«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2012-04-29 | #79, 2012-05-01 | #80, 2012-05-03


ՓՈԽԵԼ Է ՅՈԹԵՐՈՐԴ ԿԱՇԻՆ

Ընթերցողներին քաջածանոթ քաղաքական գործիչ Ամբախ Զամբախյանը վերջերս փոխել է իր 7-րդ, հուսով ենքՙ վերջին կաշին: Նախորդ կաշին նա փոխանակել է մայրաքաղաքի 5-սենյականոց մի բնակարանի հետ, որի մասին, ինչպես միշտ, տեղյակ չեն նույնիսկ ամենամերձավորները: Նա համոզված է, որ այս գործարքը նույնպես իր անսահմանափակ խելքի ու հնարամտության արդյունքն է: Իսկ վերլուծաբանների կարծիքով նրա այս քայլը կարող է չներվել հասարակության կողմից:

Համառորեն չեն ընդօրինակում

Որքան էլ տարիներ շարունակ հայաստանյան հեռուստաընկերությունները սերիալներում շատացնում են երեխաների ու մեծահասակների առեւանգումների դրվագները, մեր երկրի օլիգարխներն ու հանցագործները համառորեն չեն ընդօրինակում:

Սցենարիստները նորանոր տարբերակներ են մտածում եւ խիստ վրդովված են, որ իրենց ստեղծած ֆիլմերը կորցնում են դաստիարակչական նշանակությունը:

Նոր բանաստեղծՙ հին բառապաշարով

Արվեստաբաններն ուրախությամբ հայտարարում են, որ բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ Ավետ Բարսեղյանն օրերս զգալի առաջընթաց է ունեցել: Տեքստերում օգտագործվող 28 բառին նա ավելացրել է եւս մեկը, իսկ ուղղագրական, շարահյուսական եւ մտքի կոպիտ սխալների քանակը 50-ից իջեցրել է 49-ի: Ըստ վերլուծաբաններիՙ որպեսզի հին ու մաշված բառեր օգտագործող այս նոր բանաստեղծը կարողանա անսխալ եւ քիչ թե շատ «ուտվող» տեքստ գրել, պետք է ապրի առնվազն 300 տարիՙ ամեն օր գոնե 5 րոպե լսելով ռուսական էստրադայի աստղերի երգերը, որոնց տեքստերի ու երաժշտության հեղինակները պրոֆեսիոնալ բանաստեղծներ ու կոմպոզիտորներ են:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4