Պատգամավորության թեկնածուների կամ առաջադրված կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ հրապարակումները, օրենքի համաձայն, թեպետ արդեն արգելված են, քանի որ ընտրություններին 2 օր է մնացել, բայց դեռեւս այսօր քննարկումները թույլատրելի են:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վարկանիշներ չհրապարակեց, սակայն տվեց գնահատականներ, որոնց համաձայն հաջող քարոզարշավ իրականացրել են ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, ապա «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը. «Իսկ ՀՅԴ-ն մի քիչ ուշ մտավ խաղի մեջ»: Ամենաանհաջողը, ըստ նրա Հայ ազգային կոնգրեսինն էր, որը շուրջ 3 անգամ կորցրեց իր համակիրներին, առհասարակ ՀԱԿ-ի` խորհրդարան մտնելը հարցականի տակ է:
Ինչ վերաբերում է ժողովրդի տրամադրվածությանը, «Սոցիոմետրի» տվյալներով` բնակչության 32 տոկոսը հավատում է, որ իրավիճակը կլավանա, 41 տոկոսը կարծում է` կմնա այնպես, ինչպես կա, 20 տոկոսը պատասխանել է, որ ավելի կվատթարանա, իսկ հարցվածներից մնացածն ընդհանրապես դժվարացել են պատասխանել:
Ահարոն Ադիբեկյանը, սակայն, նշում է` հարցվածների 30 տոկոսը ընդհանրապես հետաքրքրված չէ քաղաքականությամբ ու ընտրություններով: Դատելով տվյալներից` սոցիոլոգը եզրակացնում է, որ մենք ապրում ենք պառակտված մթնոլորտում:
Ըստ սոցիոլոգի` նախընտրական թեժ ու լարված մրցապայքար չի եղել. «Սովորական պայքար ու սովորական քարոզարշավ էր, ու նախապատրաստումն էր նախագահական հաջորդ ընտրությունների»: Օրինակ` հանրապետության նախագահի մասնակցությունը քարոզարշավին ծառայեց եւ նրա իմիջի ձեւավորմանը:
Սոցիոլոգը նշում է, որ 5 կուսակցություններից կազմված խորհրդարան կունենանք, կոալիցիան կվերականգնվի, ու կմոռանան միմյանց հասցեագրված անպարկեշտ ու կոպիտ արտահայտությունները: Կոնկրետ որո՞նք են 5 կուսակցությունները, Ահարոն Ադիբեկյանը չի նշում, բայց կրկին անդրադառնալով ՀԱԿ-ին` ավելացնում է, որ խնդրահարույց ուժը դարձյալ մնում է ՀԱԿ-ը:
Ի. Պ.