«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2012-04-29 | #79, 2012-05-01 | #80, 2012-05-03


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿՈՏԱՅՔՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺ Է»

ՀՀԿ-ին ու նախագահ Սերժ Սարգսյանին սպասում էին ու դիմավորեցին շուրջ հազար աբովյանցիներ, այդ թվումՙ շրջակա գյուղերի բնակիչներ: Նախընտրական քարոզարշավի վերջին մարզային շրջագայության շրջանակներում Սերժ Սարգսյանը երեկ այցելել էր Կոտայքի մարզ` Աբովյան, Չարենցավան, Հրազդան քաղաքներ, գյուղեր, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզ, Սեւան քաղաք: Աբովյանում, որտեղից, հիշեցնենք, իր նախընտրական քարոզարշավը սկսեց ԲՀԿ-ն, որի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ «ես իմ տնից եմ սկսում քարոզարշավը», նախագահ Սարգսյանը մասնավորապես ասաց. «Ես հասկանում եմ, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է: Ես հասկանում եմՙ շատ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումն ունեն, բայց, այդուհանդերձ, կոչ եմ անում նաեւ քվեարկել խղճի մտոք, կոչ եմ անում քվեարկել այնպես, որ ձեր քվեարկերությունը ձեզ իսկ դուր գա: Բնականաբար, ես եկել եմ այստեղ նաեւ կոչ անելու ձեզ քվեարկելու Հանրապետական կուսակցության օգտին: Մենք բավականաչափ փորձ ենք ձեռք բերել եւ վստահ ենք, որ այդ փորձը մեզ հնարավորություն է տալու գալիք հինգ տարիներին ավելի լավ աշխատելու: Եվ երբ ես ասում եմՙ քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, ես, բնականաբար, նկատի ունեմ ոչ միայն համամասնական ցուցակը, ես նկատի ունեմ նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներին: Դուք գիտեք, որ այս տարածաշրջանում ՀՀԿ-ն առաջադրել է եւ պաշտպանում է պարոն Համլետ Հայրապետյանին, ով ձեր դիմաց կանգնած է եւ ով կարող է արժանապատվորեն ներկայացնել Կոտայքի տարածաշրջանը Հայաստանի Ազգային ժողովում: Նա սկզբունքային մարդ է, ունի քաղաքական փորձ եւ այդ փորձը ծառայեցնելու է հենց իր ընտրողների շահերին: Եվ մի բան էլ պետք է ասեմ. մենք այնտեղ, որտեղ պատգամավորի թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին: Եվ այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտին»:

Աբովյանցիներին նախագահը նաեւ կոչ արեց` ընտրությունների ընթացքում ու հետո «չավելացնել թշնամությունը». «Բոլորիդ խորհուրդ եմ տալիս թշնամանքը չավելացնել: Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը, 8-ը, 9, այսինքնՙ կյանքը շարունակվելու է: Եվ ցանկալի է, որպեսզի մենք ընտրություններից հետո լինենք ավելի միասնական, որ կարողանանք մեր ջանքերը համադրել եւ ունենալ, կառուցել ավելի լավ Հայաստան», ասաց Սերժ Սարգսյանը:

Հրազդանում նախագահը խոսեց.... ոստիկանությունից, մասնավորապես ընդգծելով. «Նրանք բոլորը (նկատի ունի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին-Հ.Ա.) Հայաստանի ժողովրդի ծառայողներն են: Ուսադիրն ու զենքը ծառայում են ժողովրդին եւ ոչ թե ինչ-որ նեղ շրջանակի շահերին: Ոստիկանը, դատախազը, իրավապահ մարմնի ներկայացուցիչը Հանրապետական կուսակցության ենթական չեն: Եկե՛ք միասին ամրապնդենք այդ մարմինների անկախությունն ու կարողությունները, որպեսզի նրանք պաշտպանեն բոլորիս: Եկե՛ք միասին սահմանենք աչալուրջ վերահսկողություն այդ մարմինների նկատմամբ` մեր ամբողջ քաղաքացիական հասարակությամբ: Վերջիվերջո, իշխանություն ունեցող կուսակցությունները գալու եւ գնալու են, իսկ այդ մարմինները պետք է մեր անդորրը պահպանող հաստատությունները լինեն: Այդ կառույցները պետք է երբեք կախված չլինեն կուսակցությունների քմահաճույքներից, այդ կառույցները պետք է հաջորդ օրը պաշտպանեն ընդդիմադիր դարձած օրվա իշխող կուսակցություններին եւս»:

Արդեն աշխատանքային այցի շրջանակներում նախագահը Կոտայքի մարզում մասնակցել է Մարմարիկի ջրամբարի բացման արարողությանը, ծանոթացել է Հրազդանի ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղված աշխատանքներին: Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանը ծանոթացել է Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների ընթացքին, որը նախատեսվում է ավարտել 2012-ի օգոստոսի վերջին:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4