Իլհամ Ալիեւի ենթակայության 1news.az-ը, թիրախ ընտրելով ռուսաստանցի պաշտոնաթող դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովին, հերթական անգամ հնչեցրել է «արդարացի» տեսակետ: Այն հանգում է հետեւյալին. «Լեռնային Ղարաբաղում հայերը մինչ «իրավական ուժ ունեցող կամարտահայտություն» եւ դրանից հետո կարող են ապրել միայն որպես Ադրբեջանի քաղաքացիներ»: Իսկ թե ինչո՞ւ` այդ առթիվ էլ «մեկնաբանել է, որ նրանք «ավելի լավը կամ վատ չեն, քան Հայաստանի նախկին ադրբեջանցի բնակչությունը, որը խորհրդային իշխանության բոլոր տարիներին չի ունեցել ոչ ինքնավարություն, ոչ իրավունքներ, ոչ էլ այն, ինչ ունեցել են թվաքանակով ավելի քիչ ԼՂԻՄ հայերը»:
Ըստ իլհամալիեւական լրատվամիջոցի, Հայաստանի «ադրբեջանցիներին ամենակոպիտ ձեւով վռնդել են պատմական հայրենիքից»: Եվ եթե «կարելի է ադրբեջանցիների հետ այդպես վարվել, որպեսզի սեփական հանրապետությունը ապահովագրվի պոտենցիալ սեցեսիոնիզմից, ապա թող գտնվի մի մարդ եւ մեզ (ադրբեջանցիներին- Վ. Ա.) բացատրի, թե ինչու չի կարելի ճիշտ նույն ձեւով վարվել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ»:
Այսպես Բաքվի հրապարակում խոսում էին 1989-90-91թվականներին: Ասում էին, որ «հայերին պետք է արտաքսել Ղարաբաղից, քանի որ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել»: Ավելի քան երկու տասնամյակ անց նույն «տեսությունը» ներկայացնում է ադրբեջանական մի լրատվամիջոց, որ վերահսկում է ոչ թե ընդդիմությունը, այլ «նորին գերազանցություն» բռնապետը: «Եթե Հայաստանի տարածքը չի կարելի մասնատել, որպեսզի իքնորոշվեն զանգեզուրցի, գյոկչայցի, վեդիբասարցի, ամասիացի ադրբեջանցիները, ապա ղարաբաղցի հայերի որեւէ ինքնորոշում չպետք է փոխի Ադրբեջանի տարածքը»,- գրում է 1news.az-ը:
Հարկ չկա, կարծես, տրվելու պարտադրվող գայթակղությանը եւ ասելու, որ եթե ինքնորոշումը «իջեցվի համայնքայինի մակարդակի», ապա հարկ կլինի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում ստեղծել հայկական ինքնավարություն, կիսել Գյանջան, Սումգայիթը, եւս մի ինքնավար տարածաշրջան ստեղծել` ընդգրկելով Դաշքեսանի, Շամքորի, Գյոյգյոլի շրջանները, եւս մեկը` Շամախի-Իսմայիլլի գոտում եւ այսպես` մինչեւ Ռուսաստանի հետ սահմանակից` Ադրբեջանի հյուսիսային շրջաններ, որտեղ պատմականորեն, վաղնջական ժամանակներից հայ ավտոխտոն բնակչություն է ապրել եւ բռնատեղահանվել 1987-89-90 թվականներին:
Էականն Իլհամ Ալիեւի խոսափողի ասածներում այն է, որ Ադրբեջանը ունեցել է եւ ունի Լեռնային Ղարաբաղից հայ տոհմիկ բնակչությանը բռնատեղահանելու նպատակ: Ի՞նչ է ասել Վլադիմիր Կազիմիրովը: Մի ճշմարտություն` որ Բաքուն մշտապես խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունները: 1news.az-ը ցինիկաբար զարմանում է, թե «մի՞թե Ադրբեջանը դեմ էր իր տարածքների ազատագրմանը, որպեսզի խախտեր հրադադարը եւ թույլ չտար, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի պահանջները կատարվեն»:
- Ոչ, «ձերդ բռնապետական մեծություն», Ադրբեջանը հիմար չէր, բայց ամեն անգամ խախտում էր հրադադարի համաձայնությունը, քանի որ մտադիր էր նոր հարձակմամբ «մեկառմիշտ լուծել» հարցը: Այն է` գրավել Լեռնային Ղարաբաղը եւ նրա ավտոխտոն բնակչությանը բռնատեղահանել: Ինչպես որ մեկ անգամ փորձել էր անել ԽՍՀՄ պատժիչ զորքերի օգնությամբ:
Սա է հրադադարը չհարգելու եւ այսօր էլ «մարտական գործողությունները մի օր վերսկսելու» Ադրբեջանի նպատակադրվածությունը, որ, գուցե, հիմարաբար, գուցե` ցինիկաբար, բայց ամեն դեպքում մատնել է 1news.az-ը: Հետաքրքրական է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղյա՞կ են այս ամենին: Եվ արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի մտագարության մոլուցքի այս եւ այլ դրսեւորումները ներկայացվեն միջնորդների ուշադրությանը: Ավելին, չարժե՞ ակնհայտի հայտարարել, որ «խելագար եֆրեյտորի» հետ բանակցելու ցանկություն ոչ ոք չունի:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ