Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար առաջնային ու հրատապ խնդիր է տարբեր վկայականներում սեփական լեզվի հնչողությանն ու ձեւին համապատասխանող անուն-ազգանվամբ ներկայացված լինելը, ինչպես նաեւ, հնարավորության դեպքումՙ սեփական ազգության հիշատակումով: Մասնավորապես, օրինակ, ռուսական համայնքի ներկայացուցիչները ցանկանում են իրենց անուն-ազգանունները, հայրանունները տեսնել այնպես, ինչպես դա հնչում է ռուսերենով:
Դրա համար, ի մասնավորի, Հայաստանի արդարադատության նախարարությունը առաջարկում է, որ հարցին լուծում տրվի` օգտագործելով նոտարական գրասենյակների ծառայությունները, թարգմանելով ազգանունները կամ հայրանունները այնպես, ինչպես ցանկանում է տվյալ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը:
Մեկ այլ կարեւոր հարց էլ ազգային փոքրամասնությունների համար անձնագրերում սեփական ազգությունը նշելու հնարավորությանն է վերաբերում: Տվյալ դեպքում անհրաժեշտություն է առաջանում փաստաթղթային հիմք ներկայացնելու, թե որեւէ անձ այս կամ այն փոքրամասնության ներկայացուցիչ է այն պարզ պատճառով, որ անձնագրում նշվող ազգության տվյալը իրավունքներ է ծնում, ինչը կարող է շահարկվել:
Օրինակ, որեւէ մեկը կարող է առանց փաստաթղթային հիմնավորման պնդել, թե հույն է` ցանկանալով մեկնել Հունաստան, քանի որ հույն լինելու դեպքում հեշտացված է Հունաստանի քաղաքացիության տրամադրումը: Ասել է թե միշտ չէ, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչն է ներկայանում որպես այդպիսին, ինչպիսի կեղծիքներից խուսափելու համար ազգությունը անձնագրում նշելու համար համապատասխան փաստաթղթեր են պահանջվում:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցած աշխատաժողովը նվիրված էր միջազգային եւ ազգային օրենսդրությամբ ամրագրված փոքրամասնությունների իրավունքներին ու քաղաքական գործիչների, լրատվամիջոցների եւ հասարակական լայն շերտերի շրջանում դրանց վերաբերյալ իրազեկության բարձրացման մեխանիզմներին: Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի նախագահի աշխատակազմից, արտաքին գործերի նախարարությունից, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող պետական այլ կառույցներից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ինչպես նաեւ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքներից:
Մասնակիցներին ներկայացվեց ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող փաստաթղթերի ընտրանին, որ պատրաստել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը` Հայաստանի ԱԳՆ-ի եւ կառավարության ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի վարչության հետ համագործակցությամբ: Ձեռնարկում ներկայացված են ինչպես Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերի` ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ դրույթները, այնպես էլ խորհրդատվական բնույթի փաստաթղթեր եւ քաղվածքներ Հայաստանի օրենսդրությունից:
Ձեռնարկը հայերենով հասանելի է նաեւ էլեկտրոնային տարբերակով` ԵԱՀԿ կայքէջում: Ըստ աշխատաժողովի մասնակիցների, փաստաթղթերի այսօրինակ հավաքածուն հնարավորություն կտա բարձրացնելու ազգային փոքրամասնությունների իրավունքների իրազեկությունը ոչ միայն փոքրամասնությունների ներկայացուցիչների, այլեւ նրանց մեջ, ովքեր կիրառում են այդ իրավունքները` պետական աշխատողներից մինչեւ իրավապաշտպան կառույցներ:
Ա.Հ.