«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2012-04-29 | #79, 2012-05-01 | #80, 2012-05-03


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ` ԱՐԵՎԵԼՑՈՒ «ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅԱՄԲ» ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը կարող է վերանայել իր արեւմտամետ դիրքորոշումը եւ «նոր բլոկի» մեջ մտնել, եթե առավել լայն աջակցություն չստանա, հատկապես ղարաբաղյան հակամարտության հարցում: «Թրենդ» գործակալության տեղեկացմամբՙ այսօրինակ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Ըստ Մամեդովիՙ Ադրբեջանը ցանկանում, որ «Եվրոպան եւ ԱՄՆ-ը ճնշում գործադրեն Հայաստանի վրաՙ ազատելու Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանները»:

Ադրբեջանն ակնհայտորեն անցել է շանտաժի ոլորտ, փորձելով առավել թանկ վաճառել իրեն կամ ստանալ առավելագույնը այն դեպքում, երբ սպառնում է փոխել իր կողմնորոշումը: Այս հայտարարությունը եվրոպացիների համար պետք է ազդանշան լինի, որ այս երկրի պարագայում էներգակիրների ֆոնին մատուցված բոլոր «մեղմացումները» ոչ միայն տեղին չեն եղել, այլեւ կարող են ստացվել անիմաստ: Ամեն դեպքում, Մամեդովը հայտարարել է, թե Ադրբեջանն արդեն իսկ առաջարկ է ստացել քաղաքական «այլ միության» միանալու առնչությամբ:

Ու թեեւ Մամեդովը չի մանրամասնել, թե հատկապես ինչ միության մասին է խոսքը, ակնհայտ է, որ հաջորդ մտքերը մատնացույց են անում իսլամական աշխարհի հետ առավել սերտ գործակցության հեռանկարների քննարկման մասին: «Ադրբեջանը միակ աշխարհիկ մուսուլմանական երկիրն է, որ իր բախտը կապել է Արեւմուտքի հետ», ասել է Մամեդյարովըՙ «մեծ եղբայր» Թուրքիային դուրս թողնելով հաշվարկներից այն դիտարկմամբ, որ Թուրքիան էլ է հավակնում լինել կամ առնվազն փորձում է ներկայանալ որպես աշխարհիկ երկիր, ընդ որում` եվրոպական կողմնորոշմամբ:

Ադրեբեջանցի պաշտոնյան, բարձրաձայնելով երկրի ղեկավարության դիրքորոշումը, հիշեցրել է, որ ԱՖղանստան ՆԱՏՕ-ի մատակարարումների մոտ 35 տոկոսն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, բայց «Ադրբեջանը ի պատասխան ոչ մի դրական վերաբերմունք չի տեսնում»:

Ամեն դեպքում, Մամեդովի հայտարարությամբ, Ադրբեջանը կողմնորոշումը փոխելու առաջարկությունները դեռեւս չի ընդունել, բայց «եթե այսպես շարունակվի, մենք 5-10 տարում կարող ենք դրանք ընդունել»: Այս ամենը Մամեդովը մատուցել է «իրանական» սոուսով, նշելով, թե Իրանը Ադրբեջանին առաջարկում է խզել կապերն Արեւմուտքի, Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ: «Մենք Արեւմուտքից ղարաբաղյան հարցում աջակցություն ենք ակնկալում», ամենաբաց տեքստով հայտնել է Մամեդովը:

Ասվածների գագաթնակետն էլ թերեւս Մամեդովի դատողություններն են այն մասին, որ Ադրբեջանի` ԱՊՀ անդամ երկիր լինելն ու Արեւմուտքի հետ «մերձավոր» կապը «որոշ լարվածություն են ստեղծում» Իրանի հետ հարաբերություններում, այս կերպ էլ փորձելով «սիրաշահել» Իրանին, թեեւ այս երկու երկրների հարաբերությունների որպիսությունը բնավ էլ կախված չէ Ադրբեջանի իբր թե արեւմտամետ կեցվածքից:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4