«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2012-04-27 | #77, 2012-04-28 | #78, 2012-04-29


«Exit-poll-Ի ԴԵՊՔՈՒՄ «ՎԱԽ» ԱՍՎԱԾԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՖ Է»

Կողմնորոշումը դեպի ՀՀԿ եւ ԲՀԿ աճում է` «տեղ թողնելով» նաեւ ՕԵԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին ու «անցողիկ» շեմին տատանվող «Ժառանգությանը»

Պարտադիր չէ, որ ընտրությունների առնչությամբ սոցիոլոգիական հարցումների եւ քվեարկության արդյունքների համընկնումը նշանակի, թե գործընթացը տեղի է ունեցել առանց մեքենայությունների ու կեղծիքների: Եվ դա այն պատճառով, որ հարցումներն անցկացվում են քվեարկության օրից ամենաուշը 1-2 շաբաթ առաջ:

«Ազգի» հարցին, թե որքանով կարող է սոցհարցումների եւ քվեարկության արդյուքնների համընկնումը ընտրությունների արդար լինելու ցուցանիշ լինել, «Արմնյուզ» հեռուստաալիքի պատվերով արդեն երկրորդ նախընտրական հարցումը Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ անցկացնող The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկենեն երեկ ասուլիսում պարզաբանեց, որ քարոզարշավի հիմնական շեշտադրումներն արվում են հենց վերջին շաբաթներում, ինչը կարող է էականորեն ազդել քվեարկության արդյունքների վրա, այդպիսով նաեւ տարբերություն ապահովելով սոցհարցումների տվյալների համեմատությամբ:

Ըստ Ալիշաուսկենեի, տարօրինակ կլինի, եթե լրիվ համընկնում լինի, քանի որ ընտրողների մոտ 15-20 տոկոսն իր ընտրությունը կատարում է քարոզարշավի վերջին շաբաթում, անգամ հենց քվեարկության օրը: «Տարօրինակ կլինի նաեւ, եթե սոցհարցման տվյալները տրամագծորեն տարբերվեն քվեարկության արդյունքներից», ասաց The Gallup Organization-ի ներկայացուցիչը: Նրա խոսքերով, վատ է, երբ քվեարկությունից անմիջապես հետո անցկացվող exit-poll-ի տվյալները չեն համապատասխանում քվեարկության արդյունքներին:

«Ազգի» հարցին, թե exit-poll-ի դեպքում էլ չի կարող ազդել ընտրության մասին հայտնելու վախի գործոնը, Ալիշաուսկենեն արձագանքեց, որ այդ պատկերացումը հետխորհրդային միֆ է: «Այդ «վախի գործոն» ասվածի տակ հաճախ թաքնվում են, երբ ոչ պրոֆեսիոնալ են անցկացնում exit-poll-ը», վստահեցրեց Ալիշաուսկենեն, ավելացնելով, որ Հայաստանում մարդիկ հաստատապես ավելի շատ չեն վախենում, քան, ասենք, այլ հետխորհրդային երկրում կամ Եվրոպայում:

Ինչեւէ, ապրիլի 16-22-ը Հայաստանի չափահաս 1015 բնակիչների շրջանում արված հարցման արդյունքներով, քվեարկությունից երկու շաբաթ առաջ առավել մեծ աջակցություն են վայելում ՀՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ հարցվածների 39 տոկոսը, եւ ԲՀԿ-ն` համապատասխանաբար 26 տոկոսը: Ապրիլի 4-10 անցկացված առաջին հարցման արդյունքների համեմատությամբ, ՀՀԿ ձայներն ավելացել են 5 տոկոսով, ԲՀԿ-ինը` պակասել 2 տոկոսով: ՀԱԿ կուսակցությունների դաշինքը, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, ըստ հարցման, «գրեթե վստահաբար» կարող են անցնել Ազգային ժողով, իսկ «Ժառանգությունը» տատանվում է «անցողիկ» շեմին:

Ինչ վերաբերում է ընտրությունների հանդեպ հետաքրքրությանը, ապա հարցվածների 66 տոկոսը «հաստատ ընտրելու է», 23 տոկոսը «հավանաբար կընտրի»: Ալիշաուսկենեն հատուկ շեշտեց, որ հարցմանը մասնակցում են Հայաստանում գտնվող անձինք այն դեպքում, երբ ընտրացուցակներում են նաեւ գրանցված, բայց երկրից բացակայողները, դրա համար էլ ընտրություններին մասնակցողների վերջնական թվաքանակը սովորաբար ավելի ցածր է լինում, քան հարցման դեպքում:

«Հայաստանում գործերը ընթանում են ճիշտ» ձեւակերպմանը համաձայնել է հարցվածների 50 տոկոսը, 41-ը` համաձայն չէ: Ըստ կուսակցությունների աջակիցների, առավելապես «ճիշտ» լինելուն համաձայն են ՀՀԿ (75 տոկոս), ԲՀԿ (52 տոկոս) եւ ՕԵԿ (42 տոկոս) աջակիցները` «Ժառանգության» աջակիցների` 7-տոկոսանոց ամենացածր համաձայնությամբ: Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիր են հարցմամբ նշվել գործազրկությունը, սոցիալական վիճակը, ցածր աշխատավարձը:

Հետաքրքրական է, որ առաջին հարցումից մինչեւ երկրորդը քիչ նվազել է քաղաքական տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուր` հեռուստատեսության նշանակությունը` 96 տոկոսից դառնալով 93, երբ մեծացել է ինտերնետի (26-ից հասել է 30 տոկոսի) եւ բարեկամ-ընկերների տված տեղեկությունների բաժինը (31-ից 33 տոկոս): Ըստ հարցման ավելացել է նաեւ այն ընտրողների թիվը, ովքեր գտնում են, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար` նախկին 36 տոկոսի փոխարեն կազմելով 38 տոկոս, ընդ որում, ընտրությունների ազատ եւ արդար լինելու հարցում համոզված չէ հարցվածների 53 տոկոսը` նախկին 56-ի փոխարեն: Նույն ցուցանիշն ըստ կուսակցությունների աջակիցների մեծապես տատանվում է. այն դեպքում, երբ ՀՀԿ ընտրազանգվածից 57 տոկոսը համոզված է ընտրությունների արդար ու ազատ լինելու մեջ, ԲՀԿ եւ ՕԵԿ-ի դեպքում 35-տոկոսանոց հատվածով, ապա «Ժառանգության» ու ՀԱԿ աջակիցների թվում համապատասխանաբար 14 եւ 21 տոկոսն է համոզված, թե ընտրությունները կլինեն ազատ եւ արդար:

Առաջին եւ երկրորդ հարցումների արդյունքներով հայաստանցիները մնում են «ընդգծված եվրոպական» կողմնորոշմամբ: Հարցվածների 69 տոկոսը նշել է, որ Հայաստանն ապագայում պետք է անդամակցի Եվրոմիությանը, միաժամանակ, 80 տոկոսն էլ ցանկանում է, որ մնանք ԱՊՀ կազմում:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4