«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2012-04-28 | #78, 2012-04-29 | #79, 2012-05-01


ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴ. ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ԵՎ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարեւորում է Հայաստանի հետ տարբեր նախագծերի կարեւորությունը: Այս մասին Ահմադինեժադը հատուկ ընդգծում է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը` ապրիլի 29-ին, երբ Նալբանդյանը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Թեհրանում:

Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների համագործակցության առումով, անդրադարձել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի եւ նավթամթերքների պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Իրանի նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն, Ահմադինեժադը Նալբանդյանի հետ հանդիպմանը ընդգծել է, որ երկու երկրների իշխանությունները պետք է խրախուսեն եւ ընդլայնեն Թեհրան-Երեւան առեւտրային հարաբերությունները` մեծացնելով ապրանքաշրջանառության ծավալները:

Թեհրանում կայացել են նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի բանակցությունները: Վերջին չորս տարում արդեն 6-րդ անգամ Իրան այցելող Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ նույն 4 տարում ԱԳ նախարարների մակարդակով Երեւանում, Թեհրանում եւ այլ տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երկու տասնյակ հանդիպում: Բանակցություններում հանգամանալից քննարկվել են միջազգային օրակարգի հարցեր, մասնավորապես, նախարար Սալեհին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների վերջին զարգացումները:

Սալեհին, ըստ իրանական աղբյուրների, Նալբանդյանի հետ հանդիպմանը շեշտել է, որ Հայաստանը տարածաշրջանում կարեւոր դիրք ունի: Ավելին, Սալեհին եւս ընդգծել է Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունների ընդլայնման ու զարգացման կարեւորությունը` հատկապես երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման տեսքով:

Արտգործնախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումը անցկացնել Երեւանում:

Թեհրանում նախարար Նալբանդյանը հյուրընկալվել է նաեւ Իրանի խորհրդարանում, ուր հանդիպում է ունեցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Նալբանդյանի թեհրանյան օրակարգում ներառված էր նաեւ հանդիպում ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի հետ: Նույն օրը երեկոյան Նալբանդյանը հանդիպել է Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4