«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2012-04-29 | #79, 2012-05-01 | #80, 2012-05-03


ԼԻԲԵՐՄԱՆԻ ԱՅՑԻ ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ...

Միջուկային ծրագրի ամերիկյան «դադարն» ու իսրայելական «ամրացումները» Ադրբեջանում պահպանում են թեմայի արդիականությունը

Մինչեւ նոյեմբեր, երբ Միացյալ Նահանգներում նախատեսված են նախագահական ընտրությունները, Իրանի շուրջն իրավիճակը կարող է մնալ հանգիստ, չնայած տեղեկություններին, թե ամերիկյան զինուժն ավելացվում է իրանյան սահմաններին մոտ տարածքներում: Նախագահական ընտրություններում հաղթելու հույսեր փայփայող Բարաք Օբամայի արդեն իսկ հրապարակված նախընտրական գովազդային հոլովակները բացարձակապես այլ շեշտադրումներ են անում ու Օբամայի վարչակազմի որոշ քայլեր մատուցում որպես անցած տարիների նախագահության ձեռքբերումներ` լինի Ուսամա բեն Լադենի սպանությունը, թե Աֆղանստանից ամերիկյան զինուժի դուրսբերման որոշումը:

Ամերիկյան նախագահական ընտրությունները հաստատապես Միացյալ Նահանգներին առժամանակ հեռու կպահեն Իրանի հանդեպ քայլերից, սակայն նույն իրավիճակում չէ Իսրայելը, որ առավել հաճախակի է բարձրաձայնում Իրանը ռմբակոծելու իր ցանկության մասին, թեեւ իրանական սահմանին` Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան կործանիչներ են տեղակայվել: Ըստ իրանական աղբյուրների, այս լուրը հաստատել են նաեւ ԱՄՆ զինված ուժերի համապատասխան ծառայությունները, թեեւ մեկնաբանությունն այնպիսին է, որ ԱՄԷ-ում տեղակայված կործանիչները Իրաքից ամերիկյան զորքերը դուրսբերման միջոցառումների բաղկացուցիչ մասն են:

Ամեն դեպքում, Իրանի հարցի առնչությամբ Իսրայելի անունը շոշափելիս վերջին շրջանում անհնար է շրջանցել Ադրբեջանը, հատկապես, երբ ոչ միայն իրանական, այլեւ միջազգային մամուլի մի զգալի հատված անընդմեջ անդրադառնում է Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին, հատկապես, երբ այդ ամենը դիտարկվում է նաեւ ապրիլի երրորդ տասնօրյակում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի` Ադրբեջան այցելության ֆոնին:

Լիբերմանի այցելությունը Բաքու, որ աշխարհին ներկայացվում էր ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների հաստատման 20-ամյակի նշանավորման տեսանկյունից, այդուհետեւ հենց Լիբերմանի մերձավորներից մեկի կողմից որակվել է որպես «բացառիկ հաջող», մեկնաբանությամբ, որ գրեթե բոլոր հարցերի առնչությամբ Իսրայելն ու Ադրբեջանը «ամբողջական փոխըմբռնում» ունեն, այնպիսի փոխըմբռնում, որ Լիբերմանը պատրաստակամություն է հայտնել, ասենք, եբրայերեն ուսումնասիրող երեք ադրբեջանցի ուսանողի ամռանը ընդունել իր նախարարության հյուր կամ հասնել օտարերկրյա բժիշկների վերապատրաստման համար քվոտաների ավելացմանը` «հաշվի առնելով ադրբեջանական կողմի պահանջմունքները»:

Իսրայելական որոշ փորձագետներ, սեփական աղբյուրներին հղում անելով, տեղեկացնում են, որ Լիբերմանի այցի ժամանակ պայմանավորվածությունների մի հսկայական հատված է ձեռք բերվել, ընդ որում` տարբեր ոլորտներում հիմնական իսրայելական փորձի ու հնարավորությունների տրամադրման շուրջը: Տարբեր հարցեր լուծում են ստացել, օրինակ, երրորդ երկրից Ադրբեջան ժամանող իսրայելցի գործարարները, ի տարբերություն Իսրայելից մեկնողների, դժվարություններ են ունեցել Բաքվի օդանավակայում վիզա ստանալու հարցում, ինչը եւս հարթվել է:

Ադրբեջանից Լիբերմանը կարծես հավաստիացումներ է ստացել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ոչ բարով - Ա.Հ.) անդամ Ադրբեջանը կաջակցի Պաղեստինի, Մերձավոր Արեւելքի հարցերում, բայց տարբեր աղբյուրները հերքում են տեղեկությունները, թե Ադրբեջանը կարող է միջնորդ լինել Իսրայել-Թուրքիա կամ Իսրայել-արաբական երկրներ հարաբերությունների կարգավորման մեջ:

Իսկ հայտարարություններն ու հերքման փորձերը ինչպես Լիբերմանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի կողմից, թե այցելությունը որեւէ կերպ կապված չէ Իրանի վրա հարձակման դեպքում Ադրբեջանի տարածքի օգտագործման կամ իսրայելական հատուկ ծառայությունների հետ ադրբեջանականների համագործակցության հարցերի հետ, միայն հիմարների համար են: Ընդ որում, հենց իսրայելական մամուլն է պակաս վստահությամբ վերաբերվում սեփական արտգործնախարարի խոսքերին այն դեպքում, երբ ադրբեջանական մամուլի պարագայում, ինչպես ասվի, այդպես էլ կարվի, այնպես որ Մամեդյարովը «վստահության պակասի» հարց առերեւույթ չունի:

Իսրայելական մամուլի հիմնական դիտարկումն այն էր, որ Լիբերմանի նման գործչի այցը Բաքու առնվազն «երախտագիտության ժեստ» էր արդեն իսկ առկա համաձայնությունների համար, սակայն միայն դրա համար Լիբերմանը Ադրբեջան չէր հասնի: Ասել է թե պետք է սպասել նոր հակաիրանական, ինչու չէ, նաեւ հակապաղեստինական տեղեկությունների ու քայլերի, հատկապես, երբ Լիբերմանը քանիցս շեշտել է Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ լինելու հանգամանքի կարեւորությունը:

Այս ամենի հետ մեկտեղ պետք չէ մոռանալ Ադրբեջանի` իսրայելական զենք-զինամթերքի «լավ գնորդ» լինելու հանգամանքը, հատկապես, երբ այդ ուղղությամբ փոխանակվող միջոցները ինը զրոներով թվեր են: Ուստի պատահական չէ, որ Լիբերմանը Ադրբեջանի հետ հարաբերությունները «առավել կարեւոր» է գնահատել Ֆրանսիայի հետ ունեցած հարաբերություններից` ընդգծելով 5 մլրդ դոլարի տարեկան ապրանքաշրջանառությունը: Իսկ այն, որ Լիբերմանը հակահրեականություն չի տեսնում Բաքվում, քաղաքական, տվյալ դեպքում` ռազմական շահի «ակնոցներից է»:

Այս տեղեկություններն իրավիճակի ամբողջական պատկեր կարող են տալ, եթե դրանց ավելացվի նաեւ Իրանում ներկայումս տիրող իրավիճակը, երբ Իրանի կառավարության մակարդակով հայտարարվում է, որ Իրանը 2 մլրդ դոլարի պարենի հիմնական` բրինձ, կարագ, շաքար, միս, եգիպտացորեն եւ այլ տեսակների պաշար է ձեռք բերում: Իսկ իսրայելական ռազմական հետախուզության նախկին աշխատակիցներից մեկը մյուսի հետեւից իսրայելական մամուլում հնչեցնում են գնահատականներ, թե Իրանին հարվածելու Իսրայելի մտադրությունը արդյունքի չի բերի, ավելին, այդ պարագայում Իրանը կարող է արագացնել միջուկային իր ծրագիրը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` նախորդ շաբաթավերջին Իրան այցելությունն էլ կարող է տեղավորվել այս իրադարձությունների տրամաբանության մեջ, հատկապես որ Նալբանդյանը հանդիպել է իրանական բարձրաստիճան ղեկավարության հետ: Իսկ որ պաշտոնական հաղորդագրությունները տեղեկացնում են միայն հայ-իրանական հարաբերությունների առավել ջերմացման ու ընդլայնման կարեւորության երկուստեք ընդգծված լինելու մասին, բնավ էլ չի նշանակում, թե տարածաշրջանում տիրող իրավիճակը, նաեւ կատարվողի ադրբեջանական հարթակը չեն քննարկվել Թեհրանում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4