«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2012-04-26 | #76, 2012-04-27 | #77, 2012-04-28


ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՐՑԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ «ԽՐԱԽՈՒՍՈՂԸ»` ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ

Թուրքիայում հանգրվանած ու թերեւս փորձագիտական հարթակում խորհուրդներ վաճառող ամերիկյան դիվանագիտական կորպուսի նախկին անդամ, որ սիրում էր որպես արհեստավարժ դիվանագետ ներկայանալ, Մեթյու Բրայզային, որ այդպես էլ չկարողացավ նստած մնալ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի աթոռին, կարծես փոխարինող է գտնվել, այն էլ տարածաշրջանի իմացության ընդգծված պաշարով:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական մամուլըՙ հղում անելով Սպիտակ տան ապրիլի 26-ի ճեպազրույցում արված հայտարարությանը, Բարաք Օբաման Կոնգրեսին Ադրբեջանում դեսպանի նոր թեկնածու է առաջարկել ի դեմս ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը ԱՄՆ օրենսդիր մարմնում չհաստատեցին դեռեւս 2010-ի վերջում: Ու թեեւ, շրջանցելով ԱՄՆ Սենատը, նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակվել էր այդ պաշտոնում, սակայն մինչեւ 2012-ի հունվար այդպես էլ Սենատի կողմից չհաստատվեց իր պաշտոնում ու ստիպված եղավ ճամպրուկները կապել:

Դեսպանի թեկնածու Մորնինգսթարը 2009-ից ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից նշանակվել է եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Մինչ այդ նա դասավանդում էր Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցում` նախորդած դասախոսական գործունեության ընթացքում հանգրվանած լինելով տարբեր հայտնի հաստատություններում:

Սթանֆորդի բարձրագույն դպրոցում իրավաբանական կրթություն ստացած Մորնինգսթարի կենսագրականում առավել հետաքրքրական է, որ նա 1993-95 եղել է Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի փոխնախագահ, 1995-98-ին եղել է ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի հատուկ խորհրդականը ԱՊՀ երկրներում ԱՄՆ-ի հետ երկկողմանի եւ առեւտրային ներդրումային գործունեության հարցերով:

Այդուհետեւ իր գործունեությունը Ադրբեջանում ՄԱՆ դեսպանի ներկայիս թեկնածուն շարունակել է որպես ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի հատուկ խորհրդական կասպյան ավազանի էներգետիկ դիվանագիտության հարցերով` պատասխանատու լինելով կասպյան շրջանում ԱՄՆ քաղաքականության ու էներգետիկ փոխադրումների առավելագույն կոորդինացումն ապահովելու համար:

Ռիչարդ Մորնինգսթարը նաեւ արտաքին քաղաքականությանն առնչվող հոդվածների հեղինակ է, այդ թվումՙ այնպիսի նյութերի, որոնք վերաբերում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ այլ նմանատիպ էներգետիկ նախագծերի, ինչն ակնհայտ է դարձնում, որ այս թեկնածուի պարագայում էլ Բաքվի ղեկավարության հետ քաջածանոթ լինելը անհրաժեշտություն է եղել, ավելինՙ Մորնինգսթարը փաստացի ԱՄՆ էներգետիկ շահերի պրոֆեսիոնալ է:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4