Զավեն Եկավյանըՙ Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտոր
Մի առիթով, երբ զրույցը դարձյալ հայ ներկայիս իրականության բարոյական մթնոլորտի շուրջն էր եւ իհարկե արծարծվում էին մշակութային, հոգեւոր, կրթական կյանքին առնչվող խնդիրներՙ մերթ ընդ մերթ հուսահատական նոտաներով եզրափակվող, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության Հայկական բաժանմունքի նախկին տնօրեն Զավեն Եկավյանը ՙ ազգային բարձր նկարագրով մտավորական, իր գործունությանն ուղղված հերթական մեր շնորհակալությունը լսելով, ասաց. «Այդպես պիտի ըլլա: Հայաստան այս այցիս նորեն Օշական գացի, խոնարհվեցի Մաշտոցի շիրիմին, երդվեցի շարունակել հավատարիմ ծառայությունըՙ Սուրբ Մեսրոպին, հայ գիրին ու մշակույթին»:
Հալեպում ծնված, եվրոպական կրթություն ստացած (սովորել է նաեւ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ֆրանսահայ առաջին ուսանողն է եղել ԵՊՀ-ում), Պորտուգալիայում բնակություն հաստատած, մշտապես օտար միջավայրում լինելով, սակայն, որեւէ ժամանակ դույզն-ինչ չեն սասանվել հայկականության իր արմատները, ավելինՙ գիտակցական ողջ կյանքը գործել է ի նպաստ հայապահպանմանը Սփյուռքում, Հայաստանումՙ հայ գիտական, մշակութային կյանքի զարգացմանը: Մենք անդրադարձել ենք բազմիցս Զավեն Եկավյանիՙ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության Հայկական բաժանմունքի տնօրենության երեք տասնամյակների հայրենանվեր գործունեությանը, իր սկզբունքային ու նախանձախնդիր վերաբերմունքին:
Ի վերջո, այս կյանքը որ մենք ապրում ենք, տվածի ու ստացածի հանրագումար է, փոխկապակցված պատճառահետեւանքային շղթա: Հայ մշակույթին, գիտական մտքին Զավեն Եկավյանի տարիների նպաստը բարձր է գնահատվել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Նա Հայաստանի Հանրապետության նախագահի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր է, արժանացել է Մշակույթի, Կրթության եւ գիտության նախարարությունների, Երեւանի պետհամալսարանի Ոսկե մեդալներին, Արամ Ա կաթողիկոսը շնորհել է Կիլիկիայի իշխանի կոչում, Հռոմի Պողոս 2-րդ պապը պարգեւատրել է համազգեստով եւ գրանցված զենքով, իսկ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակըՙ «Պատվո լեգեոն ասպետի» շքանշանով: Երեւանի պետհամալսարանի պատվավոր դոկտորի կոչման արժանացել էր տարիներ առաջ:
Եվ ահա երեկ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիսավորությամբ նրան շնորհեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը հանդիսականներին ներկայացրեց Զավեն Եկավյանի կենսագրության եւ գործունեության մի քանի կարեւոր դրվագներ: «Ապրելով Հայաստանից հեռու օտար ափերումՙ նա հոգով միշտ կապված է եղել մեզ հետ, մեր ժողովրդի հետ: Նա տեղյակ է Հանրապետությունում կատարվող ամեն մի իրականության, խորապես ապրում է դա:
... Եկավյանի համար, իրոք, առաջնային նշանակություն է ունեցել գրահրատարակչական աշխատանքները: Կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր նշանավոր հանդեսները իրենց գոյությունը պահպանում են Գյուլբենկյան հիմնադրամի օգնությամբ:
Բավական է հիշատակել, որ միայն Հայաստանի գրահրատարակչական ու մշակույթի ոլորտին իր պաշտոնավարության տարիներին հատկացվել է 35 մլն դոլար, իսկ Սփյուռքինՙ շուրջ 75 մլն»:
Տարիների մտավորական գործունեությունը նա իրականացրել է սկզբունքներին հավատարիմ, իր մարդկային նկարագրին անդավաճան. «Խորապես հուզված եմ ասված սրտաբուխ խոսքերից: Վերադարձնում եմ այն, ինչ տվել է ինձ հայ ժողովուրդը, հայ մշակույթը, հայ լեզուն: Եթե չլիներ Երեւանի պետական համալսարանը, որտեղ ես սովորեցի եւ այն մարդիկ, այն ուսուցիչները, որոնք իրենք ծանր պայմաններում ուսում առած էին եւ մեզ դաստիարակեցին, չէր լինի այս շարունակությունը: Պիտի ապրել իդեալով եւ սկզբունքով, ես հպարտ եմ իմ ազգով, իմ կրոնով, իմ մշակույթով»:
Մինչ այդ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի եւ բակալավրիատի վերջին կուրսի ուսանողների հետ Զավեն Եկավյանի հանդիպումը հայագիտության պատմության եւ ընթացքի շուրջը հետաքրքրական ու բովանդակալից է եղել: Բանախոսը անդրադարձել է եվրոպական եւ ամերիկյան հայագիտության ներկա վիճակին, ներկայացրել աշխարհի տարբեր երկրների համալսարաններում գործող հայագիտական ամբիոնների ու կենտրոնների գործունեությունը, նշել, որ այսօր այն ավելի քաղաքական բնույթ է կրումՙ Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերություններով պայմանավորված: Եվրոպական մի շարք երկրներում հայագիտական ամբիոններ բացվում են նաեւ որոշակի նպատակների հետամուտ, սեփական շահերից ենելով: Հետաքրքրական էր դիտարկումըՙ Հայաստանում տարածված այն կարծիքի, թե օտար հայագետները հայասեր են, ինչը որոշ դեպքերում իրականությանը չի համապատասխանում: «Հայագետ լինելը դեռեւս հայասեր լինել չի նշանակում»« ասաց նա: Գուցե թե զարմանալի չէր բանախոսի այն նկատառումը, թե վերջին շրջանում Հայաստանից եվրոպական երկրներ մեկնած հայությանը չի հետաքրքրում ոչ հայագիտության, ոչ էլ հայերեն լեզվի խնդիրները: Մինչդեռ մի շարք հայագիտական ամբիոնների վարիչների թափուր տեղեր կան: Այսով վերադառնում ենք մեր հոդվածի սկզբինՙ հայության ու հայկական մթնոլորտի ներկայիս վիճակների ու բարոյականության անմխիթար ակնարկին...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ