Տնտեսական օգուտները զգալի կլինեն
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ինչպես տեղեկացանք Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից, երեկ տեղի է ունեցել Մարմարիկի ջրամբարի բացումը: Պատկերացնելու համար, թե սա ինչ նշանակություն ունի մեր երկրի համար, ներկայացնենք այս կառույցի նախապատմությունը եւ նրա գործարկման սոցիալ-տնտեսական օգուտները, որոնց մասին նշվում է հաղորդագրության մեջ:
Մարմարիկի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա: Ունի 55 մ բարձրության պատվար, 24 միլիոն խմ ընդհանուր ծավալ եւ 23 միլիոն խմ` օգտակար ծավալ: Ջրամբարի վերականգնման նախագծային աշխատանքներն ավարտվել են 2005-ի հուլիսին, իսկ 2006-ի օգոստոսին սկսվել են շինարարական աշխատանքները:
Ջրամբարը սկզբնապես կառուցվել էր 1974-ի նոյեմբերին, սակայն երբեք չի շահագործվել: Պլանավորված չափի ջուր լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին հատվածը փլուզվեց, եւ մոտ 500 հազար խմ բնահող սահեց դեպի ստորին բյեֆը: Պատվարների անվտանգության ծրագրի (2000-2009 թթ.) շրջանակներում իրականացված հետազոտությունները պարզեցին, որ ջրամբարը պոտենցիալ վտանգ է ներկայացնում պատվարի ստորին հոսանքներում ապրող մոտ 164 հզ. մարդկանց համար: Ամենավտանգավորը շինարարական թունելն էր, որը գործում էր մոտ 35 տարի, չնայած նախագծված էր որպես ժամանակավոր աշխատող կառուցվածք` 5-6 տարվա ծառայության ժամկետով: Շինարարական թունելի ներսում փլուզման դեպքում ջուրը կկուտակվեր ջրամբարում եւ կթափվեր պատվարի վրայով` առաջացնելով հեղեղումներ: Մարմարիկի ջրամբարի պատվարի վերականգնման պատճառներից գլխավորը հենց անվտանգության նկատառումներն էին: Այսինքն, դրա կառուցմամբ ապահովվեց պատվարից ներքեւ գտնվող 20 համայնքներում ապրող 164 հզ. մարդկանց անվտանգությունը:
Ինչ վերաբերում է տնտեսական օգուտներին, ապա վերականգնված պատվարը հնարավորություն կտա կարգավորելու Մարմարիկ գետի հոսքը, կանխելով գարնանային վարարումների կողմից պատճառած հետագա ավերածությունները, որոնք տարեկան ավելի քան 100 հզ. դոլարից ավելի վնաս էին պատճառում:
Մարմարիկի ջրամբարի շահագործման շնորհիվ ջրի բացթողումները Սեւանա լճից կնվազեն տարեկան 23 միլիոն խմ-ով, Կոտայքի մարզի 1 055 հա գյուղատնտեսական հողատարածքը կստանա մոտ 9 միլիոն խմ ոռոգման ջուր (Մեղրաձորի, Աղավնաձորի, Մարմարիկի, Փյունիկի եւ Հրազդանի բնակեցված տարածքները), Մխչյանի պոմպակայանում կխնայվի տարեկան 10,9 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, քանի որ համապատասխան ծավալի ջուրը (մոտ 14 միլիոն խմ) Արտաշատի մայր ջրանցքին կտրվի ինքնահոսով, իսկ ջրի այդ ծավալը անցնելով Սեւան-Հրազդանի հիդրոէլեկտրակայանների կասկադով, տարեկան կարտադրի մոտ 21 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Մարմարիկի ջրամբարի վերականգնման ծրագրով Հայաստանի Հանրապետությունը տրամադրել է 3,1 միլիոն դոլար, Համաշխարհային բանկը` 9,5 միլիոն դոլար:
Մարմարիկի ջրամբարի գործարկումը, ընդ որում, անհամեմատ ավելի փոքր ներդրումներով, կարելի է համեմատել մեր տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող այնպիսի ծրագրերի հետ, ինչպիսիք են Երեւանի նոր ՋԷԿ-ի կառուցումը կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերակառուցումը:
Ջրամբարի բացմանը ներկա է եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: