպես. «Իր բնավորության երկաթե կամքի, նպատակասլացության եւ խստապահանջության հետ մեկտեղ նա միաժամանակ նրբանկատ էր, մեղմաբարո, երեխայի պարզամտությամբ:

...Երբ դեռ ողջ էր,- գրում է,- անգամՙ ծանր հիվանդ, զգալի էր նրա հայրական հոգատարությունը ոչ միայն մերձավորների, նաեւ Բուսաբանության ինստիտուտի բոլոր աշխատակիցների նկատմամբ: Նա անտեսանելի պատ էր, պատվար, որ պաշտպանում էր բոլորիս դժվարություններից ու անհաջողություններից»:

Ռուսաստանի ԳԱ Վ. Կոմարովի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Յարմիշկոն տեղեկացնում է, որ բացվելու է Արմեն Թախտաջյանի անվան կաբինետՙ գրադարանով, գիտնականի աշխատություններով, անձնական իրերով համալրված:

Հանդեսի հաջորդ բաժինը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի եւ արտերկրի մի շարք գիտաշխատողների 31 տարաբնույթ ուսումնասիրություններ, որոնք հիմնականում արտացոլում են Ա. Լ. Թախտաջյանի բուսաբանական դպրոցի բոլոր ուղղությունները:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4