Երբ Բաքվում սպանվեց «Մոնիտոր» հանդեսի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը, ոչ ոք չէր կասկածում, որ դա հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Կարծիքները կիսվեցին պատճառների հարցում: Վարկածներից մեկն էլ այն էր, որ իշխանությունները Հուսեյնովից վրեժխնդիր են եղել PKK-ի եւ կառավարող վարչախմբի կապերի մասին լրագրողական հետաքննության համար: Այդ թեմայով «Մոնիտորն» իրոք, առնվազն երկու ծավալուն հրապարակում արել է: Առաջինը նվիրված է Հեյդար Ալիեւի ՊԱԿ-ական կենսագրության մի ուշագրավ փաստին. նրա ծառայողական տվյալներում շուրջ հինգ տարվա մի ժամանակահատվածի մասին ընդամենը ասված է, որ «կատարել է հատուկ առաջադրանքներ»: Որտե՞ղ է «հատուկ առաջադրանքներ կատարել» Ադրբեջանի ապագա կոմունիստական եւ հետխորհրդային ժամանակների առաջնորդը` մնում է գաղտնիք:
Այդուհանդերձ, Էլմար Հուսեյնովը, համադրելով մի շարք աղբյուրներից հայտնաբերած անուղղակի տեղեկությունները, եկել էր համոզման, որ Հեյդար Ալիեւը խորհրդային հատուկ ծառայությունների կողմից «գործուղված է եղել Իրաք եւ Թուրքիա, որպեսզի ստեղծի PKK-ն»: Նա պնդել էր, որ Հեյդար Ալիեւը «ազգությամբ քուրդ է, եւ այդ պատճառով է, որ ՊԱԿ-ի ընտրությունը կանգ է առել նրա վրա»:
Լրագրողական երկրորդ հետաքննության թեման Նախիջեւանում Հեյդար Ալիեւի գործունեությունն է: «Մոնիտոր»-ը պարզել է, որ Ադրբեջանում իշխանության վերադառնալու համար Հեյդար Ալիեւը «Թուրքիայում վերականգնել է PKK-ի հետ վաղեմի կապերը»: Նրա կողմից «բանագնացներ են եղել Քյամալեդդին Հեյդարովը եւ Բեգլար Էյուբովը, երկուսն էլ` էթնիկ քրդեր»: Հիշյալներից առաջինը ներկայումս Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարն է, երկրորդը` նախագահի թիկնազորի պետը: Ընդ որում, երկուսն էլ պաշտոն ստացել են Հեյդար Ալիեւից: «Մոնիտոր»-ը բազմաթիվ օրինակներով հանգել է եզրակացության, որ այդ երկու ազդեցիկ պաշտոնյաները «որոշակիորեն ֆինանսավորում են PKK-ի գործունեությունը, քանի որ վերջինիս հետ կապված են խիստ պատասխանատու պայմանավորվածություններով»:
Վերջին տարիներին ադրբեջանական մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է «Ադրբեջանի քրդացման» մասին: Հարեւան երկրի մի քանի տարածաշրջաններում, այդ թվում` Գյանջայում եւ հարակից տարածքներում, «քրդերն ունեն ազդեցիկ բիզնես-հենարաններ»: Տեղեկություններ կան նույնիսկ, որ Ադրբեջանում «PKK-ն ունի հարկահավաքության սեփական ցանցը»: Խնդիրն այնքան է սրված, որ Ադրբեջանում ներդրումներ անող թուրք գործարարները նույնպես ենթարկվում են PKK-ի «հարկահավաքների ճնշումներին»:
Թուրք-ադրբեջանական հարաբերություններում փորձաքար է մնում նաեւ Անկարայի պահանջը, որպեսզի Ադրբեջանը խորհրդարանի որոշման մակարդակով PKK-ին ճանաչի «իբրեւ տեռորիստական կազմակերպության», իշխանությունները, մինչդեռ, բավարարվում են բանավոր հավաստիացումներով: Իշխող վարչախումբն, ամենայն հավանականությամբ, ձեռնպահ է մնում կտրուկ քայլերից` երկյուղ ունենալով, որ PKK-ն կփոխադարձի հնչեղ բացահայտումներով: Թուրքական կողմի համառ պահանջն ինքնին վկայում է, որ այդ երկրի հատուկ ծառայություններն էլ քաջատեղյակ են, որ Ադրբեջանում PKK-ն քաղաքական եւ ֆինանսական հովանավորություն ունի:
Այդուհանդերձ, թուրք-ադրբեջանական որոշակի շրջանակներ պարբերաբար սեփական տարաձայնությունները փորձում են քողարկել «քուրդ անջատողականներին Հայաստանի տարածքից զենք մատակարարելու» մասին անհիմն մտավարժանքներով: Ադրբեջանական կողմը հատկապես որ խնդիրն օգտագործում է «մեղրի մասին երգը» վերստին հնչեցնելու համար: Ոմն Իլդիրիմ Մամեդով, մասնավորապես «մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-երի հաղորդագրությունները, որ ռուսաստանյան սպառազինությունները քուրդ անջատողականների մոտ հայտնվում են Հայաստանի տարածքից», ոչ միայն «հիմնավորել է» դա, այլեւ ավելացրել. «Տեղեկություն կա, որ քուրդ զինյալները մարտական պատրաստություն են ացնում Հայաստանի կողմից «օկուպացված ադրբեջանական» (չակերտները մերն են- Վ. Ա.) տարածքներում»:
Այստեղ են ասել` «հիվանդ գլխից բարդում է առողջի վրա»:
Քրդական խնդրի հանդեպ ադրբեջանական կողմի անկեղծությանը հնարավոր կլինի հավատալ միայն այն դեպքում, եթե, հետեւելով «ավագ եղբայր» Թուրքիային, Բաքվում իշխող վարչախումբը PKK-ն հռչակի «ահաբեկչական կազմակերպություն» եւ իշխանությունից հեռացնի Քյամալեդդին Հեյդարովին ու Բեգլար Էյուբովին: Այսինքն` իշխող ընտանիքի երկու հենասյուներին: Երրորդը Նախիջեւանի կառավարիչն է, որը նույնպես սերտ կապեր ունի քրդական շրջանակների հետ: Նա եւ Բեգլար Էյուբովը քենակալ են, երկուսով` Հեյդար Ալիեւի հարազատ քրոջ փեսա: Կգնա՞ Իլհամ Ալիեւը նման վճռական քայլի: Օրերս նրա անմիջական կարգադրությամբ ձերբակալվել է իր հորեղբորորդուն պատկանող առեւտրական բանկի կառավարիչը: Գուցե նրա համար, որ քրդական շրջանակները նաեւ այդ բանկի՞ց են ֆինանասավորվում: Կամ գուցե հորեղբորորդին հրաժարվե՞լ է «մուծել»:
Ամեն դեպքում, Հարավային Կովկասում եթե PKK-ն հենարան ունի, ապա` միայն Ադրբեջանում: Այնտեղ են սրբությամբ հարգում «համազգային առաջնորդի անունն ու գործը»: Իսկ Հեյդար Ալիեւի «մեծագործությունների» շարքում իր արժանի տեղն ունի PKK-ի հետ նրա կենսական կապը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ