ԵԽԽՎ-ն իր նպատակներին հետեւելու փոխարեն դառնում է հարթակ
1949-ի մայիսի 5-ին 10 երկրների հիմնադրած Եվրոպայի խորհուրդը մի քանի օրից կդառնա 63 տարեկան, սակայն արդեն իսկ 47 անդամ երկիր ունեցող կառույցում շատերն են անտեղյակ կազմակերպության ստեղծման հիմնական նպատակին կամ էլ նախընտրում են ուզածդ բեմն ու հարթակը օգտագործել սեփական նպատակների համար` թքած ունենալով այն ամենի վրա, ինչի շուրջը 1949-ին համախմբվել էին Եվրոպայի խորհրդի հիմնադիր 10 երկրները: Մինչդեռ վերջիններս ցանկանում էին ողջ Եվրոպայում ընդհանուր ու ժողովրդավարական սկզբունքների զարգացում տեսնել` «հիմնված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ անհատների պաշտպանության մյուս փաստաթղթերի վրա»:
6 տասնամյակ գործող այս կառույցին Հայաստանի անդամակցությանը զուգահեռ, հավասարակշռություն պահպանելու համար, անդամ դարձավ նաեւ Ադրբեջանը, թեեւ միջազգային գնահատականներով բնավ էլ «չէր հասունացել» այդ կառույցում հայտնվելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության հիմնական խնդիրների շուրջը համախմբված պետությունների ներկայացուցիչների կողքին` ադրբեջանական պատվիրակության անդամները քրտնմխած պահ ու ամբիոն են ման գալիս ոչ թե սեփական երկրում ժողովրդավարության աղետալի վիճակը բարելավելու, այլ Հայաստանին մրոտելու, դատապարտելու, մեղադրելու համար:
Իսկ «անդամության պարիտետ» ապահոված Եվրոպայի խորհուրդը դա թույլ է տալիս, ավելինՙ աչք է փակում նույն այդ Եվրոպայի խորհրդում լոբբիստական վճարովի գործունեության վրա, կարծես իրավունքի գերակայություն կամ մարդու իրավունքների պաշտպանություն ասվածները միայն փողային չափումներ ունեն:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն էլ, իր գործունեության նպատակներով ու խնդիրներով, նաեւ ձեւով առանձնակի չի տարբերվում ԵԽ մակարդակով իրավիճակից, ավելինՙ այստեղ բերանները շատ են, աղմուկն էլ` հետը: Արդյունքում ամենալուրջ կամ ոչ մեծ կարեւորության բոլոր հարցերը առիթ են դառնում, որ ադրբեջանցի պատվիրակները «դարդուցավ» անեն Հայաստանի համար, սպառնան, թշնամանք սերմանելու փորձեր անեն, ողբան իրենց «փախստական» վիճակն ու «տարածքազուրկ» կարգավիճակը:
Իսկ որ այդ ընթացքում Ադրբեջանում լրագրողների հանդեպ բռնություններին աշխարհի բոլոր կառույցներն են անդրադառնում, դրա վրա ոչ միայն ադրբեջանցի պատվիրակները թքած ունեն, այլեւ ԵԽԽՎ շատ այլ` ադրբեջանամետ պատգամավորներ:
Վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որ ավարտվեց նախորդ շաբաթ, Հայաստանին առնչվող ոչ մի հարց չուներ օրակարգում, սակայն Հայաստանի թեման էլ, ղարաբաղյան հարցն էլ շոշափվեցին ու շահարկվեցին` ինչպես յուրաքանչյուր նստաշրջանում: ԵԽԽՎ ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովն էլ այն հիմնական միջավայրն է, որին վեհաժողովում Ադրբեջանը ներկայացնող պատգամավորները փորձում են կենդանություն հաղորդել` դրան տարբեր մակարդակների ներկայացուցիչներին մասնակից դարձնելով` ընդհուպ ԵԽԽՎ նախագահին եւ բյուրոն:
Անցյալ շաբաթ վեհաժողովի բյուրոյի հաշվետվության ժամանակ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հերթական անգամ «հիշեցրել է», թե ոչինչ չի արվում եւ ենթահանձնաժողովն էլ չի գործում: Ու թեեւ ենթահանձնաժողովի նախագահն առաջարկել էր երկարաձգել այդպես էլ տեղից չշարժված ենթահանձնաժողովի աշխատանքները, «Ազգը» տեղեկացրել է, որ հունվարին այդ հարցին անդրադարձ չեղավ բյուրոյի մակարդակով:
Ու չնայած ԵԽԽՎ նախորդ նախագահ, թուրք Մեւլութ Չավուշօղլուն հերքում էր իր նախաձեռնող լինելը, բայց ամեն տեղ իր հետ քաշ էր տալիս նաեւ ենթահանձնաժողովը կենդանացնելու «գաղափարը», այս անգամ էլ կարծես այդ ուղղությամբ է փորձում գնալ վեհաժողովի ներկայիս նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Վերջինս վեհաժողովի աշխատանքների բացման ասուլիսում հայտնել էր, թե ենթահանձնաժողովի առնչությամբ թեեւ որոշում չի կայացրել, բայց մտադիր է հանդիպել ԵԽԽվ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների, նաեւ ԵԱՀԿ խմբի որոշ դիվանագետների հետ` տվյալ դեպքում նկատի ունենալով Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին:
Վեհաժողովական պատվիրակների հետ հանդիպումը դեռ հասկանալի է, սակայն նույն Մինյոնը պետք է հստակ գիտակցի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նաեւ ֆրանսիացի համանախագահը քանիցս հայտարարել են այլ ատյաններում ԼՂՀ հարցի քննարկման նվազագույնը «ոչ արդյունավետ» եւ բանակցություններին խոչընդոտող լինելու մասին` նկատի ունենալով բոլոր հնարավոր տարբերակները, անգամ ՄԱԿ-ը, որտեղ Ադրբեջանը շարունակում է բանաձեւեր «տպելու» փորձերը:
ԵԽԽՎ նախագահի համար թերեւս առաջնային պետք է լինի, մասնավորապես, Ադրբեջանի պատվիրակության հետ այն հարցի քննարկումը, թե ԵԽԽՎ հանդեպ «հարգանքի» ինչ աստիճանից է ելնում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերին այդ երկիր մուտքի արտոնագիր այդպես էլ չտրամադրելու փաստը: Ադրբեջանն արդեն որերորդ անգամ ուղղակի թույլ չի տալիս, որ քաղբանտարկյալների հարցերով զեկուցողը մուտք գործի Ադրբեջան, վերջին մերժման համար էլ որպես հիմնավորում ներկայացնելով, թե Շտրասերը «թերի է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը»:
Ղարաբաղյան ենթահանձնաժողովին «շունչ» հաղորդելու մտահոգության փոխարեն Ժան-Կլոդ Մինյոնին թերեւս առավել պետք է հետաքրքրեր նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն արգելում է զեկուցողին մուտք գործել երկիր, այլեւ պայմաններ է թելադրում, ինչի մասին հայտարարել է ինքը` Շտրասերը: Նա ինքն էլ, մի քանի անգամ մերժվելուց հետո, հրաժարվել է այցից, տեղեկացնելով, որ Բաքվից «առաջարկել են մասնակցել քաղբանտարկյալ հասկացության քննարկումների», ինչը բնավ էլ զեկուցողի առաքելությունը չէ:
Եվ ընդհանրապես, սեփական առաքելությունները թողած ինչպե՞ս է, որ տարբեր կառույցներ փորձում են խառնվել բնավ էլ ոչ իրենց մանդատով եզրավորվող հարցերին, անգամ եթե այդ քայլին դրդողներն ունեն էներգետիկ կամ այլ տեսակի «փաստարկներ»: Իսկ կոնկրետ ԵԽԽՎ ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի կենդանացման փորձերի փոխարեն առավել նպատակահարմար ու օգտակար կլիներ, եթե դրան ուղղված բոլոր ջանքերը ծառայեին վեհաժողովի հարթակից տարածվող խտրականության, ատելության ու թշնամանքի հրահրումների դադարեցմանը, ինչը հաստատապես տեղավորվում է անհատի իրավունքների պաշտպանության ընկալման մեջ, այն էլ` որպես անհրաժեշտություն:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ