«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2012-04-28 | #78, 2012-04-29 | #79, 2012-05-01


ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԱՄԵՆԱՄՐՑՈՒՆԱԿ ԾՐԱԳԻՐԸ ՀՅԴ ԾՐԱԳԻՐՆ Է»

Այս ընտրություններին ով-ով, բայց Դաշնակցությունը «ճակատամարտի դուրս չի եկել»: Ավելին, ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց. «Բոլորս մեր հայրենիքի քաղաքացիներն ենք, ընտրություններն ավարտվելու են, եւ մենք ապրելու ենք` կողք կողքի: Սա ասում եմ, որովհետեւ նկատելի է մեծ լարվածություն, բայց մենք այստեղ վերջին ճակատամարտի չենք դուրս եկել»:

Վարդանյանն, այդուհանդերձ, ընդգծեց ՀՅԴ-ի առանձնահատկությունները: Մասնավորապես, այն ժամանակ, երբ նախագահ Սարգսյանը ՀՀԿ-ի նախընտրական հանդիպումներում հայտարարում է, թե «ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը ապագայի Հայաստանի ծրագիրն է», ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասում է. «Կարողացել ենք ժողովրդին ներկայացնել Դաշնակցության առավելությունները: Ցավոք, այլ քաղաքական ուժերի կողմից բանավեճի հնարավորություն չունեցանք, նրանք հրաժարվեցին, սակայն մեր ծրագիրն իսկապես ամենամրցունակն է, ամենալուրջ կազմված փաստաթուղթը, որում ընդգրկված են հասարակության բոլոր շերտերը, մենք բոլորին ասելիք ունենք: Ոչ մեկը չհամարձակվեց հրապարակայնորեն ապացուցել իրենց ծրագրի առավելությունները: Մենք դա արել ենք, եւ որեւէ մեկը մինչեւ օրս հակափաստարկ չի բերել»: Հիշեցնենք, որ օրերս ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար Վահան Հովհաննիսյանը մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրեց բանավեճի, սակայն այդ կոչը դեռեւս մնում է անպատասխան:

Ինչեւէ, Վարդանյանն անդրադարձավ նաեւ մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների, որոնք ՀՅԴ-ի հետ անմիջական կապ ունեն: Մասնավորապես ՀՅԴ ներկայացուցիչը հերքեց այն «ասեկոսեները», թե «կուսակցության ղեկավարության մեջ պառակտում կա». «Փորձում են նաեւ կապեր փնտրել մեր ու իշխանության միջեւ: Նման բան չկա: Մենք ամենաիսկական ընդդիմությունն ենք», ասաց Աղվան Վարդանյանը:

Իսկ «ամենաիսկական ընդդիմադիր» մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածուների հաղթանակի համար, ՀՅԴ-ն, Վարդանյանի խոսքերով, «ամեն ինչ անելու է»: Իսկ, օրինակ, թիվ 4 ընտրատարածքում Դաշնակցությունը սատարելու է Սաթիկ Սեյրանյանին. «Ընտրություններն ավարտվելու են, ու բացառիկ կարեւոր է, որ դրանք անցնեն ազատ, արդար, թափանցիկ, առանց ցնցումների, եւ մենք ամսի 7-ին ասենք, որ ՀՀ-ում եղան իսկապես ազատ ընտրություններ: Աստված չանի (ես սա հորդորում եմ բոլոր ուժերին), որ մեր երկիրը հայտնվի ցնցումների մեջ, որ հայտնվենք 4 տարի առաջվա իրավիճակում», ասաց Վարդանյանը:

Եվ վերջում, պատասխանելով հարցին, թե քանի՞ տոկոս է ակնկալում Դաշնակցությունը, Վարդանյանը պատասխանեց. «Շատ կուզենայի, որ 20 տոկոս լիներ...»:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4