Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ շուրջ 30 ահազանգ է ստացել, որն օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի կարծիքով, սակայն, չի արտահայտում նախընտրական ամբողջական պատկերը: Հետեւաբար, օմբուդսմենը դիմում է քաղաքացիներին ավելի ակտիվ լինելու խնդրով եւ նշում, որ խախտումներ նկատելու դեպքում զանգահարեն ՄԻՊ գրասենյակի թեժ գծին` 116 հեռախոսահամարով:
Զանգահարելով 116 հեռախոսահամարին` քաղաքացին կարող է միանալ արագ արձագանքման ծառայությանն ու հայտնել իր դժգոհությունը կամ դիտարկումները: 116 համարին գանգահարելն անվճար է ինչպես քաղաքային, այնպես էլ բջջային հեռախոսներից: Կարեն Անդրեասյանը նշում է` երկիրը ժողովրդավար է դառնում հենց քաղաքացիների ակտիվության շնորհիվ, ուստի մեր քաղաքացիները նույնպես պետք է ակտիվ լինեն եւ չխուսափեն ՄԻՊ գրասենյակին դիմելուց: Իսկ առ այսօր ստացված դժգոհությունները հիմնականում վերաբերել են ընտրակաշառքներին, ցուցակների անճշտությանն ու նախընտրական պաստառների պատառոտմանը:
Երեկ «Տեսակետ» ակումբում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Անդրեասյանը հավաստիացրեց` եթե քաղաքացին դիմում է ՄԻՊ գրասենյակ, ապա նրա անվան գաղտնիությունը լինում է ապահովված, բայց միաժամանակ կարեւոր է, որ գրասենյակը ինֆորմացիան ստանա հենց առաջին, ոչ թե միջնորդավորված աղբյուրներից:
Ստանալով խախտումների վերաբերյալ ինֆորմացիա` ՄԻՊ գրասենյակը դիմում է ոստիկանություն, որպեսզի վերջինս սկսի հետաքննություն, բացի դրանից` հետաքննության ընթացքում գրասենյակը հետեւում է ոստիկանության ու դատախազության աշխատանքներին: «Քանի որ ինքներս հետաքննություն իրականացնող մարմին չենք», հավելում է օմբուդսմենը:
Իսկ կոնկրետ գնահատականներ նախընտրական շրջանի վերաբերյալ Կարեն Անդրեասյանը չի տալիս` չցանկանալով քարոզչության մաս կազմել:
ՄԻՊ գրասենյակն ավելի կոնկրետ գնահատականներ կտա միայն ընտրություններից հետո:
Ի. Պ.